Ցեցերը ցածրակարգ թիթեռների ընտանիքի ընդհանուր անվանումն է: Հայտնի է ավելի քան 15 հզ. տեսակ: Առավել տարածված է իսկական ցեցերի ընտանիքը՝ մոտ 50 հզ., ՀՀ-ում՝ 30 տեսակներով: Սրանք փոքր կամ միջին չափի (4–25 մմ) թիթեռներ են՝ նուրբ ծոպավոր թևերով: Թևերի բացվածքը 6–60 մմ է: Գլուխը ծածկված է երկար մազիկներով: Առջևի թևերը երկար ու նեղ են, հետիններն ունեն մազիկներից կազմված լայն ծոպեր: Թրթուրներն սպիտակադեղնավուն են, ապրում են մետաքսահյուս խողովակներում կամ պատյաններում՝ բուսական և կենդանական մնացորդների, սնկերի, քարաքոսերի վրա, շատերը վնասում են պահպանվող մթերքները (հացահատիկի, հացի ցեցեր), փչացնում են բուրդը, մորթին, փետուրները (հագուստի, մուշտակի ցեցեր): Կնգումացեցերի ընտանիքը տեսակներով հարուստ չէ, սակայն տարածված է ամենուրեք: Թրթուրներն ապրում են ոստայնակերպ բներում կամ ականում են տերևները, վնասում բողբոջները և այլն: Գյուղատնտեսական մշակաբույսերին մեծ վնաս են պատճառում խնձորենու ցեցը, պտղացեցը և այլն: Գոգաթեվ ցեցերի ընտանիքը հարուստ է տեսակներով (1500)՝ տարածված ամենուրեք: Բնորոշ է թիթեռի հետին թևերի գագաթի տակ գտնվող խորը կտրվածքը: Թրթուրները թաքնված կյանք են վարում ընձյուղներում, բողբոջներում, տերևային ականներում կամ ոլորված տերևներում: ՀՀ-ում մեծ վնաս են պատճառում հացահատիկային ցեցը, ռեկուրվարիան, շերտավոր պտղացեցը և այլն: Մանգաղաթեվ ցեցերը մանր թիթեռներ են՝ նեղ, երկար թևերով, որոնք հանգստի վիճակում ծածկում են մարմինը վերևից և կողքերից: Առջևի թևերն ունեն մանգաղաձև գագաթ (այստեղից՝ անվանումը): Թրթուրներն ապրում են ոստայնով պատված տերևներում, սերմերում, երբեմն ականում են տերևները: Առավել տարածված են դեղձենու և կաղամբի ցեցերը: Ականող ցեցերի խումբը միավորում է մի շարք ընտանիքների: Ընդգրկում է թիթեռների կարգի ամենափոքր տեսակները, որոնք ունեն նեղ նշտարաձև թևեր: Թրթուրները հաճախ ոտքեր չունեն, ականում են տերևները կամ ապրում տերևների միջև հյուսած ոստայնի մեջ: Յուրաքանչյուր տեսակ ունի իրեն բնորոշ ական: Առավել տարածված են խնձորենու ականացեցը, ալոճենու կլորավուն ցեցը և այլն: Մատնաթեվ ցեցերի առաջին զույգ թևերը շատ կամ քիչ խորը ճեղքով բաժանված են 2 բլթակի, հետին զույգ թևերը՝ 3 մատնաձև բլթակների: Հանգստի վիճակում թևերը հորիզոնադիր փռված են և մարմնի հետ ուղիղ անկյուն են կազմում: Բազմաքանակ ընտանիք է: ՀՀ-ում առավել տարածված է վարդենու հովհարաթևը:
|