Հնագիտությունը հիմնականում պեղածո նյութերի հիման վրա մարդկության պատմական անցյալն ուսումնասիրող գիտություն է: Հնագիտության (արխեոլոգիա) ուսումնասիրության առարկան անցյալի կառույցներն են, դամբարանները, աշխատանքի գործիքները, կենցաղային պիտույքները, զենքերը և այլն:
Հնություններ գտնելու նպատակով Բաբելոնի թագավոր Նաբոնիդն առաջին պեղումները կատարել է դեռևս մ. թ. ա. VI դարում: Հույն պատմիչ Թուկիդիդեսը (մ. թ. ա. մոտ 460–400 թթ.) գործածել է «արխայոլոգիա» հասկացությունը: Պատմահայր Մովսես Խորենացին (V դար) այդ իմաստով օգտագործել է «հնախոս» և «հնախոսություն» (նշանակում էր հնի մասին գիտելիքների ամբողջությունը) հասկացությունները: Նապոլեոն I-ի եգիպտական արշավանքը (1798–1801 թթ.) եվրոպական գիտությանը հնարավորություն է տվել ծանոթանալու Հին Եգիպտոսի հուշարձաններին. սկիզբ է դրվել Հին Արևելքի հնագիտությանը: Պետրոս I-ը հավաքել է հնագիտական առարկաներ և 1718 թ-ին հրապարակել հնությունների վերաբերյալ հրահանգներ: 1870-ական թվականներին գերմանացի հնագետ Հենրիխ Շլիմանը Տրոյայում և Միկենքում պեղումներով բացահայտել է Հոմերոսի պոեմների պատմական հիմքը: Անտիկ մշակույթի ուսումնասիրության համար կարևոր նշանակություն են ունեցել Աթենքի, Սպարտայի, Միլեթի, Պերգամոնի և այլ քաղաքների պեղումները: XX դարի մեծ հայտնագործություններից են Թութանհամոն փարավոնի դամբարանը Եգիպտոսում, ավելի քան 2 մլն տարվա հնություն ունեցող Օլդուվայան հինքարեդարյան մշակույթը Աֆրիկայում և այլն: Հնագիտական պեղումներով ապացուցված է, որ Հայկական լեռնաշխարհը մարդու բնակության հնագույն կենտրոններից է և քաղաքակրթության օրրաններից: Հայաստանում հնագիտական առաջին պեղումները կատարել է պատմաբան, հնագետ Ալեքսանդր Երիցյանը: 1871 թ-ին Որնակ (այժմ՝ Ակներ՝ Ալավերդի քաղաքի շրջագծում) գյուղի մոտ նա պեղել է վաղ երկաթի դարի 23 դամբարան: Մեծածավալ պեղումներ են կատարել նաև Երվանդ Լալայանը և Ժան-Ժակ Մարի դը Մորգանը՝ Սևանի ավազանում և Գուգարքում: Մորգանը 1909 թ-ին Արտին լեռան լանջերին հայտնաբերել է քարեդարյան կայաններ: 1898–99 թթ-ին՝ Լեհման-Հաուպտի և Բելքի գլխավորած գերմանական արշավախումբը, իսկ 1916 թ-ին Հովսեփ Օրբելին և Նիկողայոս Մառը պեղումներ են արել Վանում: Ամենաարժեքավորը Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախմբի պեղումներն էին Անիում: XX դարի 20-ական թվականների վերջից մինչև 30-ական թվականների կեսը Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի և մշակույթի ինստիտուտի նախաձեռնությամբ պեղումներ են արվել Էլարում (այժմ՝ ք. Աբովյան), Գոլովինոյում (այժմ՝ Դիլիջանի շրջագծում), Վաղարշապատում, Ամբերդում, Շենգավիթում և այլուր: 1937 թ-ին՝ Սմբատ Տեր-Ավետիսյանի, հետագայում Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ սկսվել են Դվինի, իսկ 1939 թ-ին՝ Բորիս Պիոտրովսկու ղեկավարությամբ՝ Վանի թագավորության Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի կանոնավոր պեղումները: Հետպատերազմյան տարիները նշանավորվել են Հայաստանի հին և հնագույն շրջանների ուսումնասիրություններով: Բաբկեն Առաքելյանը և Գևորգ Տիրացյանը ղեկավարել են Գառնիի, Արմավիրի, Արտաշատի պեղումները: Արժեքավոր են նաև Վանի թագավորության Էրեբունի (Կոստանդին Հովհաննիսյան) և Արգիշտիխինիլի (Հարություն Մարտիրոսյան, Կորյուն Ղաֆադարյան) քաղաքների ուսումնասիրությունները: Հայաստանում հնագիտական աշխատանքները գլխավորում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, որը պեղումներ է ծավալել նաև ԼՂՀ-ում՝ արտերկրի (ԱՄՆ, Բելգիա, Իտալիա, Ֆրանսիա) գիտնականների համագործակցությամբ: 2005 թ-ին Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ արշավախումբը ճշգրտել է Արցախի Տիգրանակերտի տեղը և 2006 թ-ին սկսել պեղումները: Հնագիտության կարևոր կենտրոններ են նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնն ու հնագիտության ամբիոնը, ՀՊԹ-ը: Հնագիտական պեղումներով հայտնաբերված նյութերը պահպանվում և ցուցադրվում են թանգարաններում, իսկ պեղված հնավայրերի մի մասը վերածվել է բացօթյա թանգարանների:
|