Հայաստանի ազգային պատկերասրահը (ՀԱՊ` 1991 թ-ի հանրապետության ամենախոշոր թանգարան-պատկերասրահն է: Հիմնադրվել է 1921 թ-ին, Երևանում՝ որպես Հայաստանի պետական թանգարանի արվեստի բաժին, 1935 թ-ին վերածվել է կերպարվեստի թանգարանի, 1947 թ-ին կոչվել է Հայաստանի պետական պատկերասրահ: 1978 թ-ին կառուցվել է պատկերասրահի նոր շենքը:
Հայաստանի ազգային պատկերասրահը ստեղծվել է 1921 թ-ին՝ Երևանում կազմակերպված ցուցահանդեսի մասնակից հայ նկարիչներից ձեռք բերված մի քանի տասնյակ աշխատանքների հիմքի վրա, այնուհետև համալրվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան ու նախկին Լազարյան ճեմարանի հարուստ հավաքածուներով, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի թանգարանային ֆոնդերից ձեռք բերված գործերով, գնումներով ու փոխանակումներով: 1925 թ-ին արվեստի բաժնի 6 սրահում ցուցադրվել է հայ, ռուս և եվրոպացի վարպետների 400 ստեղծագործություն: Պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է շուրջ 25 հզ. թանգարանային նմուշ (2009 թ.): Ունի 53 ցուցասրահ, որոնց մշտական և ժամանակավոր ցուցադրություններում հիմնականում ներկայացված է հայ արվեստը: Ցուցադրությունն սկսվում է հին ու միջնադարյան հայ արվեստով [ուրարտական որմնանկարների, Գառնիի ամրոցի բաղնիքի հատակի խճանկարի և միջնադարյան որմնանկարների (Լմբատավանքի, Անիի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Հաղպատի, Տաթևի, Ախթալայի վանքերի) ու մանրանկարչության («Էջմիածնի Ավետարանի», «Մողնու Ավետարանի», «Հաղպատի Ավետարանի», 1288 թ-ի «Ճաշոցի», 1297 թ-ի Ավետարանի և այլն) կրկնօրինակներ, XVII–XIX դարերի եկեղեցական գեղանկարչություն, ձեռագիր մատյանների արծաթե կազմեր, խաչեր, XVIII–XX դարերի գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառական արվեստի, նաև սփյուռքահայ արվեստագետների ստեղծագործություններ և այլն], շարունակվում հայ գեղանկարչության դասական (Հակոբ Հովնաթանյան, Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան, Փանոս Թերլեմեզյան, Վարդգես Սուրենյանց, Վարդան Մախոխյան, Զաքար Զաքարյան և ուրիշներ) և XX դարի (Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Հակոբ Գյուրջյան, Գեորգի Յակուլով, Էդգար Շահին, Գառզու, Ժանսեմ, Գրիգոր Խանջյան, Հակոբ Հակոբյան, Արա Սարգսյան, Հարություն Կալենց, Մինաս Ավետիսյան և ուրիշներ) վարպետների աշխատանքների ներկայացմամբ: Պատկերասրահի հավաքածուում կան XVIII–XX դարերի ռուս նշանավոր արվեստագետներ Ֆեոդոր Ռոկոտովի, Իվան Արգունովի, Ֆեոդոր Շուբինի, Իլյա Ռեպինի, Վալենտին Սերովի, Նատալյա Գոնչարովայի, Իլյա Մաշկովի, Սերգեյ Կոնյոնկովի, Վասիլի Կանդինսկու, Վասիլի Պոլենովի, Արկադի Պլաստովի, Մարկ Շագալի և ուրիշների գործերից, նաև XVI–XVII դարերի սրբապատկերներ: Արտասահմանյան արվեստի սրահներում ցուցադրվում են Հին Եգիպտոսի և Հին Հունաստանի մշակույթի նմուշներ: Ներկայացված են նաև իտալական, հոլանդական, ֆլամանդական, ֆրանսիական դպրոցների հայտնի արվեստագետներ Ֆրանչեսկո Գվերչինոյի, Յան վան Գոյենի, Պիտեր Կլասի, Էթիեն Մորիս Ֆալկոնեի, Ժան-Բատիստ Գրյոզի, Թեոդոր Ռուսսոյի, Ադոլֆ Մոնտիչելլիի, Գյուստավ Կուրբեի, Օնորե Ֆրագոնարի և ուրիշների աշխատանքներից: Արևելքի արվեստը ներկայացված է իրանական, չինական, ճապոնական դեկորատիվ-կիրառական արվեստի բարձրարվեստ նմուշներով (նախշազարդ ճենապակե և հախճապակե սպասք, քարե, ոսկրե, մետաղե առարկաներ, քանդակազարդ կահույք), հնդկական միջնադարյան որմնանկարների կրկնօրինակներով և XIX դարի իրանական գեղանկարչական աշխատանքներով: Պատկերասրահի հին շենքը (ճարտարապետ` Բորիս Մեհրաբյան) վերանորոգվել է, կառուցվել նորը (1978 թ., ճարտարապետներ` Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան), որը բաղկացած է 8հարկանի հիմնական (ցուցադրություններ) և 4-հարկանի վարչական շենքերից: Պատկերասրահում գործում են վերականգնման և պահպանման արվեստանոց, գրադարան, հուշաձեռագրային բաժին, դասախոսությունների ու կինոցուցադրության դահլիճներ, հուշանվերների և գրքերի վաճառասրահ, լուսանկարչական լաբորատորիա, սրճարան: 2005 թ-ից պատկերասրահը կազմակերպում է դասական երաժշտության փառատոներ, Թանգարանների միջազգային խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ «Թանգարանային գիշեր» միջոցառումը՝ տարբեր խորագրերով. մուտքն ազատ է: Պատկերասրահն իր հավաքածուի առանձին գործերով մասնակցում է միջազգային ցուցահանդեսների, հայ արվեստի ցուցահանդեսներ է կազմակերպում տարբեր երկրներում: ՀԱՊ-ը մասնաճյուղեր ունի Երևանում (երկու՝ Ջիոտտոյի և Արա Սարգսյանի ու Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանները), Հրազդանում, Ջերմուկում, Սիսիանում, Ալավերդիում, Եղեգնաձորում, Գավառում, Մարտունիում և Ջաջուռում:
|