Հայոց ազգային խորհուրդը հասարակական-քաղաքական մարմին էր Թիֆլիսում՝ 1917 թ-ի հոկտեմբերից մինչև 1918 թ-ի հուլիսը. նպատակն Այսրկովկասում ազգային գործերի գերագույն ղեկավար մարմնի ստեղծումն էր, ժողովրդի համախմբումն ու ազգային-ազատագրական շարժման կազմակերպումը թուրքական սպառնալիքի դեմ:
Հայոց ազգային խորհուրդը (ՀԱԽ, կոչվում է նաև Արևելահայ ազգային խորհուրդ) հաջորդել է 1912 թ-ի հոկտեմբերից Թիֆլիսում գործող Ազգային բյուրոյին: ՀԱԽ-ի ստեղծման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են 1916 թ-ին, երբ մի շարք հայ քաղաքական կուսակցություններ ու հասարակական հոսանքներ հանդես եկան համազգային մի մարմին ստեղծելու նախաձեռնությամբ: Ռուսաստանում 1917 թ-ի Փետրվարյան հեղափոխության հաղթանակից հետո, երբ հստակվեց Ժամանակավոր կառավարության արտաքին քաղաքական ուղղվածությունը, հայ ազգային կուսակցությունները համագումար հրավիրեցին, որն ընտրեց ՀԱԽ և արտահայտվեց Ժամանակավոր կառավարությանն աջակցելու օգտին: ՀԱԽ-ը կազմված էր 15 անդամից՝ 6 դաշնակցական (Ավետիս Ահարոնյան, Աբրահամ Գյուլխանդանյան, Ռուբեն Տեր-Մինասյան, Խաչատուր Կարճիկյան, Նիկոլ Աղբալյան, Կորյուն Ղազազյան), 2 սոցիալիստ-հեղափոխական (էսէռ Հովհաննես Տեր-Օհանյան, Լևոն Աթաբեկյան), 1 հնչակյան (Ղազար Տեր-Ղազարյան), 1 մենշևիկ (Արամայիս Երզնկյան), Հայ ժողովրդական կուսակցության 2 ներկայացուցիչ (Սամսոն Հարությունյան, Հարություն Այվազյան) և 3 անկուսակցական (Տիգրան Բեկզադյան, Ստեփան Մամիկոնյան, Պետրոս Զաքարյան): Բոլշևիկները չմասնակցեցին համագումարին, հանդես եկան համագումարի և նրա ընտրած ՀԱԽ-ի դեմ, որի նախագահը գրող և հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանն էր: ՀԱԽ-ի առաջին կոչում նշվում էր. «Ազգային խորհուրդը ստանձնում է ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը որպես գործադիր մարմին»: Ազգային խորհուրդն ուներ իր բաժինները կամ կոմիսարիատները՝ զինվորական, գաղթականական, դպրոցական, բժշկական: ՀԱԽ-ի զինվորական միությունն ստեղծեց Հայկական ազգային կորպուս՝ գեներալ Թովմաս Նազարբեկովի (Նազարբեկյան) գլխավորությամբ, որն ստանձնեց Հայաստանի պաշտպանությունը 1918 թ-ի ծանր ժամանակաշրջանում: Այսրկովկասում ազգային հանրապետությունների կազմավորումից հետո, 1918 թ-ի մայիսի 28-ին, ՀԱԽ-ն «...իրեն հայտարարում է Հայաստանի Հանրապետության գերագույն և միակ իշխանություն, ստանձնում է կառավարական բոլոր գործառույթները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»: Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ստեղծումով (1918 թ-ի հուլիս) ՀԱԽ-ը դադարեցրեց իր գործունեությունը:
|