Четверг, 26.06.2025, 00:51Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 1 » Հայաստանի մայրաքաղաքները
15:30
Հայաստանի մայրաքաղաքները
Հայաստանն աշխարհի ամենաշատ մայրաքաղաքներ ունեցող երկիրն է .  
դրանք տասներկուսն են՝ Արմավիր, Վան, Երվանդաշատ, Արտաշատ, 
Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան: Իրենց մայրաքաղաքներն են ունեցել նաև պատմական տարբեր 
ժամանակահատվածներում անկախ հռչակված Փոքր Հայքի, Ծոփքի, Սյունիքի, Տաշիր-Ձորագետի և հայկական այլ թագավորություններ:

Արմավիր

Հայաստանի առաջին մայրաքաղաք Արմավիրը մ. թ. ա. 1032 թ-ին կառուցել է Հայկյանների Այրարատյան թագավորության հիմնադիր Արամայիսը: Ավերակները Երասխ գետի ձախ ափին են՝ ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան, Արմավիր և Ջրաշեն գյուղերի բարձունքների վրա: Վանի թագավորության (մ. թ. ա. IX–VII դարեր) արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. մոտ 776 թ-ին Արմավիրի հարևանությամբ կառուցել է Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերածվել է տերության հյուսիսային շրջանների վարչական կենտրոնի և ռազմական հենակետի: Արգիշտիխինիլին, սերտաճելով Արմավիրին, մ. թ. ա. IV–III դարերում դարձել է Երվանդունիների թագավորության մայրաքաղաքը՝ պահպանելով Արմավիր անունը: Քաղաքը նաև պետության հեթանոսական պաշտամունքային գլխավոր կենտրոնն էր՝ քրմապետի նստավայրը:
Արքունիքը Երվանդաշատ տեղափոխվելուց հետո Արմավիրը կորցրել է իր նշանակությունը և մատենագրության մեջ արդեն հիշատակվել է որպես «լքված մայրաքաղաք»: Այն իր գոյությունը պահպանել է մինչև V դարը, որից հետո այլևս իբրև քաղաք չի հիշատակվել: Հայ մատենագիրներից բացի՝ Արմավիրը հիշատակել է նաև հույն գիտնական Կլավդիոս Պտղոմեոսը (90–160 թթ.):
1839 թ-ին Հյուսիսային Կովկասում՝ Կուբան գետի ձախ ափին, չերքեզահայերի հիմնադրած գյուղը 1848 թ-ին կոչվել է Արմավիր (այժմ՝ քաղաք՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասում): 

Վան

Վանն աշխարհի հնագույն այն քաղաքներից է, որ գոյություն ունի հիմնադրման օրվանից: Հայտնի է նաև Տուշպա, Բիաինա, Տոսպ, Երվանդավան, Վանտոսպ, Քաղաքն Շամիրամա և այլ անուններով: Կառուցվել է Վանա լճի ափից 2–3 կմ արևելք՝ Վասպուրական նահանգի Տոսպ գավառում: 
Ավանդությունը քաղաքի հիմնադրումը վերագրում է Ասորեստանի Շամիրամ թագուհուն, սակայն իրականում այն հիմնադրել է Վանի թագավորության կամ Ուրարտուի հիմնադիր Սարդուրի Ա արքան (մ. թ. ա. 835–824 թթ.), անվանել է Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, որն ավելի է ընդարձակվել մ. թ. ա. VIII–VII դարերում: Ենթադրվում է, որ 
մ. թ. ա. VI դարում Երվանդունիները Վանը դարձրել են իրենց հիմնադրած թագավորության մայրաքաղաքը: 908–1021 թթ-ին եղել է Վասպուրականի Արծրունյաց թագավորության մայրաքաղաքը:
1555 թ-ի Ամասիայի և 1639 թ-ի Կասրե-Շիրինի թուրք-պարսկական հաշտության պայմանագրերով քաղաքն անցել է օսմանյան սուլթանությանը՝ դառնալով Վանի վիլայեթի (նահանգ) կենտրոնը: XVII դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայությամբ՝ քաղաքն զգալիորեն տուժել է 1648 թ-ի երկրաշարժերից: 1862 թ-ին հայ բնակչությունն ընդվզել է թուրքական իշխանությունների դեմ և առժամանակ գրավել Վանի բերդը:
Մինչև 1915–16 թթ. Վանն Արևմտյան Հայաստանի արհեստագործական, հոգևոր և կրթամշակութային, գրահրատարակչական նշանավոր կենտրոնն էր:
XX դարի սկզբին Վանում եղել է 12 եկեղեցի, որոնցից 10-ը՝ գործող: 1914 թ-ին քաղաքում գործել են Կեդրոնական և Երամյան վարժարանները, Արարուց (երկսեռ), Հայկավանքի, Սբ Հակոբի, Նորաշենի, Հանկույսերի (արական), թաղային Սանդխտյան օրիորդաց դպրոցները: Երամյան և Կեդրոնական վարժարանների շրջանավարտները հրատարակել են «Երկունք» խմորատիպ ամսագիրը: 1906 թ-ի աշնանից լույս է տեսել «Նոր սերունդ» ամսաթերթը, ավելի ուշ՝ «Հայացք», 1910 թ-ից՝ ՀՀԴ կուսակցության «Աշխատանք», 1911 թ-ից՝ Սահմանադիր ռամկավար կուսակցության «Վան-Տոսպ» թերթերը:
XIX դարի 2-րդ կեսից Վանն Արևմտյան Հայաստանի հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոններից էր: Ըստ Վանի առաջնորդարանի տվյալների՝ Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) նախօրեին քաղաքն ուներ 34 հզ. հայ, 21 հզ. թուրք բնակիչներ: Մեծ եղեռնի ժամանակ Վանի հայությունը շրջակա գավառների հայերի հետ դիմել է ինքնապաշտպանության, որի հաղթական ավարտից հետո ռուսական հրամանատարությունը կազմավորել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր)՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Սակայն 1915 թ-ի հուլիսի 2-ին ռուսական զորքերի անսպասելի նահանջի պատճառով բնակչությունը հարկադրված թողել է քաղաքը և գաղթել Արևելյան Հայաստան: Մի քանի օր անց ռուսական զորքերը վերագրավել են Վանը. բնակիչների մի մասը վերադարձել է քաղաք: Կազմավորվել է Վասպուրականի իշխանություն՝ Կոստի Համբարձումյանի գլխավորությամբ: Սակայն 1918 թ-ի փետրվարին թուրքերը կրկին հարձակվել են, և հայերն ստիպված դարձյալ գաղթել են:
Վանի հիշարժան կառույցներից էին Երամյան վարժարանի նոր շենքը (1903– 1907 թթ.), Աշխատանքի տունը (1911– 1912 թթ., ճարտարապետ՝ Հովհաննես Քաջազնունի), Վարժապետանոցի երկհարկանի շենքը (1912 թ.): Վանը միջնադարյան հայ գրչության ու մշակույթի, ինչպես նաև Վասպուրականի մանրանկարչության դպրոցի մեծ կենտրոններից էր:
Վանում են ծնվել հայ գրականության, արվեստի, գիտության և հասարակական-քաղաքական բնագավառի բազմաթիվ երախտավորներ՝ նկարիչ Փանոս Թերլեմեզյանը, պետական գործիչ Աղասի Խանջյանը, գրող Գուրգեն Մահարին, ռեժիսոր Վարդան Աճեմյանը, ճարտարապետության պատմաբան Վարազդատ Հարությունյանը և ուրիշներ:
Վանի արվեստի ընտիր գործեր են պահվում ՀՊԹ-ում, Ժողովրդական արվեստի, Ազգագրության պետական (Սարդարապատի հուշահամալիր), Էջմիածնի վանքի և այլ թանգարաններում:
Ներկայումս Վանը Թուրքիայի Հանրապետության համանուն իլի (նահանգ) կենտրոնն է՝ 50 հզ. բնակչությամբ: Թուրքերից բացի՝ քաղաքում բնակվում են նաև քրդեր: 

Երվանդաշատ

Երվանդաշատը (կոչվել է նաև Երևանդաշատ, Մարմետ) Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքն է. հաջորդել է Արմավիրին: Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. 220–201 թթ.) թագավորը Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում: Ավերակները հայտնաբերվել են այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում: Երվանդաշատի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Մովսես Խորենացին: 
Մ. թ. ա. 189 թ-ին Արտաշես Ա-ն Մեծ Հայքում իրեն թագավոր հռչակելուց հետո հիմնադրել է երկրի նոր՝ Արտաշատ մայրաքաղաքը:
Երվանդաշատը 360-ական թվականներին կործանել են Պարսից Շապուհ II արքայի զորքերը: 

Արտաշատ

Արտաշատը (կոչվել է նաև Արտաքսատա, Արտաշիր և այլն) Հայաստանի մայրաքաղաքն էր մ. թ. ա. II – մ. թ. IV դարերում: Հիմնադրել է Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189–160 թթ.) Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում՝ այժմյան Արտաշատ քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք՝ Խոր վիրապի վանքի շրջակայքում: Հետագայում Մեծամորը (Սև ջուր) փոխել է իր հունը և Երասխ է թափվում վաղեմի քաղաքի տեղավայրից հյուսիս-արևմուտք: Արտաշատի մասին, հայ մատենագիրներից բացի, վկայում են նաև հունական ու հռոմեական աղբյուրները:
Պլուտարքոսի հավաստմամբ՝ քաղաքի տեղանքն ընտրել և հատակագիծը կազմել է կարթագենացի զորավար Հաննիբալը, որն առժամանակ ապաստանել էր Արտաշես Ա-ի արքունիքում: Նկատի ունենալով քաղաքի անառիկ դիրքը՝ հռոմեացիներն այն անվանել են Հայկական Կարթագեն: Հռոմեացի զորավար Կորբուլոնը մ. թ. 58 թ-ին գրավել, իսկ 59 թ-ին ավերել ու  հրկիզել  է Արտաշատը: Քաղաքը վերակառուցվել է 66 թ-ին, որի համար Հռոմի Ներոն կայսրը Հայոց արքա Տրդատ Ա-ին տրամադրել է նյութական միջոցներ և արհեստավորներ: Ի նշան շնորհակալության` մ. թ. 67 թ-ին քաղաքն անվանվել է Ներոնիա, բայց այդ անունը շուտով մոռացվել է:
Քաղաքը ծաղկման ու զարգացման շրջանում (մ. թ. ա. I – մ. թ. II դարեր) ունեցել է ավելի քան 150 հզ. բնակիչ:
Արտաշատը եղել է միջազգային առևտրի խոշոր կենտրոն, որի դերը մեծացել է հատկապես I–II դարերում. հայկական «Արքունական» ճանապարհով կապված էր Տիգրանակերտի ու Միջագետքի երկրների հետ: Արտաշատի կնքադրոշմներում ներկայացված են Հին աշխարհի շատ երկրներ՝ Հնդկաստանից մինչև Հռոմ և հյուսիսային մերձսևծովյան երկրներից մինչև Եգիպտոս: Հայտնաբերվել են հայկական և հարևան 9 երկրների (սելևկյան, պարսկական, պոնտական, հռոմեական և այլն) դրամներ: 
Արտաշատը նաև հելլենիստական մշակույթի հայտնի կենտրոն էր: 368 թ-ին Պարսից Շապուհ II արքան, ի թիվս Հայաստանի այլ քաղաքների, ավերել է նաև Արտաշատը:

Տիգրանակերտ

Տիգրանակերտը Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Նփրկերտ գավառում էր՝ Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին (այժմ՝ Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում): Հիմնադրել է Տիգրան Բ Մեծը մ. թ. ա. 70-ական թվականների սկզբին, իր թագադրման վայրում: 
Տիգրանակերտից է սկսվել Մանազկերտով ու Զարեհավանով Արտաշատ տանող հայկական «Արքունական» ճանապարհը: Քաղաքը կարճ ժամանակամիջոցում դարձել է հելլենիստական Արևելքի հռչակավոր կենտրոններից: Ենթադրվում է, որ ծաղկուն շրջանում ունեցել է շուրջ 100 հզ. բնակիչ: Շուրջ 5-ամսյա համառ դիմադրությունից հետո՝ մ. թ. ա. 69 թ-ի հոկտեմբերի 6-ին, հռոմեացի զորավար Լուկուլլոսը նվաճել է Տիգրանակերտը: Տիգրան Բ-ի մահից (մ. թ. ա. 55 թ.) հետո այն դադարել է մայրաքաղաք լինելուց, թեև շարունակել է պահել ռազմավարական նշանակությունը: Հայ Աշակունիների (I–V դարեր) օրոք Հարավային Հայաստանի խոշոր քաղաքներից էր և Աղձնիքի բդեշխության կենտրոնը: Տիգրանակերտը խիստ տուժել է III–IV դարերի հռոմեա-պարսկական պատերազմների ընթացքում: 350-ական թվականներին քաղաքը գրավել և հիմնովին ավերել է Պարսից Շապուհ II-ը՝ բնակիչների մեծագույն մասին գերեվարելով Պարսկաստան: Տիգրանակերտը լիովին ամայացել է և այլևս չի վերաշինվել: 
Տիգրանակերտ և Տիգրանավան անվանումներով քաղաքներ են հիմնադրվել նաև Հայաստանի այլ վայրերում և Արցախում (ընդհանուր թվով` 7 քաղաք):

Վաղարշապատ

Վաղարշապատը (կոչվել է նաև Ավան Վարդգեսի, Էջմիածին և այլն) գտնվում է Երևանից 18 կմ արևմուտք (այժմ` ՀՀ Արմավիրի մարզում): 
Երվանդ Սակավակյաց  թագավորի օրոք (մ. թ. ա. 570–560 թթ.) հիմնադրել է վերջինիս փեսա Վարդգես Մանուկը և կոչել Վարդգեսավան: Հայոց Վաղարշ Ա Արշակունի արքան (117–140 թթ.) քաղաքը պարսպապատել, բարեկարգել և վերանվանել է Վաղարշապատ՝ դարձնելով թագավորական երկրորդ աթոռանիստը (Արտաշատից հետո)`  մինչև հայ Արշակունյաց արքայատոհմի անկումը (428 թ.): Քաղաքի նշանակությունը հատկապես մեծացել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց (301 թ.) հետո, երբ այստեղ հիմնադրվել է Էջմիածնի Մայր տաճարը (302–303 թթ.): Քաղաքը դարձել է Ամենայն հայոց կաթողիկոսության գահանիստ (ընդհատումներով): Հայոց գրերի գյուտից (405 թ.) հետո Մեսրոպ Մաշտոցը վերադարձել է Վաղարշապատ: Կաթողիկոս Սահակ Ա Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը Վաղարշապատում են հիմնադրել առաջին հայկական դպրոցը:
484–486 թթ-ին Վահան Մամիկոնյանը հիմնովին նորոգել է Սբ Էջմիածնի վանքը, իսկ վանքի հոգաբարձու, պատմիչ Ղազար Փարպեցու ջանքերով հիմնադրվել է հայոց առաջին մատենադարանը, Վաղարշապատը դարձել է հայ գրչության կենտրոն:
XI դարից՝ թյուրք-սելջուկների, ապա թաթար-մոնղոլների նվաճումների ժամանակ, մինչև XV դարը, Վաղարշապատը կորցրել է իր երբեմի շուքը, բայց 1441 թ-ին Ամենայն հայոց կաթողիկոսական աթոռը Սսից Սբ Էջմիածնում վերահաստատվելուց հետո քաղաքը նոր շունչ է առել ու վերակենդանացել: Մայր տաճարից (IV դար) և Հռիփսիմեի ու Գայանեի (VII դար) եկեղեցիներից բացի՝ կառուցվել են Շողակաթի եկեղեցին (1694 թ., Աղամալ Շոռոթեցու միջոցներով) և այլ շինություններ: 
Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու ջանքերով 1771 թ-ին Վաղարշապատում հիմնադրվել է Հայաստանի առաջին տպարանը, 1776 թ-ին կառուցվել է թղթի առաջին գործարանը (թղթատուն): 
1828 թ-ին Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո դարձել է Երևանի նահանգի Վաղարշապատի գավառի կենտրոնը: 
XIX դարի վերջից Վաղարշապատը դարձել է հայ մշակույթի կարևոր կենտրոններից. քաղաք են հրավիրվել գիտության ու մշակույթի երևելի գործիչներ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան), Հովհաննես Հովհաննիսյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Եղիշե Թադևոսյանը, Գալուստ Տեր-Մկրտչյանը, Գարեգին Հովսեփյանը և ուրիշներ: 
Քաղաքի հատակագիծը կազմվել է 1925 թ-ին՝ Ալեքսանդր Թամանյանի ղեկավարությամբ: Վաղարշապատի (1945– 1995 թթ-ին՝ Էջմիածին) տարածքն ընդլայնվել է. կառուցվել են բնակելի նոր թաղամասեր՝ Զվարթնոցը, Հարավայինը, ինչպես նաև սակավահարկ շինարարության մի քանի գոտի: 

Դվին

Դվինը հաջորդել է Արտաշատին: Հիմնադրել է Հայոց Խոսրով Գ Կոտակ թագավորը (330–338 թթ.)՝ Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է նաև Ոստան Դվնո): Դվինի մերձակայքում տնկվել են Տաճար մայրու և Խոսրովակերտ անտառները: Վերջինս պահպանվել է ցայժմ և կոչվում է Խոսրովի անտառ: Արշակունիների անկումից (428 թ.) հետո Դվինը V դարի կեսից դարձել է Մարզպանական Հայաստանի մայրաքաղաքը: 
Վաղարշապատից հետո Դվինը 484– 931 թթ-ին եղել է Հայոց կաթողիկոսության աթոռանիստը: VI–VIII դարերում Դվինում գումարվել են համազգային նշանակության ժողովներ: 
VII–IX դարերում Դվինը եղել է խալիֆության Արմինիա վարչամիավորման նստավայր, որտեղ արաբ ոստիկաններն ունեցել են դրամ հատելու իրավունք: Նրանց թողարկած պղնձե և արծաթե դրամները՝ Դվին (Դաբիլ) մակագրությամբ, տարածվել են Այսրկովկասում, Մերձավոր Արևելքում և այլուր: 
Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից (885 թ.) հետո Դվինը նոր տնտեսական վերելք է ապրել: Արաբ մատենագիրների վկայությամբ՝ Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդե ու մետաքսե գործվածքներ, գորգեր, բազմոցներ, հախճապակե առարկաներ, որդան կարմիր և այլն: Ծաղկուն շրջանում ունեցել է 100 հզ-ից ավելի բնակչություն: 
1020-ական թվականներից հետո Դվինում իշխել են մահմեդական ամիրները, իսկ XI դարի 2-րդ կեսին այն զավթել են սելջուկ-թյուրքերը: 1203 թ-ին քաղաքն ազատագրել են Զաքարյան իշխանները և միացրել Շիրակի իրենց տիրույթներին: Դվինը լիովին ավերվել է Ջալալ էդ Դինի 1255 թ-ի արշավանքների ժամանակ: 
Այժմ քաղաքի ավերակները տարածվում են ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին, Ներքին Դվին, Նորաշեն, Բերդիկ, Հնաբերդ և այլ գյուղերի սահմաններում:

Բագրատունյաց թագավորությունն իր 160-ամյա պատմության ընթացքում փոխել է 4 մայրաքաղաք՝ Բագարան, Շիրակավան, Կարս և Անի:

Բագարան

Բագարանն Այրարատ նահանգի Արշարունիք գավառի հյուսիսարևելյան ծայրում էր՝ Ախուրյան գետի աջ ափին (այժմ՝ Թուրքիայում): Մովսես Խորենացու վկայությամբ՝ Բագարանը մ. թ. ա. II դարի սկզբին կառուցել է Երվանդունիների թագավորական տոհմի վերջին ներկայացուցիչ Երվանդ Դ-ն: Բագարանում էր Հայաստանի հեթանոսական տաճարների գլխավոր համալիրը, որի մերձակայքում էր «Ծննդոց» կոչվող արհեստական անտառը: Այնուհետև քաղաքը կորցրել է իր նախկին քաղաքական և հասարակական նշանակությունը:
IX դարում Աշոտ Բագրատունի Մսակերը գնել է Կամսարականների տիրույթները և Բագարանը դարձրել նախարարական ոստան: IX դարի վերջերին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր: Այստեղ էր Բագրատունիների տոհմական գերեզմանատունը, որտեղ թաղված է արքայատոհմի հիմնադիր Աշոտ Ա Մեծ արքան (885–890 թթ.): Անիի Բագրատունյաց թագավորության վերացումից (1045 թ.) հետո Բագարանն անկում է ապրել: 1394 թ-ին քաղաքն ավերել են Լենկթեմուրի հրոսակները:
1918–20 թթ-ին Բագարանի սակավաթիվ հայերը գաղթել և բնակություն են հաստատել Արաքսի ձախ ափին, հիմնականում՝ ներկայիս Արմավիրի մարզի Բագարան գյուղում:

Շիրակավան

Շիրակավանը (սկզբում կոչվել է Երազգավորս, Երազգավորք) հաջորդել է Բագարանին և Սմբատ Ա ու Աշոտ Բ Բագրատունիների օրոք մոտ 40 տարի եղել է մայրաքաղաք: Կառուցվել է Անի քաղաքից հյուսիս-արևելք՝ Ախուրյանի աջ ափին (այժմ՝ Թուրքիայի Բաշ Շորագյալ գյուղի տեղում): VII դարում հիշատակվում է որպես գյուղ, IX դարի կեսին՝ գյուղաքաղաք: Արքայանիստ դառնալուց հետո վերածվել է քաղաքի: Շիրակավանն ունեցել է իր բերդը, որը շրջափակված էր պաշտպանական պարիսպներով: Ենթադրվում է, որ թյուրք-սելջուկների 1064 թ-ի արշավանքի ժամանակ, Անիից բացի, ավերվել է նաև Շիրակավանը:
Թուրքական տիրապետության շրջանում Շիրակավանի անունը, հնչյունափոխվելով, դարձել է Շորագյալ: XX դարի սկզբին հայաբնակ մեծ բնակավայր էր: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) նախօրեին ունեցել է 1220 բնակիչ: Կարսի մարզը Թուրքիային հանձնվելուց հետո Բաշ Շորագյալի հայ բնակչությունը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան. մի մասը բնակություն է հաստատել ներկայիս Շիրակի մարզի Երազգավորս գյուղում:

Կարս

Կարսը (կոչվել է նաև Կարուցբերդ, Կարուց քաղաք, Վանանդ, Ղարս և այլն) Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին է՝ բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում՝ ծովի մակարդակից 1850 մ բարձրությամբ: Աշոտ Բ Երկաթի մահվանից հետո գահ բարձրացած Կարսի կառավարիչ Աբաս Բագրատունին (928–953 թթ.) արքունիքը տեղափոխել է Կարս և այն դարձրել Հայաստանի նոր մայրաքաղաքը: 961 թ-ին Աշոտ Գ Ողորմածն արքայանիստ է դարձրել Անին: 963 թ-ին նրա եղբայրը՝ Կարսի կառավարիչ Մուշեղը, իրեն հռչակել է Վանանդի թագավոր՝ Կարսը դարձնելով թագավորության (գոյություն է ունեցել մինչև 1065 թ.) կենտրոն: Մուշեղի հաջորդի և որդու՝ Աբասի (984–1029 թթ.) օրոք Կարսը բարեկարգվել և տնտեսապես հզորացել է: XI դարի 2-րդ կեսից – XII դարի վերջերը նրան տիրել են թյուրք-սելջուկները:
1639 թ-ի թուրք-պարսկական պայմանագրով Կարսն անցել է Թուրքիային: Մինչև 1670 թ. Վանանդի եպիսկոպոսանիստն էր:
1877 թ-ի նոյեմբերի 6-ին ռուսական զորքը գեներալ Հովհաննես Լազարևի գլխավորությամբ գրավել է Կարսը, դարձրել Ռուսական կայսրության նորակազմ վարչամիավորի` Կարսի մարզի կենտրոնը: 1918 թ-ի ապրիլի 25-ին Անդրկովկասյան սեյմը լավ զինված կայազոր ունեցող Կարսն առանց կռվի հանձնել է թուրքերին. 1919 թ-ի մայիսին քաղաքն անցել է Հայաստանի առաջին հանրապետությանը (1918–20 թթ.): Կարճ ժամանակամիջոցում վերադարձել են բազմաթիվ հայեր, սակայն 1920 թ-ի հոկտեմբերի 30-ին քեմալական զորքերը, կրկին առանց դիմադրության, գրավել են  Կարսը և կոտորել 8 հզ. հայի: 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Կարսը հանձնվել է Թուրքիային: Այժմ (2010 թ.) այն 65 հզ. բնակիչ (հիմնականում՝ քրդեր և թուրքեր) ունեցող գավառական քաղաք է, Թուրքիայի համանուն վիլայեթի վարչական կենտրոնը:
Կարսի պատմաճարտարապետական հուշարձաններից ամենաարժեքավորը Մայր եկեղեցին է (X դար): Հայտնի էին նաև հայկական Սբ Նշան, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր, Սբ Մարիամ, Սբ Առաքելոց, ինչպես և Միքայել Հրեշտակապետի ռուսական և Սբ Գևորգ հունական եկեղեցիները, Կարսի բերդը, Կարս գետի քարաշեն 3 կամուրջները և այլ շինություններ:
Կարսում են ծնվել հայ մշակույթի ու գիտության մի շարք երախտավորներ, այդ թվում՝ բանաստեղծ Եղիշե Չարենցը:
Տես նաև ԱնիԱշոտ Բ ԵրկաթԱշոտ Գ ՈղորմածԱռաջին համաշխարհային պատերազմ,Արգիշտի ԱԱրշակունիներԱրտաշիսյան արքայատոհմԱրտավազդ ԲԲագրատունիներԳրիգոր ԼուսավորիչԵրվանդունիներԵրևանԶաքարյանների իշխանապետությունԶվարթնոց,Ինքնապաշտպանական մարտերԿարսի պայմանագիրՀայաստանյայց առաքելական եկեղեցի,Մայր աթոռ Սուրբ ԷջմիածինՄեծ եղեռնՄովսես ԽորենացիՊարսկա-թուրքական պատերազմներՊլուտարքոսՌուս-թուրքական պատերազմներՌուս-պարսկական պատերազմներՍտրաբոնՏիգրան Բ Մեծ:

Просмотров: 513 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: