Հայաստանի պատմության թանգարանը պատմամշակութային, գիտահետազոտական և տեղեկատվական խոշոր կենտրոն է. հիմնադրվել է 1919 թ-ին, Երևանում: Թանգարանում պահվում և ցուցադրվում են հնագիտական, ազգագրական և պատմական 400 հզ-ից ավելի (շուրջ 5 հզ-ը՝ մշտական ցուցահանդեսում) նմուշներ, որոնք ներկայացնում են Հայաստանի մշակույթի և պատմության ընդհանուր պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը:
Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ) հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով՝ որպես Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Նախաձեռնողներն էին ՀՀ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, կրթության և արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանը, Վրաստանում ՀՀ ներկայացուցիչ Դավիթ Զավրիևը, Կովկասի ազգագրական թանգարանի ավագ վերահսկիչ Սմբատ Տեր-Ավետիսյանը: 1922 թ-ին կոչվել է Խորհրդային Հայաստանի պետական կենտրոնական, կուլտուր-պատմական, պատմական, 2003 թ-ից՝ Հայաստանի պատմության թանգարան: Թանգարանի հիմքը Հայաստանի կառավարության գնած մի քանի տասնյակ գեղարվեստական կտավներն էին, «Հայոց ազգագրական ընկերության» հնագիտական-ազգագրական թանգարանի հավաքածուն և ազգագրական-մարդաբանական ու կովկասագիտական գրադարանը: 1922–23 թթ-ին Նոր Նախիջևանից թանգարան են բերվել Երվանդ Շահազիզի ջանքերով հավաքված թանգարանային արժեքներ, 1922 թ-ին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանի, 1926 թ-ին՝ Անիի հնադարանի, 1929–31 թթ-ին՝ Էջմիածնի վանքի թանգարանի հավաքածուները, 1931 թ-ին՝ Հնությունների պահպանության կոմիտեի հավաքած հնագիտական նյութերը, ինչպես նաև տարբեր հիմնարկներում ու մասնավոր հավաքածուներում պահվող պատմական արժեք ունեցող նյութեր: ՀՊԹ-ի հավաքածուները համախմբելուն մեծապես նպաստել են գիտության ու մշակույթի նվիրյալներ Երվանդ Լալայանը, Գարեգին Հովսեփյանը, Վրթանես Ախիկյանը, Ստեփան Լիսիցյանը, Ռուբեն Դրամբյանը և ուրիշներ: Թանգարանի հավաքածուն մշտապես համալրվել է հնագիտական պեղումների և ազգագրական արշավախմբերի գտածոներով, նվիրատվություններով ու գնումներով: ՀՊԹ-ի հիմքի վրա կազմակերպվել են Հայաստանի ազգային պատկերասրահը (1935 թ.), Հեղափոխության պետական (1928–92 թթ., ապա միացվել է ՀՊԹ-ին), Երևան քաղաքի պատմության (1931 թ.), Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի (1935 թ.), Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական (1978 թ.) թանգարանները: ՀՊԹ-ի ազգային հավաքածուն ներկայացված է հնագիտության, ազգագրության, դրամագիտության, վավերագրերի բաժիններով: Գործում են նաև թանգարանային առարկաների վերականգնման բաժինը և գրադարանը: Հրատարակվում են հայկական ճարտարապետության, հնագիտության, հայոց պատմության վերաբերյալ մատենաշարեր, մենագրություններ և հոդվածներ: ՀՊԹ-ում առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 1925 թ-ին, ապա հաջորդել են բազմաթիվ մշտական («Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակին նվիրված՝ 1939 թ., և այլն) ու ժամանակավոր («Հայկական գորգեր», «Հայկական տարազ», «Սփյուռքահայերից ստացված նվերներ», «Երևանցու տունը. XIX դար» և այլն) ցուցահանդեսներ: ՀՊԹ-ի շրջիկ ցուցահանդեսներ պարբերաբար բացվել են ՀՀ մարզերում և մի շարք երկրներում: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու 1700-ամյակի առթիվ 1995 թ-ից կազմակերպվել են ցուցահանդեսներ եվրոպական նշանավոր թանգարաններում, իսկ 2007 թ-ին Ֆրանսիայում «Հայաստանի տարի» ծրագրի շրջանակներում՝ 11 ցուցահանդես՝ տարբեր քաղաքներում: Թանգարանի աշխատանքները տնօրինում է գիտական խորհուրդը, որը տարբեր տարիների ղեկավարել են Մարտիրոս Սարյանը, Հովսեփ Օրբելին, Կարո Ղաֆադարյանը, Մորուս Հասրաթյանը, 1997 թ-ից՝ Անելկա Գրիգորյանը:
|