Ռեժիսոր, դերասան, դրամատուրգ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանը Երևանի դրամատիկական թատրոնի հիմնադիրն է. հայ թատրոնում վերահաստատել է Եվգենի Վախթանգովի գեղագիտական սկզբունքները:
Հրաչյա Ղափլանյանը 1935 թ-ին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոն, խաղացել երեխաների դերեր: 1940 թ-ին ավարտել է Երևանի թատերական ուսումնարանը, 1952–53 թթ-ին վերապատրաստվել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում: 1938–52 թթ-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան էր և ռեժիսոր, 1953–58 թթ-ին՝ գլխավոր ռեժիսոր (1942–45 թթ-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին), 1960–62 թթ-ին՝ նաև տնօրեն (1958–60 թթ-ին, միաժամանակ՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր), 1962– 1965 թթ-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1969–77 և 1980–85 թթ-ին՝ իր հիմնադրած դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն (1973–75 թթ-ին՝ նաև Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն), 1977–79 և 1985–88 թթ-ին՝ Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1975–88 թթ-ին միաժամանակ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1986 թ-ից՝ պրոֆեսոր): 1965 թ-ից Հայկական թատերական ընկերության վարչության նախագահն էր: Ղափլանյանի լավագույն դերերից են՝ Տրուֆալդինո (Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»), Վանյա (Վալենտին Կատաևի «Գնդի որդին»), Դիկ (Վալենտինա Լյուբիմովայի «Ձյունիկ») և այլն: Երևանի թատրոններում բեմադրել է Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք», Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III», «Կորիոլան», «Մեծապատիվ մուրացկաններ» (ըստ Հակոբ Պարոնյանի), «Արբատի զավակները» (ըստ Ալեքսանդր Ռիբակովի), Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը» և այլ պիեսներ, օպերայի և բալետի թատրոնում՝ Իգոր Ստրավինսկու «Էդիպ արքա», Լեոնարդ Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» օպերաները, Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոնում՝ «Ռիչարդ III»-ը, Բրատիսլավայի ազգային թատրոնում՝ Լև Տոլստոյի «Կենդանի դիակը»: Ղափլանյանն արժանացել է ՀԽՍՀ (1979 թ.) և ԽՍՀՄ (1988 թ.) Պետական մրցանակների: Հեղինակ է «Իմ ընկերները» (1958 թ.) պիեսների և «Ռեժիսոր, ներկայացում, հանդիսատես» (1982 թ.) հոդվածների ժողովածուների: Հրաչյա Ղափլանյանի անունով կոչվել է Երևանի դրամատիկական թատրոնը (1990 թ-ից):
|