Գեորգ Հեգելը գերմանական դասական փիլիսոփայության նշանավոր ներկայացուցիչներից է, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիրը:
Գեորգ Հեգելը 1793 թ-ին ավարտել է Տյուբինգենի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը՝ փիլիսոփայության մագիստրոսի աստիճանով: 1801 թ-ին Ենայի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և այնտեղ դասավանդել մինչև 1807 թ., հրատարակել է «Ֆիխտեի և Շելլինգի փիլիսոփայական համակարգերի տարբերությունը» աշխատությունը: 1807 թ-ին լույս է տեսել նրա առաջին նշանավոր աշխատությունը՝ «Ոգու ֆենոմենոլոգիան», որտեղ շարադրված են Հեգելի փիլիսոփայական համակարգի հիմնադրույթները: 1808–16 թթ-ին Նյուրնբերգում եղել է գիմնազիայի տնօրեն, հրատարակել իր գլխավոր փիլիսոփայական երկը՝ «Տրամաբանության գիտությունը» (3 գրքով, 1812, 1813 և 1815 թթ.), որը մեծ հռչակ է բերել նրան: 1816–18 թթ-ին Հեգելը դասավանդել է Հայդելբերգի համալսարանում, հրատարակել ևս մի կարևոր աշխատություն՝ «Փիլիսոփայական գիտությունների հանրագիտարանը» (1817 թ.): 1818 թ-ին նա նշանակվել է Բեռլինի համալսարանի «պաշտոնական փիլիսոփա» (աշխատել է մինչև կյանքի վերջը)՝ ոչ միշտ համաձայնելով պրուսական իշխանությունների քաղաքականությանը. հրատարակել է «Իրավունքի փիլիսոփայություն» (1820– 1821 թթ.) աշխատությունը: Հեգելի մահվանից հետո բարեկամների ջանքերով լույս են տեսել նրա «Պատմության փիլիսոփայություն», «Դասախոսություններ փիլիսոփայության պատմության մասին», «Դասախոսություններ գեղագիտության մասին» և այլ աշխատություններ: Հեգելի փիլիսոփայական համակարգը բաժանվում է 3 մասի՝ տրամաբանության փիլիսոփայություն, բնափիլիսոփայություն և ոգու փիլիսոփայություն: Ըստ Հեգելի՝ տրամաբանության առարկան բացարձակ գաղափարն է՝ որպես ինքնազարգացող հասկացությունների համակարգ: Այն գիտություն է մտածողության, հասկացությունների և օրենքների մասին: Հեգելը տրամաբանությունը բաժանում է 3 մասի՝ ուսմունք կեցության մասին, ուսմունք էության մասին, ուսմունք հասկացության մասին: Կեցության մասին ուսմունքում նա ցույց է տալիս, որ հասկացություններն անընդհատ շարժման ու զարգացման մեջ են, ընդ որում՝ այդ զարգացումը տեղի է ունենում թեզ–հակաթեզ–սինթեզ հաջորդականությամբ: Այստեղ նա ձևակերպում է դիալեկտիկական մտածողության հիմնական օրենքներից մեկը՝ քանակական փոփոխություններից որակականի անցման օրենքը, ըստ որի՝ շարժումն ու զարգացումը տեղի են ունենում աստիճանաբար կամ թռիչքաձև: Էության մասին ուսմունքում Հեգելը դիտարկում է զարգացման ներքին աղբյուրի՝ հակասության խնդիրը և դրա հետ կապված հասկացությունները՝ նույնություն և տարբերություն, բովանդակություն և ձև, ամբողջ և մաս, ներքին և արտաքին, պատճառ և հետևանք և այլն: Հասկացության մասին ուսմունքում Հեգելը քննարկում է մտածողության սուբյեկտիվ ձևերը (հասկացություն, դատողություն, մտահանգում), օբյեկտի տեսակները (մեխանիզմ, քիմիզմ, նպատակաբանություն), ճանաչողության և գործունեության, տեսական և գործնական ոլորտների փոխհարաբերությանն առնչվող հարցեր, բնութագրում բացարձակ գաղափարը: Բացարձակ գաղափարը բնության մեջ իր «դեգերումներից» հետո վերադառնում է ինքն իրեն՝ որպես ոգի, որը ժամանակի ընթացքում դրսևորվում է իբրև սուբյեկտիվ ոգի, օբյեկտիվ ոգի և բացարձակ ոգի: Ըստ Հեգելի՝ սուբյեկտիվ ոգու փիլիսոփայությունը (մարդաբանություն, ֆենոմենոլոգիա, հոգեբանություն) ուսումնասիրում է անհատական գիտակցության ոլորտը, օբյեկտիվ ոգու փիլիսոփայությունը (իրավունք, բարոյակամություն և բարոյականություն)՝ հասարակական կեցության բնագավառը, իսկ բացարձակ ոգու փիլիսոփայությունը՝ գիտակցության հիմնական ձևերը՝ արվեստը, կրոնը և փիլիսոփայությունը: Արվեստը գործ ունի զգայական կերպարների, կրոնը՝ զգայական պատկերացումների, փիլիսոփայությունը՝ հասկացությունների հետ: Գիտելիքի այս 3 ձևերի առարկան նույնն է՝ բացարձակը՝ Աստված, սակայն բացարձակն ավարտուն և լիակատար գիտակցվում է միայն փիլիսոփայության մեջ: Ուշագրավ են Հեգելի պատմափիլիսոփայական հայացքները, որոնք շարադրված են «Պատմության փիլիսոփայություն» աշխատության մեջ. պատմությունը նա դիտում է որպես ժամանակի մեջ բացարձակ ոգու աստիճանական զարգացում, որը շարժվում է դեպի որոշակի նպատակ՝ ազատություն: Ազատությունը տևական պայքարի արդյունք է: Այն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ դրա համար ստեղծվում են անհրաժեշտ օբյեկտիվ պայմաններ՝ քաղաքացիական հասարակություն, իրավական պետություն և այլն: Հեգելը զարգացնում է «բանականության խորամանկության» մասին մի տեսություն, ըստ որի՝ համաշխարհային ոգին իր նպատակներին հասնելու համար օգտագործում է առանձին ժողովուրդների և անհատների, որոնց միջոցով դրսևորում է իր ակտիվ էությունը: Հեգելը մարդկանց դասակարգում է 2 խմբի՝ «վերարտադրողների»՝ հասարակ ժողովրդի, և «պատմական անձնավորությունների»՝ պատմության մեջ առանձնահատուկ դեր կատարողների: Պատմական անհրաժեշտությունը դարձնելով անձնական նպատակ՝ իրենց գործունեությամբ «պատմական անձնավորությունները», ըստ էության, իրականացնում են համաշխարհային ոգու առաջադրանքը: Ընդ որում, առանց «վերարտադրողների» աջակցության, ականավոր մարդիկ չեն կարող իրագործել իրենց պատմական առաքելությունը: Ինչպես ժողովուրդները, որոնց վիճակված է գլխավորել պատմության շարժումը, այնպես էլ համաշխարհային պատմական հերոսները, կատարելով իրենց դերը, հեռանում են պատմական ասպարեզից:
|