Հայագիտությունը գիտությունների համակարգ է. ուսումնասիրում է հայոց պատմությունը, մշակույթը, լեզուն, գրականությունը,
Հայ եկեղեցու պատմությունն ու հայոց դավանանքը, աշխարհագրությունը, ազգագրութունը, աղբյուրագիտությունը, հնագիտությունը,
դրամագիտությունը, արձանագրագիտությունը, մատենագիտությունը, իրավագիտությունը, տնտեսագիտությունը, փիլիսոփայությունը և այլ գիտություններ: Հայագիտությունն արևելագիտության առանձին ճյուղ է և սերտորեն առնչվում է բյուզանդագիտությանը, կովկասագիտությանը, ասուրագիտությանը, խեթագիտությանը, ուրարտագիտությանը, արաբագիտությանը, թուրքագիտությանը, իրանագիտությանը:
Հայկական լեռնաշխարհի, Հայաստանի և հայերի մասին տեղեկություններ են պահպանվել դեռևս մ. թ. ա. IV–III հազարամյակներից: Անտիկ աղբյուրներից հայագիտական նյութեր են պարունակում Հերոդոտոսի, Քսենոփոնի, Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Տակիտոսի և ուրիշների երկերը: Հայոց գրերի ստեղծումից (405 թ.) հետո hայագիտության ձևավորմանը նպաստել են Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Եզնիկ Կողբացին, Փավստոս Բուզանդը, Մովսես Կաղանկատվացին, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ:
Հայագիտության՝ որպես գիտության ինքնուրույն ոլորտի առաջացմանը նպաստել են նաև XIII–XVII դարերում քարոզչական կամ այլ առաքելությամբ Հայաստան և հայաբնակ վայրեր այցելած եվրոպացիները:
Հայագիտության կարևոր սկզբնաղբյուրներ են նաև ասուրա-բաբելական, խեթական, ուրարտական, հին պարսկական սեպագրությունները, արամեական, հունական, լատինական, վրացական արձանագրությունները, հունա-հռոմեական, եբրայական, արաբական, թուրքական մատենագրական տվյալները, ճանապարհորդների տեղեկությունները և այլն:
Հայագիտությունը լուրջ առաջընթաց է կատարել XVIII դարի սկզբին՝ Մխիթարյան միաբանության հիմնադրմամբ, որը շարունակվել է մինչև XIX դարի 80-ական թվականները, երբ Վիեննայի Մխիթարյաններն սկսեցին հրատարակել «Հանդես ամսօրյա» պարբերականը:
Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու և նրա հաջորդների՝ Ստեփանոս Ագոնցի, Միքայել Չամչյանի, Մկրտիչ Ավգերյանի, Ղուկաս Ինճիճյանի, Հովսեփ Գաթրջյանի, Արսեն Այտընյանի և ուրիշների աշխատությունները հայագիտությունը դարձրել են ներքին օրինաչափություններ և սկզբունքային ու ազգային ճանաչողական նպատակներ ունեցող ինքնուրույն համակարգ: Զարգացել է լեզվաբանությունը, հատկապես բառարանագիտությունը: Վենետիկում տպագրվել է Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» բառարանը (2 հատորով, 1749–69 թթ.), ապա՝ Մկրտիչ Ավգերյանի, Գաբրիել Ավետիքյանի, Խաչատուր Սյուրմելյանի «Նոր Հայկազյան բառարանը»:
Մեծ է միաբանության անդամ Միքայել Չամչյանի՝ 1870-ական թթ-ին հրատարակած «Պատմություն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1874» եռահատորի գիտական արժեքը: Պատմահայր Մովսես Խորենացու երկից հետո այն հայոց պատմությանը նվիրված առաջին ընդհանրացնող աշխատությունն է: Մեծարժեք են Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանությունն Սրբոց ...» մատենաշարը, Ստեփանոս Ագոնցի և Ղուկաս Ինճիճյանի «Աշխարհագրություն չորից մասանց աշխարհի», Հովսեփ Գաթրջյանի «Տիեզերական պատմության» 2 հատորը և այլ գործեր:
Հայագիտության մեջ ներառվել են տեսական ու գործնական կարևորություն ունեցող նոր՝ դասական մատենագրության մատենաշարային հրատարակության («Մատենագրությունք նախնյաց»), բնագրագիտության, համեմատական բանասիրության, ճարտասանության, աստվածաբանության, ճարտարապետության, արվեստի պատմության, տեսական լեզվաբանության, հնագիտության և հնագրության, վիմագրագիտության, ձեռագրագիտության և այլ ոլորտներ: Սկիզբ է դրվել այլալեզու, հատկապես հունարեն ու լատիներեն դասական մատենագրական ժառանգության թարգմանական հրատարակությանը, ազգային վարքերի և վկայաբանությունների հանրամատչելի մատենաշարին («Սոփերք հայկականք»): Հովհաննես Շահխաթունյանի, Մկրտիչ Էմինի, Քերովբե Պատկանյանի, Հարություն Ալամդարյանի և այլ հայագետների ջանքերով ուրվագծվել է ազգային ու մշակութային միասնականության գաղափարը: Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի և Գրիգոր Շղթայակիր պատրիարքների ազգանվեր գործունեությամբ հայագիտական պրպտումներ են սկսվել Կոստանդնուպոլսում ու Երուսաղեմում: Եվրոպական արևելագիտության մաս կազմող հայագիտությունն աստիճանաբար դարձել է ինքնուրույն բնագավառ:
XIX դարի 80-ական թվականներից մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումը հայագիտությունը զարգացել է արտերկրում: Արգասաբեր էր Մխիթարյան միաբանության և եվրոպական գիտական կենտրոններում ընդգրկված ուսումնասիրողների՝ Անտուան Մեյեի, Վիկտոր Լանգլուայի, Ֆրեդերիկ Մակլերի, Հայնրիխ Հյուբշմանի, Ֆրեդերիկ Կոնիբերի, Յոզեֆ Մարկվարտի և ուրիշների գործունեությունը: Նրանց հետազոտություններին ավելացան Մաղաքիա Օրմանյանի («Ազգապատում», 3 հատորով, 1912–27 թթ.) և Եվրոպայում կրթություն ստացած Կարապետ Տեր-Մկրտչյանի, Գալուստ Տեր-Մկրտչյանի, Գարեգին Հովսեփյանի, Երվանդ Տեր-Մինասյանի աշխատությունները: Սբ Էջմիածնում գիտամանկավարժական գործունեություն ծավալեցին լեզվաբան Հրաչյա Աճառյանը, պատմաբան Հակոբ Մանանդյանը, բանագետ Մանուկ Աբեղյանը, բանասեր Կարապետ Կոստանյանը:
1890-ական թվականներին Նիկողայոս Մառի գիտական գործունեությամբ ռուսական արևելագիտության մեջ վերջնականապես ձևավորվեց հայագիտական ուղղությունը, որի կարևորագույն նվաճումներից էր հայկական հնագիտության սկզբնավորումը (Անիի, Գառնիի, Դվինի և այլ հնավայրերի պեղումներ): Նիկողայոս Մառն ու նրա աշակերտները՝ Նիկողայոս Ադոնցը, Հովսեփ Օրբելին, Գրիգոր Ղափանցյանը, Իվանե Ջավախիշվիլին, Նիկոլայ Տոկարսկին, մշակեցին հայոց հին և միջնադարյան պատմության, մատենագրության, արվեստի, լեզվի պատմության, ճարտարապետության, վիմագրության ու հարակից օժանդակ բնագավառների հետազոտության քննական մեթոդ, հայագիտության ավանդական շրջանակն ընդլայնեցին աշխարհի հետ ունեցած ընդհանրությունների բացահայտումով, կենդանի բարբառների ու խոսվածքների քննությամբ, բնագրերի հայտնաբերմամբ ու գիտական հրատարակությամբ: Սբ Էջմիածնի ու Սանկտ Պետերբուրգի գիտնականների միջև հաստատվեց սերտ համագործակցություն: Անիի հնագիտական թանգարանի (1904–09 թթ.) հիմնադրումով Հայաստանում սկզբնավորվեց ակադեմիական գիտությունը: Կարևորագույն նվաճում էր հայկական ձեռագրերի հավաքածուների գիտական նկարագրության սկզբնավորումը (Հակոբոս Տաշյան, Բարսեղ Սարգիսյան, Ն. Մառ, Մեսրոպ Տեր-Մովսիսյան, Բաբկեն Կյուլեսերյան), նաև Ստեփան Մալխասյանցի ղեկավարությամբ «Պատմագիրք հայոց» մատենաշարի հրատարակումը:
Հայագիտության առաջընթացին էապես նպաստեցին Ղևոնդ Ալիշանի ավելի քան 45 հատոր երկերը, ինչպես նաև Նորայր Բյուզանդացու՝ բնագրագիտական, Անտոն Գարագաշյանի և Գրիգոր Խալաթյանցի՝ պատմագրական, Գարեգին Զարբհանալյանի՝ գրապատմական, Գրիգորիս Գալեմքյարյանի՝ ձեռագրագիտական, Արսեն Ղազիկյանի՝ մատենագիտական, Հ. Տաշյանի՝ աղբյուրագիտական, Մկրտիչ Էմինի և Երվանդ Լալայանի՝ ազգագրական, Յոզեֆ Ստրժիգովսկու և Թորոս Թորամանյանի՝ ճարտարապետական, Արսեն Ղլտճյանի՝ իրավագիտական, Արսեն Այտընյանի ու Ղևոնդ Հովնանյանի լեզվաբանական աշխատությունները: Վերոհիշյալ ժամանակաշրջանի պարբերական հրատարակություններից առանձնապես նշանավոր են «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Արարատ», «Տարազ», «Բանասեր», «Ազգագրական հանդես», «Էմինյան ազգագրական ժողովածու», «Լումա», «Արևելյան մամուլ», «Սիոն», «Արմենիա», «Խրիստիանսկի Վոստոկ», «Կավկազսկի Վեստնիկ» և այլ թերթեր, ժողովածուներ, տարեգրքեր ու մատենաշարեր:
Հայագիտության խորհրդային ժամանակաշրջանի կարևորագույն առանձնահատկությունները.
ա. հայագիտությունը դարձավ պետության հոգածությունը և հովանավորությունը վայելող գիտական համակարգ,
բ. աննախադեպ ընդլայնվեցին ուսումնական ու գիտական հաստատությունները, հրավիրվեցին արտերկրում գործող հայագետներ, պատրաստվեց մասնագետների նոր սերունդ, և Հայաստանը դարձավ հայագիտության կենտրոն,
գ. կրոնի մերժման գաղափարախոսության թելադրանքով անցյալի ժառանգությունից գրեթե օտարվեցին հոգևոր մատենագրության ու ազգային եկեղեցու պատմությանը և դավանաբանությանը վերաբերող հարցերը, Սբ Էջմիածնի գիտնական հոգևորականներից շատերը հալածվեցին կամ հարկադրված դադարեցրին հետազոտական աշխատանքները,
դ. բացարձականացված սոցիալ-դասակարգային գաղափարախոսությունը պարտադրաբար տարածվեց մշակութային ողջ ժառանգության վրա, որն ունեցավ ծանր հետևանքներ:
Խորհրդային տարիներին հայագիտության զարգացմանը մեծապես նպաստեցին Երևանի համալսարանը (հիմնադրվել է 1919 թ-ին), Հայաստանի գիտության ինստիտուտը (1921 թ.), ապա՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մասնաճյուղը (ԱրմՖԱՆ, 1935 թ.), վերջինիս հիման վրա` 1943 թ-ին՝ Հայաստանի գիտությունների ակադեմիան՝ հայագիտական (պատմության, արևելագիտության, ազգագրության և հնագիտության, լեզվի, գրականության) ինստիտուտներով, Երևան տեղափոխված Էջմիածնի վանքի ձեռագրերի հավաքածուն, որի հիմքի վրա ստեղծվեց Մատենադարանը (1957 թ.): 1921 թ-ին հիմնադրված Հայաստանի պատմության պետական թանգարանը դարձավ գիտական ծանրակշիռ կենտրոն: Երևանում սկսեցին հրատարակվել մի շարք հայագիտական հանդեսներ ու տարեգրքեր՝ «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի» (1921–22 թթ.), «Լրաբեր հասարակական գիտությունների» (1940–66 թթ-ին՝ «Տեղեկագիր»), «Բանբեր Մատենադարանի» [1941 թ-ին (դ 1), 1950 թ-ին (դ 2)՝ «Գիտական նյութերի ժողովածու»], «Պատմա-բանասիրական հանդես» (1958 թ-ից), «Բանբեր Հայաստանի արխիվների» (1960 թ-ից), «Բանբեր Երևանի համալսարանի» (1967 թ-ից):
Խորհրդային շրջանում հատկանշական էր հայագիտության համապարփակությունը: Հայ ժողովրդի պատմության առանձին խնդիրների նվիրված տասնյակ մենագրությունների թվում լույս տեսան Լեոյի «Հայոց պատմության» հատորները, Հակոբ Մանանդյանի բազմահատոր «Քննական տեսությունը», բուհական ձեռնարկներ, «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական հրատարակությունը (8 հատորով. արժանացել է Պետական մրցանակի): Ի թիվս միջնադարյան պատմիչների բնագրերի ու դրանց աշխարհաբար թարգմանությունների՝ տպագրվեցին ձեռագիր հիշատակարանների ժողովածուներ (Գարեգին Հովսեփյան, Լևոն Խաչիկյան, Արտաշես Մաթևոսյան, Վազգեն Հակոբյան, Ավետիս Սանճյան), մանր ժամանակագրություններ (Վ. Հակոբյան), վիմագրությունների դիվաններ (Հովսեփ Օրբելի, Սեդրակ Բարխուդարյան, Սուրեն Ավագյան), Հայաստանին և հայերին վերաբերող օտար աղբյուրների թարգմանական մատենաշար, ինչպես նաև ազգագրության, բանահյուսության և հնագիտական հուշարձանների մատենաշարեր: Ն. Մառի և Հ. Օրբելու գործը շարունակեցին միջին սերնդի հնագետները՝ Բորիս Պիոտրովսկին, Բաբկեն Առաքելյանը, Կարո Ղաֆադարյանը, Հարություն Մարտիրոսյանը, Գևորգ Տիրացյանը և ուրիշներ:
Մեծ առաջընթաց կատարվեց նաև գրականության բնագավառում: Հրատարակվեցին միջնադարյան տաղերգուների գիտական բնագրեր, «Հայրենների լիակատար ժողովածու», դասականների երկեր, «Հայ նոր գրականության պատմության» ակադեմիական 5 հատորները (1962–74 թթ.), «Սասնա ծռերի» (1939 թ.) համահավաք բնագիրը, Մանուկ Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմություն» աշխատության 2 հատորը (1944–46 թթ.), «Գրական հուշարձաններ» մատենաշարը՝ Աշոտ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ:
Հայագիտության մնայուն նվաճումներից են Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը» (1926–35 թթ-ին՝ 7 հատորով, 1971–79 թթ-ին՝ 4 հատորով), Ստեփան Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանը» (4 հատորով, 1944–45 թթ., 1946 թ-ին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի), Աշոտ Հովհաննիսյանի «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» մենագրությունը (2 հատորով, 1957, 1959 թթ.), Հակոբ Անասյանի «Հայկական մատենագիտությունը» (2 հատորով, 1959, 1976 թթ.), Թադևոս Ավդալբեգյանի «Ռուս-հայերեն տնտեսագիտական տերմինների բառարանը» (1964 թ.), Գրիգոր Ղափանցյանի և Գևորգ Ջահուկյանի հայոց լեզվի ստուգաբանական հետազոտությունները, Վյաչեսլավ Իվանովի և Թամազ Գամկրելիձեի «Հնդեվրոպական լեզուն և հնդեվրոպացիները» (1984 թ., 1988 թ-ին արժանացել է Լենինյան մրցանակի) աշխատությունը, «Հայկական սովետական հանրագիտարանը» (13 հատորով, 1974–87 թթ., 1988 թ-ին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի) և բազում այլ աշխատություններ:
Հայագիտության առաջընթացին անմասն չմնացին արտասահմանյան կենտրոնները. ձեռագրացուցակների կազմմանը նպաստեցին Նորայր Պողարյանը (Երուսաղեմ), Համազասպ Ոսկյանը, Օգոստինոս Սեքուլյանը (Վիեննա), Մեսրոպ Ճանաշյանը (Վենետիկ), ուշագրավ հետազոտություններ հրատարակեցին Ժերար Գարիտը, Պողոս Անանյանը, Հայկ Պերպերյանը, Իլյա Աբուլաձեն, Սիրարփի Տեր-Ներսեսյանը, Հարություն Քյուրդյանը, Նինա Գարսոյանը և ուրիշներ: Նրանց գործը շարունակում են նոր սերնդի հայագետները՝ Ժան-Միշել Թիերին, Ժան-Պիեռ Մահեն, Յոզեֆ Վայտենբերգը և ուրիշներ: Փարիզում հրատարակվում է «Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն» տարեգրքի նոր շարքը [խմբագիր՝ Նինա Գարսոյան (1987 թ-ից), գործադիր քարտուղար՝ Ժան-Պիեռ Մահե (1977 թ-ից)]: Հրատարակվեցին հայագիտական նոր հանդեսներ՝ «Գեղարդ», «Շողակաթ», «Հայկազյան հայագիտական հանդես», «Հասկ հայագիտական տարեգիրք», «Դի Շտիմե Արմենիենս», «Արմինիըն Դայջեսթ», «Արմինիըն Լինգուիսթիքս» և այլն:
Հայագիտական կենտրոններ կան Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Նյու Յորքում, Փարիզում, Բեյրութում, Վենետիկում, Բեռլինում, Մոսկվայում և այլուր:
Խորհրդային Միության փլուզումից (1991 թ.) հետո հայագիտության ոլորտում վերացան գաղափարախոսական արգելքները, սերտացավ տեղական և արտերկրի հայագիտական կենտրոնների համագործակցությունը, սկսվեց հայագիտական հետազոտությունների նոր ծրագրերի ստեղծման և առկա կառույցների վերակազմավորման գործընթաց: Այդ ժամանակահատվածում հրատարակված ու վերահրատարակված առավել կարևոր հայագիտական գործերից են «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության» մատենաշարը (1994–2008 թթ-ին լույս է տեսել 16 հատոր), «Մատենագիրք Հայոց» մատենաշարը հրատարակվել է Անթիլիասում (Լիբանան, 2003–09 թթ-ին` 14 հատոր), Հայնրիխ Հյուբշմանի «Հայագիտական ուսումնասիրությունները» (2004 թ.), Ն. Ադոնցի «Երկերը» 5 հատորով (2006–09 թթ-ին լույս է տեսել 4 հատոր), «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա (Հնագույն ժամանակներից մինչև Ք. հ. 298 թ.)», հատոր 1 (2007 թ.), Ալբերտ Խառատյանի «Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը (XV–XVII դարեր)» (2007 թ.), Ալբերտ Մուշեղյանի «Մովսես Խորենացու դարը» (2008 թ.) և այլ աշխատություններ:
Ժամանակակից հայագիտության մեջ պայմանականորեն առանձնացնում են կիրառական հայագիտությունը, որը հիմնարար հայագիտության արդյունքների գործնական կիրառումն է Հայաստանի և հայերի գաղափարական ու քաղաքական անվտանգության ապահովման համար: