«Հին աշխարհի երկրներ» հասկացությունը ներառում է Հին Արևելքի և Հին Հունաստանի ու Հին Հռոմի հնագույն պատմությունը՝ նախնադարից մինչև ստրկատիրության անկումը: Այդ ժամանակաշրջանում են կազմավորվել առաջին պետություններն ու աշխարհակալ տերությունները, ստեղծվել սեպագիրը, այբուբենը, Հին աշխարհի 7 հրաշալիքները, սկզբնավորվել են մի շարք գիտություններ, կատարվել բազում հայտնագործություններ: Արդի քաղաքակրթության հիմքում նաև Հին Արևելքի և անտիկ մշակույթներն են:
Հին Արևելք Հին Արևելքը Մերձավոր և Միջին Արևելքի, Հարավային և Արևելյան Ասիայի, Հյուսիսային և Հյուսիսարևելյան Աֆրիկայի երկրների ընդհանուր անվանումն է: Ընդգրկում է ստրկատիրության ծագման և գոյության ժամանակաշրջանը` մ. թ. ա. IV–I հազարամյակները:
Հին Եգիպտոս Հին Եգիպտոսը հնագույն պետություն էր ներկայիս Եգիպտոսի տարածքում՝ մ. թ. ա. IV հազարամյակի վերջից մինչև մ. թ. ա. 31 թ.: Ընդունված է Հին Եգիպտոսի պատմության 8 բաժանում. Վաղ թագավորություն (մ. թ. ա. մոտ 3000–2800 թթ.), Հին թագավորություն (մ. թ. ա. մոտ 2800–2250 թթ.), Եգիպտոսի առաջին կազմալուծում (մ. թ. ա. մոտ 2250–2050 թթ.), Միջին թագավորություն (մ. թ. ա. մոտ 2050–1700 թթ.), Եգիպտոսի երկրորդ կազմալուծում (մ. թ. ա. մոտ 1700–1580 թթ.), Նոր թագավորություն (մ. թ. ա. մոտ 1580–1070 թթ.), Ուշ (Լիբիա-սաիսյան և Պարսից) ժամանակաշրջան (մ. թ. ա. 1070–332 թթ.), Հունա-հռոմեական ժամանակաշրջան (մ. թ. ա. 332 – մ. թ. 395 թթ.): Եգիպտոսը վերելք է ապրել հատկապես Նոր թագավորության (XVIII–XX հարստություններ) ժամանակաշրջանում՝ մ. թ. ա. XVI–XV դարերում: Թութմոս I, Թութմոս III և Ամենհոտեպ II փարավոնները Եգիպտոսին են միացրել Պաղեստինը, Ասորիքը՝ մինչև Եփրատ գետը, և Քուշը: Եգիպտոսն Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունն էր. բարձրակետին է հասել Ամենհոտեպ III-ի օրոք (մ. թ. ա. 1455–1424 թթ.): Եգիպտոսի հզորության վերջին շրջանը Ռամզես II-ի (մ. թ. ա. 1279–1213 թթ.) օրոք էր: Դաշինք կնքելով գլխավոր հակառակորդ Խեթական տերության հետ՝ փարավոնն ապահովել է երկրի սահմանների անվտանգությունը և զբաղվել է ներքին գործերով: Ռամզես II-ի մահից հետո Եգիպտոսն անկում է ապրել՝ տրոհվելով բազմաթիվ իշխանությունների: 200 տարի անց երկիրը միավորվել է, սակայն այլևս նախկին հզորությանը չի հասել: Մ. թ. ա. 525 թ-ին Աքեմենյան Կամբյուսես թագավորը գրավել է Եգիպտոսը և միացրել Աքեմենյան տերությանը: Մ. թ. ա. 404 թ-ին Եգիպտոսն անկախացել է, մ. թ. ա. 341 թ-ից կրկին ենթարկվել է Աքեմենյաններին, իսկ մ. թ. ա. 331 թ-ից՝ Ալեքսանդր Մակեդոնացուն. Միջերկրականի ափին նրա կառուցած Ալեքսանդրիա քաղաքը դարձել է հելլենիստական մշակույթի և առևտրի խոշոր կենտրոն: Փարավոնների կառավարումը պաշտոնապես ավարտվել է մ. թ. ա. 31 թ-ին, երբ Հռոմը գրավել է Եգիպտոսը և այն դարձրել կայսրության պրովինցիա: Մշակույթ: Ընդունված է հին եգիպտական մշակույթի պատմությունը բաժանել 3 շրջանի՝ Հին թագավորության՝ մ. թ. ա. 2800–2250 թթ., Միջին թագավորության՝ մ. թ. ա. 2050–1700 թթ., Նոր թագավորության՝ մ. թ. ա. 1580–1070 թթ.: Հին և Միջին թագավորությունների ժամանակաշրջաններում կառուցվել են Քեոփս, Քեփրեն և Միկերեն փարավոնների դամբարանները, Քեփրենի և Ամենհոտեպ III-ի սֆինքսները և այլն: Դրանք կառուցվել են մեծ չափսերով՝ արտահայտելու համար թագավորների հզորությունը, որոնք համարվել են աստծու երկրային զավակներ: Հին եգիպտական աստվածները պատկերվել են արծվի, աղվեսի, գայլի տեսքով, պալատներում պահվել են գիշատիչներ, որոնք հետագայում զմռսվել ու թաղվել են: Հայտնաբերվել են գազանների ամբողջական պանթեոններ: Փարավոնների ու աստվածների քանդակներին բնորոշ են մեծ չափերը, ժամանակի և երկրային իշխանությունից ազատ, դեպի հեռուն (հավիտենություն) միտված հպարտ հայացքը: Նոր թագավորության ժամանակաշրջանում զարգացել է տաճարաշինությունը. առավել հայտնի են Ամոն-Ռայի տաճարները Լուքսորում և Կառնակում: Այդ շինությունների ճարտարապետական առանձնահատկությունը բազմաշար սյուների կիրառությունն է: Ուշագրավ նախշազարդեր են արվել Թեբեի և այլ դամբարաններում, որոնք աչքի են ընկնում պատկերների պլաստիկությամբ ու գեղարվեստական բարձր ճաշակով: Հին եգիպտացիները պատկերել են մարդկանց ֆիգուրներ՝ գլուխը՝ կիսադեմով, իրանը՝ դիմացից, ոտքերը՝ թեքությամբ: Այդ ավանդույթից հրաժարվել են միայն մ. թ. ա. VII դարում: Եգիպտացիները լուրջ նվաճումների են հասել ֆիզիկայի, քիմիայի (զմռսման արվեստ), բժշկության` հատկապես վիրաբուժության բնագավառներում: Նրանք իմացել են հաշվարկի տասնական համակարգը, թվաբանական ու երկրաչափական պրոգրեսիաները, կանխատեսել են Արևի խավարումները, Նեղոսի վարարումների փուլերը և դրանց հետ կապված հմայություններ ու գուշակություններ արել: Մ. թ. ա. IV հազարամյակի վերջերից օգտագործել են հիերոգլիֆային (սրբազան և փորագրված պատկեր) գիրը, որը 1822 թ-ին վերծանել է ֆրանսիացի գիտնական Ժան-Ֆրանսուա Շամպոլյոնը: Եգիպտացի աստղագետները մոլորակները տարբերել են աստղերից, կազմել օրացույց, ըստ որի՝ տարին ուներ 365 օր: Զարգացած էր նաև գրականությունը. հայտնի են «Հեքիաթ նավաբեկության ենթարկվածի մասին», «Պատմվածք եգիպտացի Սինուհեթի մասին» և այլ գործեր: Գիտական տեղեկությունները եղել են քրմերի մենաշնորհը և օգտագործվել են փարավոնի կենտրոնաձիգ իշխանությունն ամրապնդելու համար: Միջագետքի պետությունները Ստորին Միջագետք Միջագետքի (Եփրատ ու Տիգրիս գետերի միջին և ստորին հոսանքների ավազանը) հարավը կոչվել է Շումեր: Մ. թ. ա. XXIV դարում Ումմա քաղաքի արքան իր տիրապետությունն է հաստատել շումերական բոլոր (Ուր, Ուրուկ, Քիշ, Լագաշ և այլն) քաղաքների վրա, առաջին անգամ Շումերը միավորել է մեկ պետության մեջ: Սակայն շուտով Աքքադը նվաճել է շումերական պետությունը: Աքքադը Շումերից հյուսիս էր: Նրա հիմնադիրը՝ Սարգոն I-ը (մ. թ. ա. 2330– 2295 թթ.), պատմության մեջ առաջին անգամ ստեղծել է հատուկ մարզված մշտական զորք՝ բաղկացած 5400 զինվորից, նվաճողական ու կողոպտչական արշավանքներ ձեռնարկել շրջակա երկրների և ցեղերի դեմ՝ Պարսից ծոցից հասնելով մինչև Տավրոսի լեռներ, Էլամից` մինչև Միջերկրական ծով: Սարգոն Աքքադացու ստեղծած պետությունը Հին աշխարհի առաջին աշխարհակալ տերությունն էր. հզորության գագաթնակետին է հասել Սարգոն I-ի թոռան՝ Նարամսինի օրոք (մ. թ. ա. մոտ 2238–2202 թթ.): Ի թիվս այլ երկրների՝ նա արշավել է նաև Հայկական լեռնաշխարհ: Նարամսինն իրեն հայտարարել է աստված: Սակայն նրա որդու օրոք` մ. թ. ա. մոտ 2200 թ-ին, կուտիների լեռնական ցեղերը նվաճել են Աքքադը: Մ. թ. ա. XVIII դարում Շումերում և Աքքադում գերիշխանության է հասել Հին Բաբելոնի թագավորությունը: Բաբելոն (աքքադերեն է. նշանակում է աստծու դարպաս) քաղաքը, որի անունով կոչվել է երկիրը, կենտրոնական Միջագետքում էր՝ Եփրատի ափին: Պետությունը գոյատևել է մ. թ. ա. 1894 թ-ից մինչև մ. թ. ա. 539 թ.: Համմուրապի արքան (մ. թ. ա. 1792–1750 թթ.) օրենքներով ամրագրել է երկրի քաղաքական, սոցիալական և վարչական կառուցվածքը: Հետագայում Առաջավոր Ասիայի պետությունների օրենքները գրելիս օգտվել են Համմուրաբիի օրենսգրքից: Մ. թ. ա. XVIII դարի 2-րդ կեսից Բաբելոն են թափանցել կասսիտական ցեղերը և հիմնել իրենց տիրապետությունը (մ. թ. ա. 1518–1204 թթ.): Հայաստանում՝ Մեծամորում, հայտնաբերվել են կշռաքար և կնիք՝ կասսիտական որոշ արքաների անուններով: Կասսիտների տիրապետության անկումից հետո Բաբելոնը ժամանակավոր վերելք է ապրել նոր հարստության ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր I-ի (մ. թ. ա. 1146–1123 թթ.) օրոք: Այնուհետև Ասորեստանը բազմիցս կողոպտել ու ավերել է Բաբելոնը, իսկ մ. թ. ա. 732 թ-ին ենթարկել է իր տիրապետությանը: Ասորեստանի անկումից (մ. թ. ա. 605 թ.) հետո Բաբելոնի թագավորությունը (պատմագրության մեջ կոչվում է Նոր Բաբելոնյան կամ Քաղդեական) վերստին դարձել է Առաջավոր Ասիայի հզոր տերություն: Նաբուգոդոնոսոր II-ը (մ. թ. ա. 604–502 թթ.) մ. թ. ա. 586 թ-ին գրավել է Երուսաղեմը և հրեաների զգալի մասին բռնի գաղթեցրել Բաբելոն (հայտնի է «բաբելոնյան գերություն» անունով): Մ. թ. ա. 539 թ-ին Աքեմենյան Կյուրոս Մեծ արքան նվաճել է Բաբելոնը, այդ արշավանքին, ինչպես նշում է Քսենոփոնը «Կյուրոպեդիա» երկում, մասնակցել են արմենների (հայերի) 8-հզ-անոց այրուձին և 40-հզ-անոց հետևակը:
Վերին Միջագետք Միջագետքի հյուսիսի ամենանշանավոր քաղաք-պետությունն Աշշուրն էր, որի վաճառականները մ. թ. ա. XX–XIX դարերում առևտրական գաղութներ (ֆակտորիա) ունեին Հայկական լեռնաշխարհում և Փոքր Ասիայում: Աշշուրի թագավոր Շամշի-Ադադ I-ը (մ. թ. ա. 1813–1781 թթ.) Վերին Միջագետքի քաղաքները միավորել է մեկ հզոր պետության կազմում՝ Աշշուր մայրաքաղաքով: Սակայն նրա մահից հետո այն տրոհվել է: Մ. թ. ա. XVII դարի վերջին Վերին Միջագետքում կազմավորվել է Միտանի պետությունը, որի հիմնական բնակիչները խուռիներն էին: Միտանին ժամանակի հզորագույն պետություններից էր. Հայկական լեռնաշխարհի մի զգալի հատված նույնպես նրա կազմում էր: Լճաշենում, Արթիկում, Լոռիբերդում հայտնաբերված կնիքները և զենքերի ու զարդերի նմուշները վկայում են, որ Հայաստանի հնագույն բնակիչները սերտ կապեր են ունեցել այդ երկրի հետ: Մ. թ. ա. XIV դարում Միտանին թուլացել է և ընկել խեթերի տիրապետության տակ, իսկ հաջորդ դարում Ասորեստանն է նվաճել այն: Միտանիի անկումից հետո Հյուսիսային Միջագետքը և հարևան երկրները միավորվել են Ասորեստանի (գլխավոր կենտրոն Աշշուր քաղաքի անունով) աշխարհակալ տերության կազմում: Երկրի ռազմատենչ արքաները (Թիգլաթպալասար I, մ. թ. ա. 1116–1090 թթ., և ուրիշներ) հաճախ են արշավել նաև Հայկական լեռնաշխարհ: Ասորեստանը հզորության բարձրակետին է հասել մ. թ. ա. VIII դարի 2-րդ կեսից մինչև VII դարի 1-ին կեսը: Նրա տիրապետությունն ու ազդեցությունը տարածվել են Իրանական սարահարթից մինչև Միջերկրական ծով, Պաղեստին և Փոքր Ասիայի հարավ: Առաջավոր Ասիայում գերիշխանության հասնելու համար Ասորեստանը մրցակցել է Վանի թագավորության (մ. թ. ա. IX–VII դարեր) հետ: Մ. թ. ա. VII դարի 2-րդ կեսից Ասորեստանն սկսել է թուլանալ: Նրա վաղեմի թշնամին՝ հզորացած Բաբելոնը, և նորաստեղծ Մարաստանը դաշինք են կնքել Ասորեստանի դեմ: Նրանց է միացել Պարույր Սկայորդին՝ հայկական զորքով: Մ. թ. ա. 612 թ-ին դաշնակիցները միացյալ ուժերով գրավել են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն (այժմ՝ Քույունջիկի բլուր՝ Իրաքում): Այդ արշավանքին մասնակցելու համար Պարույր Սկայորդին Մարաստանի թագավորից թագ է ստացել և ճանաչվել հայոց թագավոր: Մ. թ. ա. 605 թ-ին Ասորեստանը վերջնականապես կործանվել է: Մշակույթ: Շումերական քաղաք-պետությունների զարգացման ժամանակաշրջանը համարվում է շումերական քաղաքակրթության գագաթնակետը: Առաջինը շումերներն են պատրաստել ոսկե իրեր ու զենք, ոսկին օգտագործել արծաթի ու բրոնզի հետ զուգակցված, հայտնագործել գունավոր ապակին ու բրոնզը, անիվն ու սեպագիրը, կազմել առաջին օրենսգիրքը, հայտնագործել թվաբանությունը: Համմուրաբիի օրենքների ժողովածուն օրենսդրության հնագույն հուշարձանն է Միջագետքի՝ իրավական ու սոցիալ-տնտեսական կառույցի մասին (սեպագիրը՝ 9-մ-անոց բազալտե սյան վրա, հայտնաբերվել է Էլամի Շոշ մայրաքաղաքում, 1901–02 թթ-ին): Շումերներն առաջինն են փորձ արել բարոյապես հաղթահարել մահը և այն դիտել որպես դեպի հավերժություն տանող վիճակ: Շումերական դիցաբանության մեջ եղել են ոսկեդարի և դրախտային կյանքի պատկերացումները, որոնք հետագայում փոխանցվել են Առաջավոր Ասիայի այլ ժողովուրդների ու ներառվել աստվածաշնչյան սյուժեներում: Քրմերը կարողացել են ճշգրտությամբ որոշել տարվա տևողությունը` 365 օր 6 ժամ 15 րոպե 41 վայրկյան: Նրանք իմացել են Արեգակի ու աստղերի շարժման օրենքները և կանխագուշակել պետության կյանքի կարևոր իրադարձությունները: Շումերական ճարտարապետությունն ու քանդակագործությունն աչքի են ընկնում գեղարվեստական հղկվածությամբ: Կառուցվել են տաճարային համալիրներ՝ զիկկուրատներ, որոնք ոչ միայն հոգևոր կյանքի, այլև գիտամշակութային կենտրոններ էին: Շումերում է ստեղծվել աշխարհում առաջին՝ «Գիլգամեշ» էպոսը, նաև Համաշխարհային ջրհեղեղի մասին առասպելը, որը հետագայում հին հրեաները շարադրել են Աստվածաշնչում, որտեղ Զիուսուդրա արքայի փոխարեն հանդես է գալիս Նոյը: Բաբելոնական, քաղդեական և ասորական քաղաքակրթությունները հիմնականում եղել են շումերական քաղաքակրթության շարունակությունը: Ասորեստանի Աշուրբանիպալ (մ. թ. ա. 669–633 թթ.) թագավորը Նինվեում հավաքել է տասնյակհազարավոր պատմական, կրոնական և այլ բնագրեր՝ մոտ 30 հզ. կավե սալիկների վրա, ստեղծել է առաջին գրադարանը. հայտնի է որպես Աշուրբանիպալի գրադարան (հայտնաբերվել է Նինվեի պեղումների ժամանակ՝ 1949–54 թթ-ին): Բարձրաքանդակներով և որմնանկարներով է զարդարվել հատկապես Ասորեստանի Սարգոն II արքայի պալատը: Միջագետքում է ստեղծվել սեպագիրը, որը մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսին Առաջավոր Ասիայում վերածվել է միջազգային գրի համակարգի. սեպագիրն ստեղծել են շումերները, նրանցից փոխանցվել է բաբելոնացիներին ու աքքադացիներին: Սեպագիր արձանագրությունների 1 մլն-ից ավելի նմուշներ պահպանվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում: Սեպագիր արձանագրություններ են թողել աքքադները, բաբելոնացիները, էլամցիները, խեթերը, ասորեստանցիները, ուրարտացիները և ուրիշներ: Բաբելոնացիներից սեպագիրը փոխառել են պարսիկները, կատարելագործել այն՝ հարյուրավոր գրանշանների փոխարեն օգտագործելով ընդամենը 40-ը, որոնք նշանակել են վանկեր ու տառեր:
Փոքր Ասիայի երկրներ Մ. թ. ա. III հազարամյակի վերջերին Փոքր Ասիա թերակղզում առաջացել են Կուսսար, Քանես, Խաթթուաս և այլ քաղաք-պետություններ: Մ. թ. ա. XVII դարում Կենտրոնական Անատոլիայում կազմավորված Խեթական թագավորությունը մ. թ. ա. XIII դարի վերջին տրոհվել է մի քանի պետությունների, որոնց բնակիչները հիմնականում խեթերին ազգակից լուվիացիներն էին. այդ պետությունները կոչվում են լուվիական: Մ. թ. ա. VIII դարի վերջին Ասորեստանի Սարգոն II արքան նվաճել է լուվիական պետությունների մեծ մասը: Սակայն սկսված ապստամբությունը ճնշելու համար Փոքր Ասիա արշաված նրա զորքերը մ. թ. ա. 705 թ-ին պարտվել են, իսկ ինքը զոհվել է: Մեկ դար անց Լիդիայի պետությունը նվաճել է Փոքր Ասիան: Մ. թ. ա. X–VIII դարերում Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում հայտնի էր Փռյուգիայի թագավորությունը՝ Գորդիոն (հիմնադիր Գորդիոսի անունով) մայրաքաղաքով: Այն հզորության է հասել Միդաս արքայի օրոք: Մ. թ. ա. IX դարում իր տիրապետությունն է հաստատել Էգեյան ծովում: Մ. թ. ա. VIII դարի վերջից Արևելքում հաճախակի են դարձել ընդհարումներն Ասորեստանի հետ, իսկ մ. թ. ա. VII դարի 70-ական թվականներին նրա տարածքի զգալի մասը զավթել են կիմերները: Մ. թ. ա. VI դարում Փռյուգիան ընկել է հարևան Լիդիայի գերիշխանության տակ: Լիդիան հզորության է հասել Գիգես արքայի օրոք՝ մ. թ. ա. VIII դարի վերջին: Աշխարհում առաջին անգամ այնտեղ են դրամ հատել: Մ. թ. ա. 546 թ-ին Պարսից Կյուրոս II արքան գրավել է Լիդիայի մայրաքաղաք Սարդեսը, իսկ Դարեհ I-ը Փոքր Ասիան դարձրել է իր տերության սատրապություն:
Արևելյան Միջերկրականի երկրներ Արևելյան Միջերկրականը տարածվել է Տավրոսի լեռներից մինչև Եգիպտոս՝ ներառելով Սիրիան, Փյունիկիան, Պաղեստինը: Այն քաղաքակրթության հնագույն օրրաններից էր: Մ. թ. ա. III հազարամյակում երկրամասի քաղաք-պետություններից առավել նշանավորն Էբլան էր: Հզոր միջնաբերդ և պարիսպ ունեցող քաղաքում ապրել է 20–30 հզ. մարդ: Մ. թ. ա. XIII դարի վերջերին Աքքադի արքա Նարամսինը գրավել և ավերել է երկիրը: Հատկանշական է, որ Էբլայի հետ հիշատակվում է նաև Արմանումը, որն առնչվում է Արմենիա երկրանվանը: Միջերկրական ծովի արևելյան ափին (այժմյան Լիբանանի և Սիրիայի առափնյա մասերը) փյունիկյան հնագույն քաղաք-պետություններն էին Բիբլոսը, Սիդոնը, Արվադը և այլն: Փյունիկեցիներն Աֆրիկայի ծովափնյա շրջաններում հիմնել են գաղութներ (նշանավորներից էր Կարթագենը), նավարկել Ատլանտյան օվկիանոսում, կանոնավոր առևտուր արել Բրիտանական կղզիների բնակչության հետ. գնել են անագ և սաթ: Մ. թ. ա. XIII դարի վերջին հրեական 12 ցեղերի միությունը ներխուժել է Պաղեստին և նվաճել Քանանը: Այս իրադարձությունն Աստվածաշնչում ներկայացված է իբրև հրեաների ելքը Եգիպտոսից՝ Մովսես նահապետի առաջնորդությամբ: Հրեաների ստեղծած պետությունը (Հուդա) հզորացել է Դավիթ թագավորի (մ. թ. ա. 1000–965 թթ.) օրոք, որը մայրաքաղաք դարձրեց Երուսաղեմը: Նրա որդի Սողոմոնից հետո երկիրը բաժանվել է 2 պետության՝ հյուսիսում՝ Իսրայել՝ Սամարիա մայրաքաղաքով, հարավում՝ Հուդա՝ Երուսաղեմ մայրաքաղաքով: Մ. թ. ա. IX դարում Դամասկոսի արամեական թագավորությունը նվաճել է Իսրայելի մի մասը, իսկ Հուդան պարտավորվել է հարկ վճարել նրան: Մ. թ. ա. VIII դարի 2-րդ կեսին Ասորեստանը նվաճել է Իսրայելը, Դամասկոսը և Փյունիկիան, որոնք անկախացել են Ասորեստանի կործանումից հետո: Սակայն մ. թ. ա. 587 թ-ին Բաբելոնը կրկին գրավել է Երուսաղեմը և տասնյակհազարավոր հրեաների գերեվարել Միջագետք: Աքեմենյան տիրապետության (մ. թ. ա. 550–330 թթ.) շրջանում Արևելյան Միջերկրականի երկրները ծաղկում են ապրել: Կյուրոս Մեծը (մ. թ. ա. 558–530 թթ.) վերականգնել է ավերված Երուսաղեմը և հրեաներին ազատել «բաբելոնյան գերությունից»:
Իրանի պետությունները Մ. թ. ա. II հազարամյակի վերջին Իրանական սարահարթում ապրում էին բազմաթիվ հնդեվրոպալեզու ժողովուրդներ՝ մարեր, պարսիկներ, քոչվոր սակեր, մասսագետներ: Մ. թ. ա. XXII դարում Իրանի հարավում (Շումերից արևելք) փոքր քաղաք-պետությունները միավորվել են և ստեղծել Էլամ պետությունը՝ Շոշ մայրաքաղաքով: Մ. թ. ա. XII դարում Էլամի արքաները գրավել են Բաբելոնը և այնտեղից, որպես ռազմավար, տարել նաև Համմուրաբիի օրենքների արձանագրությունը: Սակայն շուտով Էլամը, պարտվելով Բաբելոնից, կորցրել է իր նվաճումները: Մ. թ. ա. VIII–VII դարերում Էլամը և Բաբելոնը միասին պայքարել են Ասորեստանի դեմ: Մ. թ. ա. 549 թ-ին Աքեմենյան պետությունը գրավել է Էլամը: Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող մարական ցեղերին Դեյովկա (Դեյոկես) թագավորը միավորել է և հիմնադրել Մարաստանը (Մեդիա) և նրա մայրաքաղաք Էկբատանը: Պետությունը հզորության գագաթնակետին է հասել Կիաքսար (մ. թ. ա. 625–585 թթ.) թագավորի օրոք: Նա հաղթել է երկիրն ասպատակող սկյութական ցեղերին և ստեղծել կանոնավոր բանակ: Մ. թ. ա. 612 թ-ին, դաշնակցելով Բաբելոնի արքայի և Պարույր Սկայորդու հետ, նվաճել է Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Հետագայում Մարաստանը հպատակեցրել է նաև Պարսկաստանը, Էլամը, Ուրարտուն ու Փոքր Ասիայի արևելյան մասը և դարձել ժամանակի հզորագույն պետություններից: Մ. թ. ա. 550 թ-ին Մարաստանն Աքեմենյան պետության կազմում էր: Իրանի հարավում ապրող պարսիկների (ֆարսեր) երկիրն ասորեստանցիներն անվանել են Պարսուա: Սկզբում պարսիկների թագավորությունը հպատակվել է Մարաստանին, սակայն մ. թ. ա. 553/552 թ-ին Պարսուայի և Անշանի Կյուրոս II Մեծ թագավորն ապստամբել է մարական թագավոր Աժդահակի (Աստիագես) դեմ, մ. թ. ա. 550 թ-ին տապալել է նրան, գրավել Էկբատանը և նվաճելով մարերի տիրապետության մեջ մտնող երկրները՝ հիմնադրել է պատմության մեջ առաջին աշխարհակալ պետություններից ամենամեծը՝ Աքեմենյան պարսկական տերությունը (մ. թ. ա. 550–330 թթ.). տարածվել է Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Հնդկաստան: Տիրակալությունը համախմբվել և հզորացել է Դարեհ I-ի (մ. թ. ա. 522–486 թթ.) բարենորոգումների շնորհիվ: 490 թ-ին Մարաթոնի ճակատամարտում Դարեհի պարտվելուց հետո նրա որդին՝ Քսերքսես I-ը (մ. թ. ա. 486–465 թթ.), և հաջորդները չեն կարողացել պարտության մատնել հույներին: Արտաքսերքսես I Երկայնաբազուկի (մ. թ. ա. 465–424 թթ.) օրոք անկախացել են Եգիպտոսը և Փոքր Ասիայի հունական քաղաքները: Դարեհ II-ի մահից (մ. թ. ա. 404 թ.) հետո գահակալական կռիվները բորբոքվել են Կյուրոս Կրտսերի և Արտաքսերքսես II-ի (մ. թ. ա. 404–358 թթ.) միջև: Մ. թ. ա. 401 թ-ին Կունաքսայի ճակատամարտում Կյուրոսը պարտվել է և սպանվել: Նրան օգնության եկած 10 հզ. հույն զինվորները Հայաստանի տարածքով վերադարձել են հայրենիք: Այդ մասին է Քսենոփոնի «Անաբասիս» երկը: Դարեհ III Կոդոմանոսը երկրի վերջին գահակալն էր (մ. թ. ա. 336–330 թթ.): Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները կործանել են Աքեմենյան տերությունը: Մշակույթ: Հին Իրանի մշակույթն ու կրոնը որոշակի ազդեցություն են ունեցել հարևան ժողովուրդների մշակույթների ու կրոնների զարգացման վրա: Մ. թ. ա. VII–VI դարերում իրանական մշակույթի կենտրոնը Մարաստանն էր: Ճարտարապետական գեղեցիկ կառույցներից էր Էկբատան մայրաքաղաքի արքայական պալատը: Հին Իրանի ճարտարապետության գլուխգործոցը մ. թ. ա. VI դարի վերջին հիմնադրված Պերսեպոլիս մայրաքաղաքն էր: Արքայական պալատի համալիրի գլխավոր մասը ընդունելությունների 2 շքեղ դահլիճներն էին՝ առաջինը՝ աստիճանակողերին Աքեմենյան տերության հպատակ ժողովուրդներին պատկերող քանդակներով, երկրորդը՝ Հարյուր սյուների դահլիճը: Դրանք կառուցել են չթրծված աղյուսից, ծածկը՝ փայտից, ցուլի պատկերով խոյակներով սյուները՝ քարից: Մ. թ. ա. 330 թ-ին Ալեքսանդր Մակեդոնացին գրավել է Պերսեպոլիսը և այրել: Հին Հնդկաստան Հնդկաստանի ժողովուրդներից հնագույնը դրավիդներն էին, որոնք հիմնականում բնակվում էին Հարավային Հնդկաստանում: Մ. թ. ա. III հազարամյակում Ինդոս գետի հովտի բազմաթիվ բնակավայրերից նշանավոր էին Մոհենջոդարո (բառացի՝ Մեռյալների բլուր) և Խարապպա քաղաքները: Մ. թ. ա. II հազարամյակի վերջերին հյուսիս-արևմուտքից Հնդկաստան ներխուժած արիական ցեղերը, նվաճելով Հյուսիսային Հնդկաստանի քաղաք-պետությունները, ստեղծել են մի շարք փոքր պետություններ և ստրկացրել տեղի ժողովուրդներին: Մ. թ. ա. 327 թ-ին Ալեքսանդր Մակեդոնացին նվաճել է Ինդոսի հովիտը: Նրա մահից (մ. թ. ա. 323 թ.) հետո Հնդկաստանում ապստամբություն է սկսվել` Չանդրահուպտայի գլխավորությամբ: Մ. թ. ա. 317 թ-ին, գրավելով Հյուսիսային Հնդկաստանը, նա հիմնադրել է Մաուրյան հարստությունն ու նույնանուն պետությունը: 305 թ-ին Չանդրահուպտայի և Սելևկոս I Նիկատորի կնքած հաշտությամբ Սելևկոսն ստացել է 500 մարտական փիղ և զիջել է այժմյան Աֆղանստանի և Բելուջիստանի մի շարք մարզեր: Չանդրահուպտայի որդի Բինդասարը (մ. թ. ա. մոտ 293–268 թթ.) գրավել է Հնդկաստանի մի շարք մարզեր: Մաուրյանների պետությունը, որի մայրաքաղաքը Պատալիպուտրան էր, հզորության գագաթնակետին է հասել Աշոկայի (մ. թ. ա. 268–232 թթ.) օրոք՝ ներառելով գրեթե ողջ Հնդկաստանը: Հովանավորվել է բուդդայականությունը: Մ. թ. ա. II դարի սկզբին Մաուրյանների պետության հուսիսարևմտյան մասը գրավել է Հունա-Բակտրիական թագավորությունը: Վերջին թագավոր Բրիհադրատհի սպանությունից (մ. թ. ա. 187/185 թթ.) հետո Մաուրյան պետությունը դադարել է գոյություն ունենալուց: Մաուրյանների պետությունն աշխույժ առևտուր է արել Ասիայի և միջերկրածովյան հելլենիստական երկրների հետ, դիվանագիտական հարաբերություններ ունեցել Սելևկյանների, Պտղոմեյանների, Մակեդոնիայի, Կիրենիայի և Էպիրոսի հետ: Այնուհետև երկիրը եղել է հիմնականում օտար տիրապետությունների տակ: Ենթադրվում է, որ II–IV դարերում ստրկատիրական կարգն սկսել է քայքայվել: Մշակույթ: Հին հնդկական մշակույթի հիմքը Խարապպայի քաղաքակրթությունն է (մ. թ. ա. III–II հազարամյակներ). կենտրոնը Մոհենջոդարոն էր: Հին հնդկական մշակույթում էական տեղ ունի վեդայական («վեդան» սանսկրիտերեն է. նշանակում է գիտելիք) ժամանակաշրջանի մշակույթը: Վեդան սուրբ գրությունների ժողովածու է. գրվել է մ. թ. ա. II հազարամյակի վերջին – I հազարամյակի սկզբին, որտեղ ներկայացված են աստվածների վարքը և խորհուրդներ՝ մարդու երկրային կյանքի կազմակերպման մասին: Այն հնդկական կրոնի՝ հինդուիզմի հիմքն է, որի հիմնական աստվածները 3-ն են՝ Բրահմա (արարիչ աստված), Վիշնու (պահպանիչ աստված) և Շիվա (ավերիչ և վերաշինիչ աստված). բոլորը, սակայն, մեկ միացյալ աստվածություն են՝ իրենց գործունեության տարբեր ոլորտներով: Մ. թ. ա. I հազարամյակի կեսերի ճարտարապետության մեջ կարևոր տեղ ունի քարանձավային ճարտարապետությունը, որի նմուշներից պահպանվել են Աջանդայում, Սանչիում և այլուր: Կառուցվել են նաև ստուպաներ (արհեստական բլուրներ՝ հովանոցաձև ծածկով)՝ երբեմն եգիպտական բուրգերի բարձրությամբ. դրանք բուդդայական պաշտամունքի տաճարներ են՝ Բուդդայի մասունքներով (մազեր, ատամ և այլն), իսկ պատերը զարդարված են Բուդդայի կյանքի դրվագները պատկերող որմնանկարներով ու քանդակներով: Աշխարհին հայտնի են հին հնդիկների ձեռբերումները բժշկության ու մաթեմատիկայի, լեզվաբանության, տրամաբանության ու հոգեբանության ոլորտներում: Արաբական թվերը կիրառության մեջ են դրել հին հնդիկները, նրանք են ներմուծել «0» թիվը՝ նշանակելու համար բուդդայական փիլիսոփայության մեջ հանդիպող «դատարկություն» հասկացությունը: Դեռևս V դարում հնդիկները (բնագետ Արյուբհատտա) իմացել են Երկրի՝ սեփական առանցքի և Արեգակի շուրջ պտույտի մասին: Հին հնդկական մշակույթը նկատելի աղերսներ ունի հին իրանական մշակույթի հետ:
Չինաստանի պետությունները Մ. թ. ա. III հազարամյակի վերջին Հուանհե գետի ավազանում ապրող ցեղերն անցել են նստակյաց կյանքի, իսկ մ. թ. ա. XVIII դարում կազմավորել են քաղաք-պետություններ, որոնք ղեկավարել են թագավոր-քրմերը: Մ. թ. ա. XII դարում Չժոու պետությունն իրեն է ենթարկել մյուս պետությունները և միավորել Հյուսիսային Չինաստանի մեծ մասը: Չժոուն գոյատևել է 700 տարի. այդ ընթացքում մեծապես զարգացել է Չինաստանի տնտեսությունը: Պետությունը ղեկավարել է ժառանգական իշխանությամբ օժտված թագավորը՝ վանը: Հյուսիսից ներխուժած քոչվոր ցեղերը մ. թ. ա. VI դարի վերջին կործանել են Չժոուն, հետագայում ձուլվել են տեղացիներին: Երկրի տարածքում առաջացած 7 թագավորությունները պայքարել են գերիշխանության համար: Հաղթել է Ցինը. ստեղծվել է մեծ կայսրություն, որը հետագայում կոչվել է Ցինաստան կամ Չինաստան: Ցին Շի Հուանդին (մ. թ. ա. 246–210 թթ.) միավորված Չինաստանի առաջին կայսրն էր: Նրա օրոք ստեղծվել է ոռոգման ջրանցքների ցանց, ընդունվել են դրամի, չափի ու կշռի միասնական միավորներ: Վերացվել են ժառանգական տիտղոսները: Տարածվել է ստրկությունը: Քոչվորներից պաշտպանվելու համար երկրի հյուսիսում սկսվել է Չինական մեծ պարսպի շինարարությունը: Ցին Շի Հուանդիից հետո երկրում սկսվել են գյուղացիների և ստրուկների ապստամբություններ, որոնց հետևանքով մ. թ. ա. 202 թ-ին տապալվել է Ցին հարստությունը: Ապստամբության առաջնորդներից Լյու Բանը հռչակվել է կայսր՝ սկզբնավորելով Հան կայսրությունը, որը հզորության է հասել Ու-Դի կայսեր օրոք (մ. թ. ա. 141–87 թթ.): Այդ ժամանակ կոնֆուցիուսականությունը ճանաչվել է պաշտոնական գաղափարախոսություն: Ու-Դիի բացած առևտրական ճանապարհը դեպի Միջին Ասիա և Իրան (հետագայում կապվել է նաև Եվրոպայի հետ) կոչվել է Մետաքսի մեծ ճանապարհ. փոխադրվող հիմնական ապրանքը չինական մետաքսն էր, որի ստացման եղանակը չինացիները գաղտնի էին պահում: Մետաքսի ճանապարհի երկարությունն ավելի քան 7 հզ. կմ էր, որի մի հատվածը Իրանի հյուսիսային շրջաններից ձգվում էր Երասխի հովիտ՝ Ջուղայի գետանցով դեպի Նախճավան և Արտաշատ, այնտեղից՝ Սև ծովի նավահանգիստներ: Գործել է մինչև XVI դարը, XX դարի վերջին վերականգնվել է երկաթուղային գծերի միջոցով: Չինաստանից արտահանել են նաև թեյ, բրինձ, ճենապակի, երկաթ ու ոսկի: Գյուղացիական պատերազմների հետևանքով թուլացած Հան հարստությունը 220 թ-ին տապալվել է, որով վերջնականապես անցում է կատարվել ստրկատիրական հասարակարգից ավատատիրականի: Մշակույթ: Բուն չինական մշակույթը ձևավորվել է մ. թ. ա. XIV դարում՝ Ին պետության կազմավորումից հետո: Այդ շրջանում չինացիներն արդեն ստեղծել էին օրացույցը և ներկայիս հիերոգլիֆի նախատիպը: Չինաստանը կողմնացույցի, արագաչափի, սեյսմոգրաֆի, վառոդի, գրատպության, ճենապակու և բազմաթիվ այլ հայտնագործությունների հայրենիքն է: Մաթեմատիկոսները լուծել են առաջին աստիճանի հավասարումներ, հաշվել շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերությունը: Աստղաբաշխները կազմել են տեսանելի աստղերի ցանկեր, հետևել նրանց և Արեգակի շարժումներին: Զարգացած էր չինական բժշկությունը. այստեղ է տպագրվել դեղագիտության առաջին ձեռնարկը, թմրանյութերի կիրառմամբ արվել են վիրահատություններ, նկարագրվել և իրականացվել են ասեղնաբուժությունը, այրումով ու մերսումով բուժման եղանակները: Հայտնի են Չինական մեծ ջրանցքը (մ. թ. ա. XI – մ. թ. XIX դարեր) և Չինական մեծ պարիսպը (մ. թ. ա. IV–III դարերից –1644 թ.): Չինացիների հոգևոր կյանքում ձևավորվել է ամենօրյա վարվելակարգի ավանդույթ. առաջացել է տոհմի կամ ընտանիքի ավագների պաշտամունք:
|