Ցանցաթևավորները կազմում են միջատների առանձին կարգ: Միջին չափի կամ մեծ միջատներ են: Հասուններն ունեն կրծող բերանային ապարատ, 2 զույգ թաղանթակերպ թևեր՝ ցանցաձև ջղավորված (այստեղից՝ անվանումը): Թրթուրներին բնորոշ են 3 զույգ կրծքային ոտքերը և երկար ու սուր մանգաղաձև ծամիչները (վերին ծնոտներ): Գրեթե բոլորը զարգանում են ցամաքում՝ լրիվ կերպարանափոխությամբ: Գիշատիչ են. ոչնչացնում են բուսակեր միջատներին ու տզերին: Հայտնի է մոտ 5 հզ., ՀՀ-ում՝ 30 տեսակ: Հանդիպում են հիմնականում Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերում: Առավել տարածվածներից են սովորական ոսկեաչիկը և մրջնառյուծը: Սովորական ոսկեաչիկը միջին մեծության է, թևերի բացվածքը՝ 25–30 մմ, ունի 2 զույգ երկնագույն-կանաչավուն թևեր և ոսկեգույն աչքեր: Արագորեն ոչնչացնում է լվիճներին, տերևալվիկներին, տզերին. կարող է օգտագործվել վնասատուների դեմ կենսաբանական պայքար կազմակերպելու համար: Սովորական մրջնառյուծն աչքի է ընկնում խոշոր մարմնով, նման է ճպուռի, բայց ունի երկար բեղիկներ: Նրանց թրթուրները չոր ավազի մեջ փորում են ձագարաձև փոսեր, թաղվում ձագարի հատակին և որսում այնտեղ ընկնող միջատներին: Ասկալաֆները և նեմոպտերները նման են թիթեռների և ՀՀ-ում առավել գեղեցիկ թռչող միջատներից են:
|