Ադոլֆ Հիտլերը Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության առաջնորդն էր, գերմանական ֆաշիստական պետության (Երրորդ ռայխ) հիմնադիրն ու ղեկավարը, Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) սանձազերծողն ու գլխավոր ոճրագործը:
Ադոլֆ Հիտլերը ծնվել է մաքսատան ծառայողի ընտանիքում: Միջնակարգ դպրոցը չի ավարտել: Երազել է դառնալ նկարիչ, սիրել է արկածային գրականություն: 1908 թ-ին ընդունվել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիան, բայց առաջին կուրսից դուրս է մնացել: Խուսափելով զինվորական ծառայությունից՝ 1913 թ-ին Վիեննայից տեղափոխվել է Մյունխեն, 1914 թ-ին ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) սկզբից կամավոր մեկնել է բանակ. ստացել է եֆրեյտորի կոչում, պարգևատրվել Երկրորդ կարգի Երկաթե խաչի (1914 թ.) և Առաջին կարգի Երկաթե խաչի (1918 թ.) շքանշաններով: Հիտլերը ծանր հիասթափություն է ապրել Գերմանիայի կապիտուլյացիայից հետո: Նա խորապես համոզված էր, որ գերմանացիները զտարյուն արիացիներ են, ունեն հատուկ առաքելություն, և պարտության համար մեղադրել է հակազգային հրեաներին. այդ մեղադրանքի հիման վրա էլ ձևավորվել է նրա «ռասիստական, հակասեմիտական» գաղափարախոսությունը: 1921 թ-ից Հիտլերը Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության (ԳՆՍԲԿ) ղեկավարն էր: 1923 թ-ին Մյունխենում ձախողվել է գեներալ Լյուդենդորֆի հետ պետական հեղաշրջման նրա փորձը. Հիտլերը ձերբակալվել է, դատապարտվել 5 տարվա ազատազրկման, սակայն 10 ամսից ազատ է արձակվել: Բանտում գրած «Իմ պայքարը» կենսագրական գրքում ձգտել է ապացուցել, որ Գերմանիային այդ վիճակից կարող է դուրս բերել և հզոր պետություն դարձնել միայն ուժեղ ղեկավարը՝ ֆյուրերը՝ այդ դերում տեսնելով հենց իրեն: Հետագա տարիներին Հիտլերին ու նրա զինակիցներին հաջողվել է երկրում տարածել և արմատավորել ազգայնամոլության՝ շովինիզմի գաղափարախոսությունն ու քաղաքականությունը և բնակչության, խոշոր արդյունաբերողների ու հրամկազմի շրջաններում իրենց համար ապահովել վստահելի հենարան: 1932 թ-ի նախագահական ընտրություններում հաղթել է ԳՆՍԲԿ-ն: 1933 թ-ի հունվարին Հիտլերը հռչակվել է ռայխսկանցլեր (վարչապետ), իսկ նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի մահից հետո՝ 1934 թ-ին, իր ձեռքում է կենտրոնացրել ողջ իշխանությունը՝ միավորելով ռայխսկանցլերի ու նախագահի պաշտոնները: Դառնալով նաև զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ Հիտլերը ճնշել է ընդդիմադիր շարժումները, միլիոնավոր մարդկանց նետել համակենտրոնացման ճամբարներ, Գերմանիայում ապրող հրեաներին զրկել բոլոր իրավունքներից: Հիտլերն էական բարեփոխումներ է իրականացրել երկրում. հիմնականում վերացվել է գործազրկությունը, մեծաքանակ օգնություն է տրամադրվել կարիքավոր ընտանիքներին, հաճախակի կազմակերպվել են մշակութային և մարզական միջոցառումներ, վերակազմավորվել են արդյունաբերական ձեռնարկությունները, կատարվել է ծավալուն շինարարություն, բնակչության շրջանում սկսվել է ռևանշիստական քարոզչություն: Այդ ամենի նպատակը Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի կրած պարտության համար վրեժխնդիր լինելն էր: 1934 թ-ին Հիտլերը հայտարարել է Գերմանիայի՝ 1919 թ-ի Վերսալյան պայմանագրից դուրս գալու մասին (պայմանագրով սահմանափակվում էին Գերմանիայի ռազմական հզորացմանը նպաստող գործողությունները) և սկսել է տանկային զորամիավորումների կազմավորումն ու ռազմական ավիացիայի վերականգնումը: Իսպանիայում քաղաքացիական կռիվների ժամանակ (1936–38 թթ.) Գերմանիան մեծ օժանդակություն է ցուցաբերել գեներալ Ֆրանկոյին, 1938 թ-ին գրավել է Ավստրիան, 1939 թ-ի սեպտեմբերի 1-ին հարձակվել է Լեհաստանի վրա՝ սանձազերծելով Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1939–40 թթ-ին հիտլերյան բանակը գրավել է Լեհաստանը, Չեխոսլովակիան, Նորվեգիան, Դանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Ֆրանսիան, 1941 թ-ին՝ Հունաստանը, Խորվաթիան: 1941 թ-ի հունիսի 22-ին, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվել է ԽՍՀՄ-ի վրա, կարճ ժամանակամիջոցում գրավել Մերձբալթյան երկրները, Բելոռուսիան (այժմ՝ Բելառուս), Ուկրաինան, Մոլդավիան (այժմ՝ Մոլդովա), Ռուսաստանի մի մասը, հասել մինչև Մոսկվայի մատույցները, մինչև Ստալինգրադ (այժմ` Վոլգոգրադ) և Հյուսիսային Կովկաս: Բռնագրավված երկրներում խաղաղ բնակչությանը և ռազմագերիներին զանգվածաբար ոչնչացրել կամ քշել են համակենտրոնացման ճամբարներ: Հիտլերն այս գործողությունների հիմնական ոգեշնչողն ու գլխավոր կազմակերպիչներից էր: Կանխազգալով ֆաշիստական Գերմանիայի մոտալուտ պարտությունը՝ կայսերական գրասենյակի գետնահարկում Հիտլերն ինքնասպան է եղել:
|