Հաֆեզի ստեղծագործությունը պարսկական միջնադարյան պոեզիայի բարձրագույն նվաճումներից է:
Հաֆեզի (իսկական անունը՝ Շամսեդդին Մոհամմեդ) մասին առաջին արժանահավատ տեղեկությունները տրված են նրա մահից հետո կազմված «Դիվան» ժողովածուի նախաբանում: «Դիվանում» ընդգրկված են Հաֆեզի բանաստեղծությունները, գազելները, ռուբայիները, քասիդները և այլն: Հաֆեզն ստացել է աստվածաբանական կրթություն. անգիր է իմացել Ղուրանը, որի համար էլ ստացել է Հաֆեզ (Ղուրանն անգիր իմացող) մականունը: Շահ Մուբարիզ ադ Դինի գահակալության տարիներին (1354–58 թթ.) նա արդեն հայտնի բանաստեղծ էր և հարում էր գահաժառանգ Շուջային, որն ընդդիմադիր էր հորը: Այդ ժամանակահատվածում բանաստեղծը գրել է գազելներ, որտեղ քննադատել է Շիրազում գինին ու աշխարհիկ զվարճություններն արգելող շահին, բողոքել է անարդարության և անօրինականության դեմ: Խոհափիլիսոփայական քառյակներում և գազելներում Հաֆեզն օգտագործել է սուֆիական (սուֆիզմ՝ փիլիսոփայական միստիկական ուսմունք է իսլամում, որն արտացոլվել է նաև գրականության մեջ) գրականությանը բնորոշ կերպարներ և պատկերներ, որոնք տեղիք են տվել երկակի մեկնաբանության՝ ուղղակի՝ ռեալիստական, և փոխաբերական՝ խորհրդանշական: Մարդկանց խրատել է ագահություն չանել, հարստություն չկուտակել և վշտերն ու զրկանքները մոռանալ գինու մեջ.
Գինու բաժակն առ ու քամի՜ր, անցավո՜ր, Վշտեր ունես, գինի՜ խմիր, անցավո՜ր:
Բանաստեղծն անդրադարձել է Շուջա շահի (1358–84 թթ.) տիրապետության շրջանի իրադարձություններին. մի քանի գազելներում խոսել է 1366 թ-ի իր շնորհազրկման մասին: Շահի մահից հետո իշխանության գլուխ է անցել Մանսուր շահը (1388–92 թթ.), որին Հաֆեզը համակրել է և նվիրել «Սաղինամե» պոեմն ու 6 բանաստեղծություն: Հաֆեզի պոեզիայի քնարական հերոսը մարդն է՝ մե՜րթ ազատախոհ և երազող, մե՜րթ ճգնավոր ու մոլեռանդ: Ըստ բանաստեղծի՝ հասարակ մարդիկ՝ ճորտը, մուրացկանն ու դերվիշը, օժտված են ավելի բարձր հոգեկան ու բարոյական հատկանիշներով և առաքինություններով, քան այն արքան, որի ձեռքերն արյունոտ են.
Ես դերվիշ եմ ու մուրացկան, բայց չեմ փոխի ես երբեք Իմ թաղիքե բուրդ գլխարկը շահի հարյուր թագի հետ:
Բանաստեղծը, ընդվզելով կաշկանդող պայմանականությունների դեմ, ստեղծել է կապանքներից ազատ անհատի կերպարը: Սիրային բանաստեղծություններում Հաֆեզը վարդի և սոխակի հայտնի պատկերով գովերգել է սիրած կնոջը՝ Շահնաբաթին.
Գրիչս երբ նյութ առավ քո գեղեցիկ պատկերից, Վարդի թերթիկն ամաչեց իմ տետրակի էջերից:
XVIII–XIX դարերում Հաֆեզի ստեղծագործության խորհրդանշական մեկնաբանությունները թափանցել են արևմտաեվրոպական արևելագիտության մեջ: Նրան բարձր են գնահատել Վոլֆգանգ Գյոթեն և ուրիշներ: Հաֆեզի պոեզիան թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Հայերեն առանձին գրքով լույս է տեսել 1905 թ-ին՝ «Հնգյակներ, քառյակներ և տաղեր», 1957 թ-ին՝ «Լիրիկա» վերնագրերով: Հաֆեզի ստեղծագործություններից թարգմանել են Ավետիք Իսահակյանը, Մկրտիչ Խերանյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Սերգեյ Ումառյանը և ուրիշներ:
|