Четверг, 26.06.2025, 05:20Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Сентябрь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Сентябрь » 12 » Ֆիլատելիա
19:53
Ֆիլատելիա
Ֆիլատելիան դրամի փոխարեն փոստային վճարումների համար 
նախատեսված դրոշմաթղթերի (նամականիշ, ծրար, բացիկ), օրացուցային, հատուկ փոստային մարումների և փոստային այլ նյութերի, ինչպես նաև պարտադիր տուրքերի ոչ փոստային ու վարկային վճարաթղթերի
 հավաքումն է, մշակումը և հետազոտումը: 

«Ֆիլատելիա» եզրույթն առաջինն օգտագործել է ֆրանսիացի հավաքորդ Ժորժ Էրպենը 1864 թ-ին՝ «Փոստային նամականիշների հավաքորդ» ամսագրում՝ «փոստային նամականիշամոլություն» հասկացության փոխարեն` արտահայտելու համար նաև դրանք ուսումնասիրելու հավաքորդների մղումը: 
Կարծիք կա, որ ֆիլատելիայով զբաղվել են դեռևս Եգիպտոսում, մ. թ. 2575 տարի առաջ. Ջոսեր փարավոնի դամբարանում հայտնաբերվել է եգիպտական փոստային կրծքանշանների հավաքածու՝ 186 միավոր, որոնց վրա նշված են նամակների առաքման վայրերը:
Աշխարհում առաջին պետական փոստային նամականիշը («Սև պեննի») շրջանառության մեջ է դրվել Անգլիայում, 1840 թ-ի մայիսի 6-ին. հեղինակը Ռոուլենդ Հիլն է: Փոստային նամականիշի հայտնագործությունը փոստի պատմության մեջ շոգեմեքենայի գյուտին համարժեք երևույթ էր: Առաջին ֆիլատելիստը փարիզեցի փորագրիչ Մանսենն է, որն իր հավաքածուն 1855 թ-ին վաճառել է բուկինիստ Էդուարդ Լապլանտին: Իսկ 1880-ական թվականներից երևան են եկել հավաքորդ-մասնագետներ, որոնք հավաքել են նաև թեմատիկ (ըստ առանձին ոլորտների) հավաքածուներ:
 XIX դարի վերջից նամականիշներ հավաքելը դարձել է մարդկանց սիրելի զբաղմունքներից: Որոշ երկրների կառավարություններ ունեցել են փոստային նամականիշների հարուստ հավաքածուներ, որոնք ցուցադրվել են ազգային փոստի թանգարաններում` Բրիտանական, Բեռլինի կայսերական, Ստոկհոլմի, Փարիզի, Բեռնի և այլն: Ստեղծվել են նաև խոշոր անհատական հավաքածուներ:
Կազմակերպված ֆիլատելիան զարգացել է 1860-ական թվականներից: Առաջին ֆիլատելիստական ընկերությունն ստեղծվել է ԱՄՆ-ում, 1868 թ-ին, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում՝ 1869 թ-ին, Ֆրանսիայում՝ 1874 թ-ին: XIX դարի վերջին աշխարհում հաշվվում էին 400-ից ավելի ֆիլատելիստական ընկերություններ, մեծ մասը՝ Գերմանիայում և ԱՄՆ-ում: Ֆիլատելիստական միջազգային առաջին ցուցահանդեսը բացվել է 1873 թ-ին, Վիեննայում: 
1874 թ-ին պետությունների միջև միատեսակ կապեր հաստատելու համար Բեռնում (Շվեյցարիա) հիմնադրվել է Համաշխարհային փոստային միությունը (ՀՓՄ), որը 1947 թ-ին ստացել է ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկի կարգավիճակ:
1926 թ-ին հիմնվել է Ֆիլատելիստների միջազգային միությունը (ՖՄՄ), որը 1929 թ-ից կազմակերպում է ամենամյա միջազգային ցուցահանդեսներ: Առաջին համաշխարհային ցուցահանդեսը բացվել է 1962 թ-ին, Պրահայում: 2004 թ-ին Սինգապուրում տեղի է ունեցել ֆիլատելիայի պատմության մեջ առաջին՝ Նամականիշների համաշխարհային առաջնությունը: Հրատարակվում են բազմաթիվ ֆիլատելիստական հանդեսներ (առաջինը՝ 1862 թ-ին, Լիվերպուլում), կատալոգներ, ֆիլատելիստական գրականություն:
XX դարի 2-րդ կեսից ֆիլատելիայի զարգացմանը նպաստել են նամակագրության աճը, հիշարժան իրադարձություններին, պատմությանը, արվեստին, կենդանական ու բուսական աշխարհներին, սպորտին և այլ բնագավառների նվիրված գունավոր նամականիշների մեծաքանակ թողարկումները բազմաթիվ երկրներում, հավաքածու-նամականիշների ազատ վաճառքը, կատալոգների, հանդեսների հրատարակումը, ցուցահանդեսների կազմակերպումը և այլն:
ԽՍՀՄ-ում 1922–37 թթ-ին գործել է «Ֆիլանում» (ֆիլատելիա և նումիզմատիկա՝ դրամագիտություն, բառերի հապավումը) ընկերությունը: 1961 թ-ին ստեղծվել Հայաստանի ֆիլատելիստների միությունը (ՀՖՄ): Հայ ֆիլատելիստները մասնակցել են համաշխարհային մի շարք ցուցահանդեսների, արժանացել ոսկե մեդալների: ՀՖՄ-ն 1993 թ-ից՝ ՖՄՄ-ի, իսկ 1996 թ-ից Եվրոպական մայրցամաքային ֆիլատելիստական կազմակերպության անդամ է:
1992 թ-ին Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՀՓՄ-ի անդամ, և շրջանառության մեջ են դրվել անկախ Հայաստանի առաջին նամականիշները: 1994–98 թթ-ին լույս է տեսել «Հայաստանի ֆիլատելիստ» երկամսյա հանդեսը: 1992 թ-ից ՀՀ կապի նախարարությանն առընթեր գործել է «Նամականիշ» ընկերությունը, որի մենաշնորհն էր ՀՀ-ում նամականիշների, փոստային ծրարների, բացիկների, հատուկ փոստային կնիքների թողարկումն ու մի շարք երկրներում իրացումը: 2006 թ-ից այդ մենաշնորհն անցել է «Հայփոստ» ընկերությանը, որը համագործակցում է մի շարք միջազգային մասնագիտացված ընկերակցությունների և փոստային օպերատորների հետ՝ թողարկվող նամականիշների որակը բարձրացնելու և նամականիշներից ստացված հասույթը մեծացնելու նպատակով:
Просмотров: 367 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: