Четверг, 26.06.2025, 05:05Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Сентябрь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Сентябрь » 12 » Ֆուտբոլ և Ռեգբի
19:58
Ֆուտբոլ և Ռեգբի
Ֆուտբոլը թիմային մարզական խաղ է գնդակով, որը խաղացողները, ոտքերի կամ մարմնի ցանկացած մասի (բացի ձեռքերից) հարվածներով տեղաշարժելով դաշտում, ձգտում են խփել հակառակորդի դարպասը: Գոյություն ունի ֆուտբոլի մի քանի տեսակ: Բացի սովորական՝ եվրոպական ֆուտբոլից, մյուս բոլոր տարատեսակներում (ռեգբի, ամերիկյան ֆուտբոլ) խաղացողներին թույլատրվում է գնդակը վերցնել նաև ձեռքերով:
Ներկայումս ողջ աշխարհում ֆուտբոլ է խաղում ավելի քան 240 մլն մարդ (երկրագնդի մոտավորապես յուրաքանչյուր 25-րդ բնակիչը), գործում են 1,5 մլն թիմեր և 300 հզ. ակումբներ: 
Ֆուտբոլի տարատեսակներ եղել են Հին աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Հին Հունաստանում, Հին Հռոմում, Ճապոնիայում, Չինաստանում և այլուր:
Միջնադարյան Եվրոպայի երկրներում նույնպես խաղացել են ֆուտբոլ հիշեցնող խաղեր: Ժամանակակից ֆուտբոլը ծնունդ է առել XIX դարում` Հարավային Անգլիայի արտոնյալ մասնավոր դպրոցներում: Ֆուտբոլ բառն առաջացել է անգլերեն «ֆուտ»՝ ոտնաթաթ, և «բոլ»՝ գնդակ, բառերից:
Ֆուտբոլ խաղում են յուրաքանչյուրում 11-ական մարզիկ (այդ թվում՝ դարպասապահը) ունեցող 2 թիմեր: Խաղի տևողությունը 90 րոպե է (45 րոպեանոց 2 խաղակես՝ 15 րոպե ընդմիջումով): Գնդակը ձեռքերով վերցնել թույլատրվում է միայն դարպասապահին, ընդ որում՝ միայն տուգանային հրապարակում՝ իր դարպասի մոտ:
Խաղացողները դաշտում տեղաշարժվում են գնդակով, որը կարելի է վարել ոտքերով (դրիբլինգ) կամ փոխանցել խաղընկերոջը: Խաղը վարում է մրցավարը: Լուրջ խախտումների դեպքում նա զգուշացնում է խաղացողին՝ ցույց է տալիս դեղին քարտ, իսկ շատ կոպիտ խախտումների դեպքում հեռացնում է դաշտից՝ ցույց տալով կարմիր քարտ: Եթե խաղացողը հաջորդաբար ստանում է 2 դեղին քարտ, նույնպես հեռացվում է դաշտից:
Դարպասի մոտ գտնվող տարածքում՝ տուգանային հրապարակում, կանոնները խախտելու դեպքում թիմը պատժվում է 11-մետրանոց տուգանային հարվածով:
Խաղը տեղի է ունենում 100–110 մ երկարության և 64–75 մ լայնության խոտածածկ կամ արհեստական ծածկույթով ուղղանկյուն դաշտում: Դիմային զույգ սահմանագծերի կենտրոնում տեղադրվում են 7,32 մ լայնություն և 2,44 մ բարձրություն ունեցող դարպասները: Ֆուտբոլի գնդակն ունի 68–70 մմ տրամագիծ և 410–450 գ զանգված:

Ֆուտբոլային մրցումներ
Պրոֆեսիոնալ ֆուտբոլի գլխավոր միջազգային մրցաշարը 4 տարին մեկ անցկացվող աշխարհի առաջնությունն է: Ավելի քան 204 երկրներ մասնակցում են աշխարհի առաջնության ընտրական խաղերին: Հաղթած լավագույն 32 թիմերը դուրս են գալիս եզրափակիչ, որի խաղերն անցկացվում են նախօրոք որոշված երկրում: Սկզբում աշխարհի առաջնություններում գերակշռում էին եվրոպական և հարավամերիկյան թիմերը, սակայն գնալով ավելի ու ավելի է մեծանում Աֆրիկայի և Ասիայի երկրների թիմերի մասնակցությունը, ինչը վկայում է նրանց խաղի մակարդակի բարձրացումը:
Ֆուտբոլային առաջին ակումբը՝ «Շեֆիլդ Յունայթեդը», հիմնվել է 1855 թ-ին Անգլիայում, ազգային առաջին միությունը՝ 1863 թ-ին՝ նույնպես Անգլիայում, որտեղ մշակվել են ժամանակակից խաղի կանոնները: 1863 թ. համարվում է ժամանակակից ֆոտբոլի պաշտոնական ծննդյան տարին: 1904 թ-ին հիմնադրվել է Ֆուտբոլային միությունների միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, իսկ 1954 թ-ին՝ Ֆուտբոլային միությունների եվրոպական ֆեդերացիան՝ ՈՒԵՖԱ-ն:
Ֆուտբոլն Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է 1900թ-ին: Ֆուտբոլի առաջին միջազգային հանդիպումները տեղի են ունեցել 1902 թ-ին (Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ):
Ֆուտբոլի տղամարդկանց աշխարհի անդրանիկ առաջնությունն անցկացվել է 1930թ-ին Ուրուգվայում, որտեղ չեմպիոն դարձան տանտերերը: 1991 թ-ին Չինաստանում կայացավ ֆուտբոլի կանանց աշխարհի անդրանիկ առաջնությունը, որտեղ հաղթեց ԱՄՆ-ի հավաքականը:
1960 թ-ից անցկացվում է Եվրոպայի առաջնություն՝ մայրցամաքի երկրների հավաքականների միջև: 1955 թ-ից անցկացվում են Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թ-ից՝ գավաթակիրների գավաթի, 1971 թ-ից՝ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություններ: 1973 թ-ից անցկացվում են նաև սուպերգավաթի (եվրոպական երկրների չեմպիոն թիմերի և գավաթակիրների մրցաշարի նույն տարվա հաղթողների միջև), իսկ 1960 թ-ից՝ մայրցամաքային գավաթի (սուպերգավաթի հաղթողի և Հարավային Ամերիկայի չեմպիոնների գավաթակրի միջև) առաջնություններ:
1991 թ-ից սկսած՝ ազգային հավաքականների մարզիչների հարցումների հիման վրա ՖԻՖԱ-ն  հայտարարում է տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը:
Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային երկրներն են Բրազիլիան (աշխարհի հնգակի չեմպիոն), Իտալիան (քառակի), Գերմանիան (եռակի), Արգենտինան (կրկնակի), Ուրուգվայը (կրկնակի), Անգլիան (մեկ), Ֆրանսիան (մեկ):
Ֆուտբոլի պատմության մեջ շատ են եղել տաղանդավոր, համաշխարհային հռչակ վայելող ֆուտբոլիստներ. Մեթյուզ (Անգլիա), Պլատինի, Զիդան (Ֆրանսիա), Բեկենբաուեր (Գերմանիա), Պելե, Դիդի, Գարինչա, Ռոնալդո (Բրազիլիա), Մարադոնա (Արգենտինա), Էյսեբիո (Պորտուգալիա), Յաշին (Ռուսաստան) և այլք:
Յուրաքանչյուր երկրում անցկացվում է ֆուտբոլի ազգային առաջնություն, որին մասնակցում են այդ երկրի առաջատար թիմերը, այսինքն՝ բարձրագույն լիգայի ակումբները: 
Հայկական ֆուտբոլային առաջին թիմերն ստեղծվել են 1904 թ-ին Կոստանդնուպոլսում և Զմյուռնիայում, իսկ Հայաստանում ֆուտբոլը տարածվել է 1920-ական թվականներին: Իրենց թիմերն են ունեցել Ալեքսանդրապոլը (Գյումրի), Էջմիածինը (Վաղարշապատ), Երևանը: 1920 թ-ին Երևանի Անգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլային առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև: 1939 թ-ից Երևանի «Դինամո» թիմը (1954–62 թթ-ին՝ «Սպարտակ», 1963 թ-ից՝ «Արարատ») սկսեց մասնակցել ԽՍՀՄ առաջնություններին: Երևանի «Արարատի» հետ Հայաստանը տարբեր տարիների ներկայացրել են նաև Գյումրիի «Շիրակը», Վանաձորի «Լոռին», Կապանի «Լեռնագործը», Երևանի «Նաիրին», «ՖԻՄԱ»-ն, Էջմիածնի, Արմավիրի, Արտաշատի թիմերը: Հայաստանի առաջատար թիմը՝ «Արարատը», դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1973), երկու անգամ փոխչեմպիոն (1971, 1976) և երկու անգամ (1973, 1975) նվաճել է ԽՍՀՄ գավաթը: 
Հայ հանրահայտ ֆուտբոլիստներից են Ս. Հովիվյանը, Է. Մարգարովը, Լ. Իշտոյանը, Հ. Զանազանյանը, Ա. Անդրեասյանը, Ն. Ղազարյանը, Խ. Հովհաննիսյանը և ուրիշներ, լավագույն մարզիչներից՝ Ն. Սիմոնյանը, Ա. Ֆալյանը և ուրիշներ:
1991 թ-ին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ, իսկ 1992 թ-ից անցկացվում են երկրի առաջնություններ և գավաթի խաղարկություններ: Հայաստանի լավագույն թիմերը («Արարատ», «Փյունիկ», «Շիրակ», «Երևան», «Կոտայք», «Բանանց», «Միկա») մասնակցում են եվրոպական գավաթների խաղարկություններին, իսկ ազգային հավաքականը՝ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական խաղերին: 

Ռեգբի
Այս խաղն իր անունն ստացել է անգլիական Ռեգբի քաղաքի անվանումից, որտեղ 1823 թ-ին կազմակերպվել է ժամանակակից ռեգբիի առաջին մրցումը: Ռեգբին ձվաձև գնդակով թիմային մարզախաղ է՝ H-աձև դարպասներով, 100x70 մ չափերով հատուկ խոտածածկ խաղահրապարակում: Խաղի նպատակն է գնդակը ձեռքով միմյանց փոխանցելով (միայն դեպի հետ) կամ ոտքով հարվածելով (ցանկացած ուղղությամբ) հասցնել հակառակորդի հաշվարկային դաշտ՝ դարպասային գծից այն կողմ, և այն հպել գետնին կամ ոտքի հարվածով անցկացնել H-աձև դարպասի հորիզոնական դարպասաձողի վրայով: Առավել տարածված է Ռեգբիի միության (սիրողական ռեգբի խաղացողների միություն) կանոններով խաղը (յուրաքանչյուր թիմում խաղում է 15 մարզիկ), որը խաղում են Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում: 
Ռեգբիի միության կանոններով խաղացող երկու թիմերի հարձակվողները պայքարում են գնդակի համար, որն այնուհետև փոխանցում են կա'մ «պայքարող», կա'մ «թափառող» կիսապաշտպաններին: Այդ երկուսը զարգացնում են գրոհը և որոշում խաղի հետագա ընթացքը. կա՜մ գնդակը վայր դնել հակառակորդի հաշվարկային դաշտում` դարպասային գծից այն կողմ (ներսբերում), կա՜մ գետնից հետ թռչող գնդակը ոտքով հարվածել դարպասին (դրոփ գոլ), կա՜մ գնդակը փոխանցել «երեք քառորդային» պաշտպաններին, որոնք կավարտեն գրոհը: Յուրաքանչյուր տարբերակի համար տրվում են որոշակի միավորներ: Հաղթում է ավելի շատ միավոր հավաքած թիմը:
Ռեգբիի լիգայի (պրոֆեսիոնալ ռեգբի խաղացողների միություն) կանոններով խաղը (յուրաքանչյուր թիմում խաղում է 13 մարզիկ) հիմնականում տարածված է Ավստրալիայում և Անգլիայի հյուսիսում, որտեղ առաջացել է այդ խաղը:
Ռեգբիի լիգայի կանոններով թույլատրվում է ուժով խլել գնդակը, բայց 5 անգամից ոչ ավելի: 
Ե՜վ մեկ, և՜ մյուս դեպքում խաղը բաղկացած է 40-րոպեանոց 2  խաղակեսից՝ 10 րոպե ընդմիջումով:

Ամերիկյան ֆուտբոլ
Ամերիկյան ֆուտբոլն ԱՄՆ-ի ազգային մարզաձևերից է: Այն ուժային հնարքներով կոշտ խաղ է, ուստի վնասվածքներ չստանալու համար խաղացողները դնում են պաշտպանական դիմակով սաղավարտներ, իսկ մարզահագուստի տակ կրում են վահանակներ: Խաղադաշտն ունի 91x48,53 մ չափեր: Ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ թիմը կազմված է 45 մարզիկից, սակայն դաշտում միաժամանակ կարող է գտնվել միայն 11 խաղացող: Թեև խաղը բաղկացած է 15 րոպե մաքուր ժամանակով 4 խաղափուլից, բայց բազմաթիվ դադարների պատճառով այն տևում է մոտ 3 ժամ: Գնդակը կարելի է առաջ տանել ձեռքով պահած կամ առաջ մղել ոտքի հարվածներով:
Գնդակի խաղարկումն սկսվում է դաշտի կենտրոնից, որից հետո հարձակվող թիմին թույլատրվում է կատարել միայն մեկ փոխանցում՝ դեպի առաջ: Փոխանցված գնդակն ստացած հարձակվողը ձգտում է գնդակով հատել հակառակորդի դարպասային (դիմային) գիծը, որի համար թիմն ստանում է 6 միավոր: Գրոհը բաղկացած է 4 խաղարկումից, որից յուրաքանչյուրի ժամանակ հարձակվող թիմի խաղացողները պարտավոր են գնդակն առաջ տանել 10 յարդից (9 մետր) ոչ պակաս, հակառակ դեպքում գնդակն անցնում է մրցակից թիմին: Գրոհել կարելի է միայն գնդակով խաղացողի վրա: Թիմակիցներն իրավունք ունեն ճանապարհ բացել գնդակով խաղընկերոջ համար և պաշտպանել նրան հակառակորդի հարձակումներից, որը կոչվում է շրջափակող խաղացողների մարտավարություն:

Ավստրալական ֆուտբոլ
Ավստրալիական ֆուտբոլ խաղում են 18-ական մարզիկ ունեցող թիմերով, ձվաձև դաշտում և ձվաձև գնդակով: Խաղացողներին թույլատրվում է գնդակին հարվածել ձեռքով՝ ափով և բռունցքով, սակայն արգելվում է գնդակը միմյանց նետել: Թույլատրվում է նաև գնդակը ձեռքերով բռնած վազել դաշտում, սակայն յուրաքանչյուր 10 մետրը մեկ` խաղացողը գնդակով ամպայման պետք է հարվածի գետնին: Ավստրալական ֆուտբոլին բնորոշ են ձեռքերով գնդակին հասցվող հեռահար հարվածները և բարձր թռչող գնդակի տպավորիչ որսումները: Դարպասը կազմված է ուղղահայաց կանգնեցված 6 մ բարձրության 4 ձողերից: Եթե գնդակը դարպասից ներս է մտնում երկու ներքին ձողերի միջով, թիմն ստանում է 6 միավոր: Մյուս բոլոր դեպքերում թիմը միավոր չի վաստակում: Խաղը բաղկացած է 25-րոպեանոց 4 խաղափուլից:
Просмотров: 354 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: