Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է. հետևում է ՀՀ Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Հանրապետության նախագահը ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ նախագահի լիազորություններն առնչվում են 3՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններին, սակայն նա՝ որպես պաշտոնատար անձ, դուրս է այդ իշխանությունների համակարգից: Հանրապետության նախագահին ընտրում են ՀՀ քաղաքացիները՝ 5 տարի ժամկետով: Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացրած, վերջին 10 տարում ՀՀ քաղաքացիություն ունեցող, վերջին 10 տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Նույն անձն իրավունք ունի միայն 2 անգամ անընդմեջ ընտրվելու հանրապետության նախագահի պաշտոնում: Նախագահի ընտրությունը տեղի է ունենում գործող նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ՝ սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին: Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, քվեարկությունից հետո 14-րդ օրն անցկացվում է քվեարկության 2-րդ փուլը, որին կարող են մասնակցել առավել թվով ձայներ ստացած 2 թեկնածուները: Ընտրված է համարվում առավել թվով ձայներ ստացած թեկնածուն: Եթե այս դեպքում էլ չի ընտրվում հանրապետության նախագահ, ապա քվեարկությունից հետո 40-րդ օրն անցկացվում են նոր ընտրություններ: Ռազմական և արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություններ չեն անցկացվում: Նոր նախագահն իր պաշտոնն ստանձնում է գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը՝ Ազգային ժողովի հատուկ նիստում՝ ժողովրդին տրվող երդմամբ: ՀՀ նախագահն օժտված է լայն լիազորություններով՝ պետական կյանքի տարբեր ոլորտներում: Որոշ դեպքերում այդ լիազորություններն առնչվում են պետական իշխանության մյուս մարմինների լիազորություններին՝ նպաստելով դրանց համագործակցությանը՝ իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա: ՀՀ նախագահը զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է բարձրագույն հրամկազմը, որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին: Հանրապետության նախագահը ներկայացնում է ՀՀ-ն միջազգային հարաբերություններում, ղեկավարում է արտաքին քաղաքականությունը, կնքում միջազգային պայմանագրեր, վավերացնում է միջկառավարական պայմանագրեր, շնորհում ՀՀ քաղաքացիություն, բարձրագույն կոչումներ, դասային աստիճաններ, լուծում քաղաքական ապաստան տալու հարցը, պարգևատրում ՀՀ շքանշաններով ու մեդալներով, ներում շնորհում դատապարտյալներին: ՀՀ նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները չպետք է հակասեն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին և ենթակա են կատարման հանրապետության ողջ տարածքում: Հանրապետության նախագահի լիազորությունները դադարում են նրա պաշտոնանկության, հրաժարականի, լիազորությունների կատարման անհնարինության, մահվան դեպքերում: Նախագահի պաշտոնի թափուր մնալու 40-րդ օրն անցկացվում են արտահերթ ընտրություններ. մինչ այդ նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ՝ վարչապետը: ՀՀ 1-ին նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր (1991–98 թթ.), 2-րդը՝ Ռոբերտ Քոչարյանը (1998–2008 թթ.), ներկայիս նախագահը (2008 թ-ից) Սերժ Սարգսյանն է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ
ԼՂՀ նախագահն ընտրվում է ուղղակի համընդհանուր քվեարկությամբ` 5 տարի ժամկետով: Նույն անձն իրավունք ունի միայն 2 անգամ անընդմեջ ընտրվելու հանրապետության նախագահի պաշտոնում: Նախագահի հիմնական պարտականությունը արտաքին և պաշտպանական քաղաքականության ձևավորումն ու իրականացումն է, պետական ինստիտուտների բնականոն գործունեության ապահովումը և այլն: ԼՂՀ նախագահը նշանակում է հանրապետության վարչապետին, հաստատում Կառավարության կառուցվածքն ու կազմը: Կառավարման նախագահական ձևը ԼՂՀ-ում մտցվել է 1994 թ-ի դեկտեմբերի 22-ին: ԼՂՀ 1-ին նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր (1996–97 թթ.), 2-րդը` Արկադի Ղուկասյանը (1997–2008 թթ.), ներկայիս նախագահը (2008 թ-ից) Բակո Սահակյանն է:
|