Ֆարադեյը ծնվել է դարբնի ընտանիքում, սովորել տարրական դպրոցում, այնուհետև զբաղվել է ինքնակրթությամբ: 1813թ-ին նա դարձել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Ժ. Դևիի ասիստենտը Լոնդոնի թագավորական ինստիտուտում, 1825թ-ից եղել է նույն ինստիտուտի լաբորատորիայի տնօրեն, 1833–62 թթ-ին՝ քիմիայի ամբիոնի պրոֆեսոր: 1824թ-ին Ֆարադեյն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության, 1830թ-ին՝ Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի անդամ: 1821 թ-ին Ֆարադեյը հայտնաբերել է մագնիսի պտույտը հոսանքակիր հաղորդչի շուրջը և հակառակը՝ հոսանքակիր հաղորդչի պտույտը մագնիսի շուրջը: Այս երևույթը հետագայում դարձավ էլեկտրատեխնիկայի հիմքը: 1831 թ-ին նա հայտնագործել է էլեկտրամագնիսական ինդուկցիան, արտածել է նրա օրենքները, բացահայտել ինքնինդուկցիայի երևույթը, հայտնագործել շղթայի միացման և անջատման ժամանակ առաջացող ուժեղ հոսանքները և պարզել դրանց ուղղությունը: Հայտնագործել է էլեկտրոլիզի 3 օրենքները (Ֆարադեյի օրենքներ): Ներմուծել է շարժունակություն, կաթոդ, անոդ, իոններ, էլեկտրոլիզ, էլեկտրոլիտներ, էլեկտրոդներ հասկացությունները, ստեղծել է վոլտմետրը: Նա ներմուծել է նաև ուժագծերի մասին պատկերացումը՝ ընդունելով դրանց ֆիզիկական գոյությունը: Ֆարադեյն արտահայտել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների` վերջավոր արագությամբ տարածման գաղափարը: 1845 թ-ին հետազոտելով տարբեր նյութերի մագնիսական հատկությունները՝ հայտնագործել է պարամագնիսականության և դիամագնիսականության երևույթները: Նույն թվականին հայտնաբերել է մագնիսական դաշտում լույսի բևեռացման հարթության պտույտի երևույթը (Ֆարադեյի երևույթ): Ֆիզիկայում հայտնի են նաև Ֆարադեյի գլան, Ֆարադեյի թիվ (Ֆարադեյի հաստատուն), ֆարադացում (էլեկտրաբուժում) հասկացությունները, ֆարադաչափ սարքը (էլեկտրաունակություն չափելու համար): Միավորների միջազգային համակարգում 1 Ֆարադը կոնդեսատորի այն ունակությունն է, որի դեպքում 1 Կ լիցքը կոնդենսատորների շրջադիրների վրա ստեղծում է 1 Վ պոտենցիալների տարբերություն: 1 Ֆ=1Կ/Վ Գործնականում հաճախ օգտագործում են միկրոֆարադ (1 մկՖ = 10 -6 Ֆ) և պիկոֆարադ (1 պկՖ = 10-12 Ֆ) միավորները:
|