Ֆինլանդիան պետություն է Հյուսիսային Եվրոպայում: Ափերը ողողվում են Բալթիկ ծովի ջրերով: Երկիրը Ֆինլանդիա են անվանել շվեդները, որոնք երկար դարեր տիրում էին նրան: Ֆիններն իրենց երկիրն անվանում են Սուոմի, որ նշանակում է Ճահիճների ու լճերի երկիր: Իրոք, նրա տարածքի 1/3-ը ճահճապատ է, իսկ լճերի թիվը շուրջ 6 հզ. է (տարածքի 10 %-ը): Կան շատ փոքր լճեր, կան և այնպիսիները, որոնց կենտրոնից ափերը չեն երևում: Լճերն իրար միացնող գետերի վրա կառուցված են ջրէկներ: Ձնհալից հետո լճերով ու գետերով անտառանյութ են լաստառաքում: Ֆինլանդիայի ծովափը խիստ կտրտված է փոքրիկ կըղզյակներով հարուստ ծովախորշերով: Երկրի տարածքի 70 %-ը ծածկված է սոճու և եղևնու անտառներով: Աճում է նաև կեչի: Անտառներում կան աղվես, նապաստակ, սկյուռ, կնգում, հանդիպում են արջ, գայլ, լուսան: Գետերը, լճերը, ծովափնյա ջրերը հարուստ են ձկներով: Բնական լանդշաֆտները պահպանելու նպատակով ստեղծվել են արգելոցներ, ազգային պարկեր: Երկրի ընդերքից արդյունահանում են երկաթի ու պղնձի հանքաքար: Հարուստ է բնական շինանյութերով՝ գրանիտով, կավով, ավազով և, իհարկե, անտառանյութով: XII–XIV դարերում Ֆինլանդիան գտնվում էր Շվեդիայի տիրապետության տակ: 1808–09 թթ-ին ռուս-շվեդական պատերազմից հետո Ֆինլանդիան միացվեց Ռուսաստանին, որի կազմում ուներ ինքնավարության որոշակի իրավունքներ: 1917 թ-ից Ֆինլանդիան անկախ պետություն է: Բնակչության ավելի քան 93 %-ը ֆիններ (ինքնանվանումը՝ սուոմալայսետ) են, 6 %-ը՝ շվեդներ: Խոշոր քաղաք-նավահանգիստներ են Հելսինկին, Տուրկուն, Կոտկան: Մայրաքաղաք Հելսինկիում հաճախ են տեղի ունենում միջազգային կարևոր հանդիպումներ, կոնֆերանսներ, առավել հայտնի է Մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան միջազգային միությունը, որի քարտուղարությունը գտնվում է Վիեննայում: Ֆինլանդիան զարգացած երկիր է, բնակչության կենսամակարդակի ցուցանիշով մտնում է աշխարհի պետությունների առաջին տասնյակի մեջ: Անտառը Ֆինլանդիայի գլխավոր հարստությունն է: Երկրում արտադրվում է գրեթե այն ամենը, ինչ կարելի է պատրաստել փայտից՝ կահույք, արհեստական մետաքս, թաղանթանյութ, ստվարաթուղթ, թուղթ (ֆիննական թուղթն իր բարձր որակով հայտնի է ամբողջ աշխարհում): Ֆինլանդիայում զարգացած են նաև մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, նավաշինությունը: Տնտեսության արդեն ձևավորված (ավանդական) ճյուղերին զուգահեռ ստեղծվել են նորերը՝ մալուխի, մեքենաների, սարքավորումների, էլեկտրատեխնիկական սարքերի, ծովային նավերի: Էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային արտադրությունները խիստ համակենտրոնացած են: Խոշոր արդյունաբերական ընկերությունը «Նոկիան» է: Մշակում են գարի, աշորա, ցորեն և, նույնիսկ, շաքարի ճակնդեղ: Սակայն գյուղատնտեսության գլխավոր ճյուղը կաթնատու անասնաբուծությունն է: Բլրալանջերը, ճահիճները, լճափերը լավ արոտավայրեր են: Ֆինների համար դահուկները ոչ միայն սպորտի, այլև հաղորդակցության տարածված միջոց են: Այդ երկրում հաճախ են անցկացվում հոկեյի (մականախաղ), դահուկավազքի, չմշկավազքի միջազգային մրցումներ: Ֆիններեն առաջին տպագիր գիրքը տպագրվել է XVI դարում, Այբբենարանը՝ 1542 թ-ին, Նոր կտակարանը՝ 1548 թ-ին, ողջ աշխարհում հայտնի «Կալեվալա» ազգային էպոսը՝ 1835 թ-ին: Դեռ 1686 թ-ին Ֆինլանդիայում ընդունվել է օրենք, որով պարտավորեցվել է 7 տարեկանից կարդալ սովորելը: Հանրահայտ են գրողներ Միքայել Ագրիկոլան, Էլիաս Լենրոտը, Ֆրանս Էմիլ Սիլլապյաան, կոմպոզիտոր Յան Սիբելիուսը, կենսաքիմիկոս Արթուրի Վիրտանեն, պետական-քաղաքական գործիչներ Ուրհո Կեկկոնեն, Մաարտի Ահտիսաարին, վազորդ Պավո Նարմին և ուրիշներ: Ֆինլանդիայում հայերի թիվը չի անցնում մի քանի հարյուրից: Նրանք բնակվում են մայրաքաղաքում, Տուրկու և Տամպերե քաղաքներում:
|