Հաղորդակցությունը տեղեկությունների փոխանցման գործընթացն է, որը կատարվում է իմաստավոր շարժումներով (ժեստեր), դեմքի արտահայտություններով, խոսքով, մամուլի կամ էլեկտրոնային փոստի հաղորդագրություններով, հեռախոսով, ռադիոյով, հեռուստատեսությամբ և այլ եղանակներով:
Խոսք և գիր
Դեռևս հազարավոր տարիներ առաջ՝ նախապատմական շրջանում, մարդիկ աստիճանաբար տիրապետել են հաղորդակցության հիմնական տեսակներից մեկին՝ բանավոր խոսքին: Մինչև գրերի գյուտը տեղեկությունները պահպանվում էին միայն հիշողությամբ և պատկերների միջոցով: Մոտավորապես 3500 տարի առաջ Միջագետքի (այժմյան Իրաքի տարածքում) բնակիչները՝ շումերները, հայտնագործեցին գրերի առաջին համակարգը: Նրանք մտքերն իրար հաղորդում էին պատկերներով, որոնք շուտով փոխարինվեցին նշաններով. տեքստերը գրառում էին կավե փոքրիկ սալիկների վրա՝ հնդկեղեգի հատուկ ձողիկով: Հին եգիպտացիներն օգտվում էին գրության մեկ այլ տեսակից՝ գաղափարագրերից (հիերոգլիֆ), որոնք որոշակի հասկացություններ արտահայտող պատկերագրերի շարքեր էին: Մեր թվականությունից մոտ 1000 տարի առաջ Մերձավոր Արևելքում (ներկայիս Լիբանանի տարածքում) փյունիկեցիներն ստեղծեցին 22 նշանից կազմված գրառման նոր՝ տառային համակարգ, որտեղ յուրաքանչյուր նշան համապատասխանում էր որոշակի հնչյունի, իսկ հաջորդաբար գրված մի քանի նշաններից կազմվում էին բառեր: Գրառման նման համակարգեր այժմ գործածվում են լեզուների մեծ մասում: Գրառման յուրօրինակ համակարգեր ունեն արաբերենը (գրառումը՝ աջից ձախ) և չինարենը (գրառումը՝ գաղափարագրերով): Գրառման հատուկ համակարգ է թղթի վրա ուռուցիկ կետերով նշվող Բրայլի այբուբենը, որն ընթերցում են կույրերը՝ մատներով շոշափելով այդ կետերը:
Տպագիր խոսք
Իմաստ արտահայտող առաջին տեքստերը գրառվել են կավե սալիկների, քարի, փայտի, եղեգի մամլած ցողունների՝ պապիրուսի (եգիպտացիներ) կամ կենդանիների կաշվի՝ մագաղաթի (հայեր, հույներ և ուրիշներ) վրա: Թուղթը հայտնաբերել են Չինաստանում 105 թ-ին, սակայն մինչև միջնադար գրել-կարդալ իմացողները սակավաթիվ էին: Ձեռագրերը՝ մատյանները, գրում էին գրիչները: XV դարի կեսին գերմանացի դարբին Իոհան Գուտենբերգը ստեղծեց տպագրական հաստոցը, գրատպությունը մեքենայացվեց, գրքերն ավելի տարածվեցին ու դարձան մատչելի: XVII դարում տպագրվեցին առաջին թերթերը, որոնց շնորհիվ նոր գաղափարները տարածվում, հասնում էին բազմաթիվ մարդկանց:
Հեռահաղորդակցություն
Հեռահաղորդակցությունը տեղեկությունները մեծ հեռավորություններ հաղորդելու եղանակն է: Հնում դա արվում էր դրոշների, թմբկազարկերի, ազդանշանային խարույկների օգնությամբ կամ սուրհանդակների միջոցով: XIX դարում մարդիկ սովորեցին հաղորդալարերով էլեկտրական ազդանշաններ ուղարկել. ծածկագրված հաղորդագրություններն ուղարկվում էին Մորզեի այբուբենով (կարճ ու երկար ազդանշաններով՝ կետերով և գծերով): Էլեկտրական հեռահաղորդակցության առաջին համակարգը մետաղալարային հեռագիրն էր, որն ստեղծվեց 1830–40-ական թվականներին Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Շուտով ողջ աշխարհում հեռագրահաղորդալարերը ձգվեցին հազարավոր կիլոմետրերով: Այժմ Մորզեի այբուբենն օգտագործում են նավերում և ռադիոսիրողները, սակայն դրանից օգտվում են նաև արտակարգ իրավիճակներում, երբ թույլ ռադիոազդանշանները չեն ապահովում հաղորդակցության այլ համակարգերի աշխատանքը: 1876 թ-ին ամերիկացի գյուտարար Ալեքսանդր Բելը հայտնագործեց մարդու ձայնը հեռագրահաղորդալարերով հաղորդելու եղանակ՝ հեռախոսակապը, որը շատ արագ տարածվեց ու զարգացավ. հեռախոսի գյուտից 21 տարի անց աշխարհում արդեն կար 1 մլն հեռախոսագիծ: Ներկայումս կա ավելի քան 1 մլրդ հեռախոսագիծ. թելքաօպտիկական լազերային մալուխներով հաղորդվում է ավելի քան 40 հզ. հեռախոսականչ: Մեր օրերում լայնորեն գործածվում են «անթել»՝ բջջային հեռախոսները, որոնք հնարավորություն են տալիս խոսել ցանկացած վայրից, ուղարկել կարճ հաղորդագրություններ և նույնիսկ միանալ համացանցին (ինտերնետ):
Տեղեկատվական հեղափոխություն
XX դարում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ ի հայտ եկան տեղեկություններ հաղորդելու նոր եղանակներ. ներկայումս միլիոնավոր մարդիկ օգտվում են ձայնագրությունից, լուսանկարչությունից, կինոյից ու տեսաձայնագրությունից: Գուլելմո Մարկոնին` Իտալիայում, Ալեքսանդր Պոպովը Ռուսաստանում ստեղծեցին անհաղորդալար (անթել) հեռագիրը՝ ռադիոն, որի շնորհիվ հաղորդագրությունները տարածվում էին ռադիոալիքների միջոցով: 1920-ական թվականներին հեռարձակվեցին առաջին ռադիոհաղորդումները, իսկ 1936 թ-ին երևան եկավ հեռուստատեսությունը: Տեխնիկայի հետագա զարգացումը նպաստեց ինքնաշխատ սարքերի ստեղծմանը, որոնք, առանց մարդու անմիջական մասնակցության, նախապես տրված ծրագրով կատարում են տեղեկությունների ստացման, փոխակերպման, հաղորդման և օգտագործման աշխատանքներ: 1962 թ-ից սկսած՝ հեռախոսային և հեռուստատեսային ազդանշանները մեծ հեռավորություններ հաղորդվում են արհեստական արբանյակների օգնությամբ: 1970-ական թվականներին, անհատական համակարգիչների հայտնվելու ընթացքում, մեծացավ հաղորդակցության բոլոր տեսակների արագագործությունը և բարելավվեց տեղեկության հաղորդման որակը: Համակարգիչներով «զինվեցին» արդյունաբերությունը, մարդու համար անհասանելի կամ վտանգավոր միջավայրերում աշխատող մեխանիզմները՝ ռոբոտները, ընդլայնվեցին վերջիններիս գործունեության ոլորտները: Ամենահայտնի ռոբոտներն ամերիկյան «Վիկինգ» տիեզերական սարքերը՝ զոնդերն են, որոնք 1976 թ-ին փափուկ վայրէջք կատարեցին Մարս մոլորակի վրա և արժեքավոր տվյալներ հաղորդեցին Երկիր: Համակարգիչների շնորհիվ ստեղծվեցին նաև Համաշխարհային համացանցը (ինտերնետ) և էլեկտրոնային փոստը: Հաղորդակցության յուրատեսակ «միջոցներ» կան նաև կենդանական աշխարհում: Կենդանիները հաղորդակցվում են հոտերի, ձայների, շարժման և մարմնի ու նրա առանձին մասերի դիրքերի փոփոխության միջոցով՝ զուգընկեր գտնելու կամ ծնողների ու ձագերի միջև կապ պահպանելու, վտանգի և այլ դեպքերում: Հաղորդակցության կարևորագույն տեսակ է նաև գենետիկական տեղեկությունների փոխանցումը: Յուրաքանչյուր կենդանի էակ կամ բույս իր բջիջներում պարունակվող քիմիական բարդ միացությունների՝ գեների միջոցով սերունդներին է փոխանցում որոշակի հատկություններ, որոնցով պայմանավորված է ժառանգականությունը:
|