Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան գիտական և ուսումնական համապարփակ կենտրոն է. ստեղծվել է 1943 թ-ին (ՀԽՍՀ ԳԱ)՝ 1935 թ-ին բացված ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի՝ ԱրմՖԱՆ-ի հիմքի վրա:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) իր հետազոտական ենթակառույցներով (ինստիտուտներ, լաբորատորիաներ, գիտական կայաններ, գիտական խմբագրություններ և այլն) զբաղվում է ժամանակակից բնական ու հասարակական գիտությունների առանցքային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ, համաշխարհային գիտության նվաճումներն ընդհանրացնելու, հայրենական արտադրության և գիտության ու մշակույթի ասպարեզներում դրանց օգտագործմանը նպաստելու հարցերով, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտներում ու բուհերում կատարվող գիտական աշխատանքների ղեկավարմամբ և համակարգմամբ: ԳԱԱ-ն ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդատուն է, ֆինանսավորվում է հիմնականում պետական բյուջեից: ԳԱԱ-ի բարձրագույն մարմինն ակադեմիկոսների և թղթակից անդամների ընդհանուր ժողովն է, որը սահմանում է գիտական գործունեության ուղղությունները, լուծում կազմակերպչական հարցեր, քննարկում գիտական ու գիտակազմակերպական կարևոր խնդիրներ, ընտրում ԳԱԱ-ի նախագահ, նախագահություն, փոխնախագահներ, ակադեմիկոս-քարտուղար, իսկական, թղթակից, արտասահմանյան և պատվավոր անդամներ: ՀՀ ԳԱԱ-ն ունի մաթեմատիկայի, մեխանիկայի և տեղեկատվության (ընդգրկում է գիտական 4 կազմակերպություն), ֆիզիկայի և աստղաֆիզիկայի (5), քիմիական և Երկրի մասին գիտությունների (5), բնական գիտությունների (8), հայագիտության և հասարակական գիտությունների (10) բաժանմունքներ, որոնց համակարգում գործում են 27 ինստիտուտ, գիտական ու գիտատեխնիկական 4 կենտրոն և այլ կառույցներ, որտեղ միայն 2010 թ-ին իրականացվել են շուրջ 350 գիտական ու գիտատեխնոլոգիական մշակումներ: ԳԱԱ-ի որոշ ինստիտուտներ ունեն փորձարարական գործարաններ, հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, փորձակայաններ, բուսաբանական այգի և այլն: ԳԱԱ-ի նախագահությանն առընթեր գործում են գիտական հանձնաժողովներ և խորհուրդներ (գիտահետազոտական, հաշվողական տեխնիկայի, էներգետիկայի հիմնախնդիրների, Սևանա լճի պահպանության փորձագիտական և այլն), իսկ գիտությունների բաժանմունքներում՝ մասնագիտական գիտական խորհուրդներ: ՀՀ ԳԱԱ-ն (2010 թ.) ունի 69 իսկական անդամ՝ ակադեմիկոս, 53 թղթակից անդամ, 4 պատվավոր և 114 արտասահմանյան անդամներ, 54 պատվավոր դոկտոր, 2166 գիտաշխատող, որոնցից գիտությունների դոկտոր՝ 326, թեկնածու՝ 1023: ԳԱԱ-ում հատկապես կարևորվում է գիտական կադրերի պատրաստումը, հիմնականում՝ ասպիրանտուրայում: Այստեղ սովորում են 242 ասպիրանտ (67-ը՝ արտերկրից) և 221 հայցորդ: Հայ գիտնականները մասնակցում են միջազգային տարբեր համաժողովների, ծրագրերի, դրամաշնորհների մրցույթների: ՀՀ ԳԱԱ-ն գիտական համագործակցության պայմանագրեր ունի մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների և գիտական կենտրոնների հետ: ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպում է գիտական նստաշրջաններ և հոբելյանական միջոցառումներ, որոնց մասնակցում են նաև արտասահմանցի գիտնականներ: 2006 թ-ին, ընդհանուր ժողովի որոշմամբ, ԳԱԱ-ի միջազգային կապերի վարչությանն առընթեր հիմնվել է Սփյուռքի հետ համագործակցության բաժին, որն ակտիվ գիտական կապեր է հաստատել 200-ից ավելի սփյուռքահայ գիտնականների հետ: Նրանցից 78-ն ընտրվել են ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ: ՀՀ ԳԱԱ-ի նախագահներ են եղել Հովսեփ Օրբելին (1943–47 թթ.), Վիկտոր Համբարձումյանը (1947–94 թթ., 1994–96 թթ-ին՝ պատվավոր նախագահ), Ֆադեյ Սարգսյանը (1993–2006 թթ.), 2006 թ-ից Ռադիկ Մարտիրոսյանն է: ՀՀ ԳԱԱ-ի «Գիտություն» հրատարակչությունը լույս է ընծայում ակադեմիական 14 հանդես, «Գիտություն» պաշտոնաթերթը (2008 թ-ից): Ամեն տարի հրատարակվում են բազմաթիվ գիտական և այլ գրքեր: ՀՀ ԳԱԱ-ի համակարգում գործում են Հիմնարար գիտական գրադարանը (ստեղծվել է 1935 թ-ին, ունի 2.993.314 գրադարանային միավոր, որից 852.390-ը՝ օտար լեզուներով) և 29 ճյուղային-մասնագիտական գրադարաններ: Վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են կատարվում գրադարանների թվայնացման, ինչպես նաև էլեկտրոնային քարտարանի ձևավորման ուղղությամբ:
|