Հայրենիքն ազգի կամ էթնոսի բնօրրանն է, որտեղ այն ձևավորվել է իր լեզվով, մշակույթով ու կենցաղով, հասարակական և պետական կառուցվածքով, արարել ու սերնդափոխվել է, ստեղծել և հաջորդ սերունդներին է ժառանգել քաղաքակրթական արժեքներ:
«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասիրությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Օրինակ՝ Մեծ եղեռնից փրկված հայերի շատ սերունդներ, որոնք անգամ չեն տեսել իրենց նախահայրերի հայրենիքը, այնուամենայնիվ, իրենց մեջ կրում են հայրենիքի՝ Հայաստանի կերպարը: Հայերի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, որի ընդհանուր տարածքը շուրջ 400 հզ. կմ2 է: Տարբեր ժամանակաշրջաններում այստեղ հաստատվել են օտար պետություններ, բնակվել օտար ցեղեր ու ցեղախմբեր, սակայն Հայաստանը հայի համար եղել և մնում է նրա հավիտենական հայրենիքը: Հայ ժողովրդի պատմությունն ու հարուստ մշակույթն ստեղծվել են Հայկական լեռնաշխարհում՝ մեր հայրենիքում: Հայաստանն այն բնատարածքն է, այն միակ անվտանգության գոտին, որից դուրս այլ հայրենիք չպետք է փնտրել: Ազատագրական պատերազմները, որոնց շնորհիվ ազատագրվում է հայրենիքը, սովորաբար կոչվում են հայրենական պատերազմներ: Հայրենի բռնագրավված տարածքների ազատագրումը՝ հայրենատիրումը, համազգային պարտականություն է: Այդ տարածքների ազատագրման պայքարը կոչվում է ազգային-ազատագրական պայքար: Կորսված հայրենիքի ազատագրումը յուրաքանչյուր ազգային-էթնիկ հավաքականության համար կենաց և մահու խնդիր է: XX դարի վերջին հայ ժողովուրդը բռնցքվեց և ադրբեջանական գերությունից ազատագրեց Արցախը՝ մեր հայրենիքի մի հատվածը: Հայաստանի Հանրապետության սահմանադրության 47-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով հաստատված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: «Մեր հայրենիք» է կոչվում նաև Հայաստանի Հանրապետության օրհներգը: «Հայրենիք» շքանշանը Հայաստանի բարձրագույն շքանշանն է, նրանով պարգևատրվում է Հայաստանի Ազգային հերոսը:
|