Հույն քանդակագործ և ճարտարապետ Ֆիդիասը բարձր դասական արվեստի խոշորագույն վարպետներից է, Հին աշխարհի ամենախոշոր արվեստագետը:
Ֆիդիասի մանկությունն ու պատանեկությունը համընկել են հույն-պարսկական պատերազմների տարիներին: Ըստ Պլուտարքոսի՝ Աթենքում Ակրոպոլիսի վերականգնման ժամանակ Ֆիդիասը եղել է Աթենական պետության ղեկավարի՝ Պերիկլեսի խորհրդականն ու օգնականը: Ֆիդիասի ստեղծագործությունները հայտնի են անտիկ հեղինակների նկարագրություններից ու պատճենահանված օրինակներից: Հանրահայտ են նրա կերտած Աթենաս Պրոմաքոսի բրոնզե հսկա արձանը (մ. թ. ա. մոտ 460 թ.)՝ տեղադրված Աթենքի Ակրոպոլիսում` ի հիշատակ պարսիկների դեմ հաղթանակի, քրիզոէլեֆանտային քանդակագործության եղանակով (ոսկու և փղոսկրի համադրություն) ստեղծած Զևսի (կանգնեցվել է Օլիմպիայում՝ Զևսի տաճարում. աշխարհի 7 հրաշալիքներից է) և Պարթենոնի տաճարի Աթենաս Պարթենոսի (մ. թ. ա. 438 թ.) մեծածավալ մարմարե արձանները: Լավագույն գործերից են նաև «Վիրավոր ամազոնուհին» (Կապիտոլիումի թանգարան, Հռոմ), «Լեմնոսյան Աթենասը» (պատճենը Դրեզդենում է), որը կերտել է մ. թ. ա. 450–440 թթ-ին՝ Լեմնոս կղզում բնակվող աթենացիների համար: Ճարտարապետության և քանդակագործության համադրության կատարյալ օրինակներից է Պարթենոնի տաճարը [մ. թ. ա. 438–432 թթ., մարմարակերտ նմուշները` Բրիտանական թանգարանում (Լոնդոն), Լուվրում (Փարիզ), Ակրոպոլիսի թանգարանում (Աթենք)], որն ավերվել է 1687 թ-ին (վերականգնվել է մասնակիորեն): Ֆիդիասի ստեղծագործությունը համաշխարհային արվեստի բարձրագույն նվաճումներից է, նրա ստեղծած կերպարներում համադրված են կենսականությունը, դասական ներդաշնակությունն ու գեղեցկությունը: Ֆիդիասի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
|