Ֆրանսիան պետություն է Արևմտյան Եվրոպայում: Տարածվում է Նորմանդիայի խստաշունչ ափերից մինչև Միջերկրական ծովի տաք, լազուր ափը: Ափերը ողողվում են Հյուսիսային և Միջերկրական ծովերի, Բիսկայան ծոցի, Պա դե Կալե և Լամանշ նեղուցների ջրերով: Բաժանված է 100 դեպարտամենտից կազմված 26 տարածաշրջանից: Բացի մայր երկրի դեպարտամենտներից, նրա կազմի մեջ են մտնում նաև «անդրծովյան դեպարտամենտները» (Գվադելուպա, Ֆրանսիական Գվիանա, Մարտինիկա, Ռեյունիոն), «անդրծովյան տարածքները» (Նոր Կալեդոնիա, Ֆրանսիական Պոլինեզիա) և Կորսիկա կղզին: Մակերևույթը երկրի հյուսիսային և հարավարևմտյան մասերում հարթավայրային է, իսկ հարավում ձգվում են Պիրենեյան, հարավ-արևելքում՝ ձյունապատ Ալպյան լեռները՝ Մոնբլան գագաթով (4807 մ, Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր գագաթն է): Կլիման չափավոր ծովային է, արևելքում՝ ցամաքայինի անցումով, Միջերկրականի ծովափին՝ արևադարձային, միջերկրածովային: Միջին ջերմաստիճանը հունվարին 1–8օC է, հուլիսին՝ 17–24օC: Տարեկան տեղումները 600–1000 մմ են, տեղ-տեղ՝ 2000 մմ և ավելի: Խոշոր գետերն են Սենը, Լուարը, Ռոնը, Գարոնը, որոնք մասամբ նավարկելի են: Երկրի տարածքի 20%-ը զբաղեցնում են անտառները, որոնց խոշոր զանգվածները տարածվում են Աքվիտանիայի հարթավայրի արևմտյան շրջաններում (հիմնականում` սոճու տնկովի անտառներ) և արևելքում՝ Փարիզի ավազանում, Ալպերում ու Պիրենեյներում: Աքվիտանիայի արևելքում կաղնու և շագանակենու անտառներ են ու մերձարևադարձային թփուտային բուսականության տարրեր, հյուսիսում գերակշռում են հաճարենու, բոխու և կաղնու անտառները, հյուսիս-արևմուտքում՝ գիհու մացառուտներն ու մարգագետինները, Միջերկրական ծովի շրջանում՝ թփուտային մացառուտները (գարիգա, մակվիս) և նոսրանտառները: Ստեղծված են Էկրեն, Սևեններ, Վանուազ և այլ ազգային պարկեր, բազմաթիվ արգելոցներ ու արգելավայրեր: Անտառային շրջաններում՝ գլխավորապես լեռներում, կաթնասուններից տարածված են վայրի անտառային կատուն, աղվեսը, կնգումը, գորշուկը, այծյամը, ազնիվ եղջերուն, եղնիկը, վայրի խոզը, սկյուռը, նապաստակը, բարձր լեռներում հանդիպում են քարայծ, լեռնային այծ, ալպիական արջամուկ: Շատ են թռչունները, գետերում՝ ձկները: Երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ քարածխով, երկաթի և այլ մետաղների հանքաքարերով, բոքսիտներով, գազով: Վաղ անցյալում Ֆրանսիայի տարածքը բնակեցված էր գալլերով, որտեղից էլ առաջացել է երկրի հին անվանումը՝ Գալիա կամ Գաղիա: Մ.թ.ա. I դարի կեսերին Ֆրանսիան նվաճել են հռոմեացիները: 843 թ-ի Վերդենյան պայմանագրով ստեղծված Արևմտաֆրանկական պետությունը մոտավորապես զբաղեցրել էր ժամանակակից Ֆրանսիայի տարածքը: X դարում երկիրն անվանվել է Ֆրանսիա: Ֆրանսիայի զարգացումը զգալիորեն դանդաղել է Հարյուրամյա պատերազմի (1337– 1453 թթ.) պատճառով: Պետության կենտրոնացումն ավարտվել է XV դարի 2-րդ կեսին՝ Լյուդովիկոս XI-ի օրոք: Բացարձակ միապետությունն ամրապնդվել է Կրոնական պատերազմի ժամանակաշրջանում և իր գագաթնակետին է հասել Լյուդովիկոս XIV-ի օրոք: XV-XVII դարերում Ֆրանսիան տևական պայքար է մղել Հաբսբուրգների դեմ: 1772 թ-ին ստեղծվել է Ֆրանսիայի 1-ին հանրապետությունը, որը վերացվել է 1799 թ-ի Նապոլեն Բոնապարտի ռազմական դիկտատուրայի հաստատմամբ: Ռեստավրացիայի ժամանակաշրջանում հաստատվել է Լյուդովիկոս XVIII-ի (1815–24 թթ.) և Կառլոս X-ի (1824–30 թթ.) սահմանադրական միապետությունը: Հուլիսյան հեղափոխության արդյունքում 1830 թ-ին իշխանության է եկել ֆինանսական արիստոկրատիան: 1848 թ-ի Փետրվարյան հեղափոխությունն սկզբնավորել է Ֆրանսիայի 2-րդ հանրապետությունը: 1852 թ-ին հաստատվել է Նապոլեոն III-ի կայսրությունը: 1870–71 թթ-ին ֆրանս-պրուսական պատերազմի ընթացքում, որի ժամանակ գերվել է Ֆրանսիայի կայսրը, տեղի ունեցած սեպտեմբերյան հեղափոխությամբ հիմնադրվել է Ֆրանսիայի 3-րդ հանրապետությունը (1870–1940 թթ.): 1870 թ-ին իշխանության է եկել Փարիզի կոմունան, որը, սակայն, ճնշվել է Ա. Թիերի կառավարության կողմից: 1875 թ-ին ընդունվել է 3-րդ հանրապետության սահմանադրությունը: Ֆրանսիան Անտանտի կազմում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: 1940 թ-ին Ֆրանսիան նվաճվել է գերմանական և իտալական զորքերի կողմից, որի հետևանքով իշխանության է եկել Վիշիի ֆաշիստամետ կառավարությունը: 1944 թ-ի վերջին Ֆրանսիան ազատագրվել է հակահիտլերյան դաշինքի զորքերի կողմից: 1946 թ-ին ընդունվել է Ֆրանսիայի 4-րդ հանրապետության, 1958 թ-ին՝ 5-րդ հանրապետության սահմանադրությունները: 5-րդ հանրապետության առաջին նախագահը Շառլ դը Գոլն էր, որի գործունեության տարիներին անկախություն ձեռք բերեց Ֆրանսիայի գաղութների մեծ մասը: Ժամանակակից Ֆրանսիայի ազգային կազմը միատարր է. ֆրանսիացիները կազմում են բնակչության ավելի քան 90%-ը: Բնակվում են նաև էլզասցիներ, բրետոնացիներ, ֆլամանդացիներ, կորսիկացիներ, կատալոնացիներ, բասկեր, հայեր և այլք: Խոշոր քաղաքներն են Փարիզը, Լիոնը, Մարսելը, Լիլը, Բորդոն, Թուլուզը, Նանտը, Նիսը, Ստրասբուրգը: Ֆրանսիան զարգացած արդյունաբերական երկիր է: Արդյունաբերական արտադրանքի ծավալով աշխարհի առաջատար երկրներից է, «Մեծ ութնյակի» անդամ: Այստեղ արտադրվում է պողպատ և ալյումին, քիմիական բազմապիսի նյութեր՝ կաուչուկ, արհեստական մանրաթել, պլաստմասսաներ, ինչպես նաև ավտոմեքենաներ, նավեր, տարբեր տեսակի հաստոցներ, օդանավեր, համաշխարհային մակարդակի է հասել աերոտիեզերական տեխնիկայի արտադրությունը և այլն: Ֆրանսիայում արտադրում են նաև թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, հագուստի, գալանտերիայի բարձրորակ ապրանքներ, համաշխարհային համբավ ունեցող կոսմետիկա, բազմապիսի գինիներ, կոնյակներ, պանիրներ (շուրջ 400 տեսակի): Ֆրանսիան նորաձևության օրենսդիրն է: Խիստ զարգացած է նաև գյուղատնտեսությունը: Ֆրանսիայի ֆերմերային տնտեսություններում մշակում են ցորեն, գարի, եգիպտացորեն, խաղող, կարտոֆիլ, բանջարեղեն, մերձարևադարձային մշակաբույսեր (հարավում), ծաղիկներ (օծանելիքի արտադրության համար): Զարգացած է նաև անասնապահությունը: Մեծ է ֆրանսիացիների ավանդը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում: Տարբեր գիտական տեսությունների, օրենքների, գյուտերի ստեղծման գործում մեծ ներդրում ունեն Բլեզ Պասկալը, Անրի Ամպերը, Շառլ Կուլոնը, Ռընե Դեկարտը, Վոլտերը, Դենի Դիդրոն, Ժան Դ’Ալամբերը, Ժան Ժակ Ռուսոն, Պիեռ Լապլասը, Ժոզեֆ Լանգրանժը, Լուի Պաստյորը, Անրի Բեքերելը, Ժյուլ Անրի Պուանկարեն, Պիեռ Կյուրին, Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիները և այլք: Ֆրանսիան եղել է գրական հոսանքների, կերպարվեստի ուղղությունների, ճարտարապետական տարբեր ոճերի սկզբնավորման հայրենիքը: Համաշխարհային մշակույթի պատմության մեջ փառավոր էջեր են գրել գրողներ Ֆրանսուա Ռաբլեն, Ժան Բատիստ Մոլիերը, Ֆրանսուա դը Լառոշֆուկոն, Պիեռ Բոմարշեն, Անրի Ստենդալը, Վիկտոր Հյուգոն, Օնորե դը Բալզակը, Ալեքսանդր Դյուման, Շառլ Բոդլերը, Ժյուլ Վեռնը, Գի դը Մոպասանը, Էմիլ Զոլան, Անատոլ Ֆրանսը, Պոլ Սարտրը, Ալբեր Քամյուն, Անդրե Մորուան, գեղանկարիչներ Էժեն Դելակրուան, Անրի Մատիսը, Էդուարդ Մանեն, Էդգար Դեգան, Օգյուստ Ռենուարը, Կլոդ Մոնեն, քանդակագործ Օգյուստ Ռոդենը, ճարտարապետներ Ժան Բատիստ Պիգալը, Էտիեն Մարիա Ֆալկոնեն, կոմպոզիտորներ Ադոլֆ Ադանը, Հեկտոր Բեռլիոզը, Շառլ Գունոն, Կամիլ Սեն-Սանսը, Ժորժ Բիզեն, Կլոդ Դեբյուսին, Մորիս Ռավելը, ֆրանսիական երգի վարպետներ Մորիս Շևալյեն, Էդիտ Պիաֆը, Ժիլբեր Բեկոն, Շառլ Ազնավուրը, Միրեյ Մաթյեն և ուրիշներ: Համաշխարհային ճանաչման են արժանացել դերասաններ Ժերար Ֆիլիպը, Ժան Գաբենը, Ֆեռնանդելը, Լյուի դե Ֆյունեսը, Բրիջիտ Բարդոն, Ժան Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Աննի Ժիրարդոն, Պիեռ Ռիշարը և ուրիշներ: Ֆրանսիան ակնառու տեղ ունի օվկիանոսագիտության հետազոտություններում: Համաշխարհային ճանաչում ունեն Ժակ Իվ Կուստոյի ղեկավարությամբ կատարված ստորջրյա հետազոտությունները: Ֆրանսիան զբոսաշրջության երկիր է. տարեկան ավելի քան 40 մլն զբոսաշրջիկ է այցելում այդ երկիր: Գրավիչ են գեղատեսիլ միջերկրածովյան լողափերը, Ալպերի լեռնային առողջարանները, որոնցից հանրահայտ են Լազուրափը (Ֆրանսիական Ռիվիերա), Կաննը, Դիեպը, Գրանվելը, Արկաշոն: Մայրաքաղաք Փարիզը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է: Սեն գետի ափերին գտնվող այդ հնագույն քաղաքում կարելի է տեսնել տարբեր ժամանակաշրջանների շինություններ, հրաշալի հուշարձաններ, գեղեցիկ կամուրջներ (Գարդի կամուրջը), շատրվաններ (Անմեղների շատրվանը), տաճարներ (Փարիզի Աստվածամոր և Շարտրի տաճարները): Փարիզի խորհրդանիշը վեհաշուք Էյֆելյան աշտարակն է (բարձրությունը՝ 306 մ, որը կառուցվել է 1889 թ-ին` ճարտարագետ Ա. Էյֆելի նախագծով): Փարիզը թանգարանների քաղաք է: Լուվրի թանգարանում ժողովված է նկարների ու քանդակների` աշխարհի ամենահարուստ հավաքածուներից մեկը, Դը Օրսե թանգարանում (ժամանակակից արվեստի) ցուցադրվում են գերազանցապես XIX–XX դարերի արվեստի գործեր, հատկապես` իմպրեսիոնիզմի ներկայացուցիչների կտավները: Փարիզ այցելող զբոսաշրջիկները ձգտում են ծանոթանալ քանդակագործ Ռոդենի, նկարիչներ Պիկասսոյի և Սալվադոր Դալիի թանգարանների ցուցադրություններին: Փարիզը միջազգային դիվանագիտական և հասարակական կյանքի կենտրոն է, մի շարք միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ և այլն) նստավայրը:
Հայերը Ֆրանսիայում Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում՝ VI դարում: Նրանց թիվը աստիճանաբար ավելացել է հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից (XIV դար) հետո, ապա` XV–XVI դարերում, երբ հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսելում, Փարիզում և մի քանի այլ քաղաքներում: Հայերը դեռևս XVII դարում բացել են առաջին սրճարանները Մարսելում և Փարիզում, XVIII–XIX դարերում հիմնադրել են տպարաններ, հայկական դպրոցներ, հրատարակել թերթեր և ամսագրեր: Հետագա տարիներին ֆրանսահայ համայնքի ստվարացման միտումը շարունակվել է հիմնականում Մեծ եղեռնից փրկված գաղթականների, Մերձավոր և Միջին Արևելքից ու Հայաստանից արտագաղթածների հաշվին: Ներկայումս հայերի թիվը կազմում է շուրջ 450 հզ.: Բնակվում են Փարիզում (հատկապես` նրա արվարձաններում), Մարսելում, Լիոնում, Նիսում, Վալանսում և այլ քաղաքներում: Նրանց մեծ մասը բարձր որակավորում ունեցող բանվորներ, արհեստավորներ են, կան շատ մտավորականներ, նկարիչներ, երաժիշտներ առևտրականներ, ձեռնարկատերեր, պետական պաշտոնյաներ: Ֆրանսահայ համայնքն ապրում է աշխույժ հասարակական կյանքով: Ներկայումս Ֆրանսիայում գործում են հայկական 6 ամենօրյա (Թարգմանչաց, Պարսամյան, Սուրբ Մեսրոպ ևն) և շուրջ 50 մեկօրյա դպրոցներ: Այստեղ գործում են հայկական ավանդական կուսակցությունները, Հայկական բարեգործական ընդհանուր միության մասնաճյուղը, բազմաթիվ հայրենակցական միություններ, մշակութային ընկերություններ և այլ կազմակերպություններ: Ֆրանսիական մշակույթի և գիտության զարգացման գործում իրենց ավանդն ունեն հայազգի բազմաթիվ գործիչներ՝ գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Անրի Թրուայան (Թորոսյան), նկարիչներ Գառզուն (Գառնիկ Զուլումյան), Ժանսեմը (Ժան Սեմերջյան), երգիչ Շառլ Ազնավուրը, երգահան Ժորժ Կառվարենցը, կինոբեմադրիչ Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան), Ֆրանսիայի փորձագետ-խորհրդատու բժիշկների միության նախագահ Էդուարդ Ադամյանը, արհեստական ադամանդի (ֆիանիտ) ստեղծող Հրանտ Ճևահիրճյանը, պետական գործիչ Պատրիկ Դևեջանը և շատ ուրիշներ: Այստեղ են ապրել և ստեղծագործել գրողներ Շահան Շահնուրը, Վազգեն Շուշանյանը, Արշակ Չոպանյանը, նկարիչներ Էդգար Շահինը, Վարդան Մախոխյանը, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը, գիտնականներ Նիկողայոս Ադոնցը, Զատիկ Խանզադյանը և ուրիշներ: Հայաստանի աշխարհագրական տեղանուններով, ինչպես նաև նշանավոր հայերի անուններով փողոցներ կան Ֆրանսիայի շատ քաղաքներում՝ Ալֆորվիլում (Կոմիտասի), Լիոնում (Հայաստան), Վալանսում (Երևան), Դեսինում (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի), իսկ շուրջ 30 քաղաքներում՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշարձաններ: Քույրացել են Բանյո և Վանաձոր, Ավինյոն և Երևան, Ալֆորվիլ և Աշտարակ, Իսի լե Մուլինո և Վաղարշապատ քաղաքները: 1998 թ-ի մայիսի 29-ին Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչել է 1915 թ-ի Հայոց ցեղասպանության փաստը, իսկ 2001 թ-ին այն ճանաչել է օրենքի մակարդակով: 2003 թ-ին Փարիզի Կանադայի հրապարակում կանգնեցվել է Կոմիտասի արձանը, որի պատվանդանին գրված է. «Ի հիշատակ Կոմիտասի և 1,5 միլիոն հայերի, որոնք զոհ գնացին օսմանյան Թուրքիայում 1915 թ-ին իրականացված XX դարի առաջին ցեղասպանության»:
|