Четверг, 26.06.2025, 00:49Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 1 » Հոգևոր երաժշտություն
17:39
Հոգևոր երաժշտություն
Հոգևոր երաժշտությունը երաժշտական մշակույթի հնագույն ճյուղերից է, հոգևոր (պաշտամունքային) բովանդակությամբ վոկալ և վոկալ-
գործիքային ստեղծագործությունների ամբողջությունը:

Հոգևոր երաժշտությունը չափազանց բազմաժանր և բազմաձև է: Հաճախ անմիջական կապ չունենալով եկեղեցական արարողության հետ՝ կատարվում է նաև եկեղեցում, երբեմն նույնացվում բուն եկեղեցական երաժշտությանը (քրիստոնեական ժամասացությանն ուղեկցող երաժշտություն): Արտաեկեղեցական հոգևոր երգերը հատկանշական են բազմաթիվ ազգերի ժողովրդական արվեստին. հայտնի են իտալական լաուդաները, իսպանական կանտիգասները, չեխական հուսյան երգերը, ռուսական և ուկրաինական կանտերը, ամերիկյան սևամորթների սպիրիչուելները, մերձավորարևելյան հոգևոր բայաթիները և այլն: 
Պրոֆեսիոնալ հոգևոր երաժշտության մեջ դեռևս Վաղ Վերածննդի դարաշրջանից կարևոր նշանակություն են ունեցել մեծակտավ ժանրերը՝ մեսսան, ռեքվիեմը, պասսիոնը, խորալը, օրատորիան, մոտետը, կանտատը և այլն: Աստվածաշնչյան-ավետարանական տեքստերը դարձել են մարդկային խոր ապրումների դրսևորման, կյանքի ու մահվան և հավիտենական այլ խնդիրների արծարծման հիմքը: Այդպիսի երկեր են ստեղծել Յոհան Բախը, Գեորգ Հենդելը, Յոզեֆ Հայդնը, Լյուդվիգ Բեթհովենը, Ջուզեպպե Վերդին, Յոհաննես Բրամսը, Շառլ Գունոն, Միխայիլ Գլինկան, Սերգեյ Ռախմանինովը և ուրիշներ:
Հայ իրականության մեջ հոգևոր երաժշտությունը ձևավորվել է IV–V դարերում: Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն (301 թ.) և գրերի գյուտը (405 թ.) խթանել են հոգևոր երգարվեստի զարգացումը: Առաջին ինքնուրույն հոգևոր երգերը կցուրդներն են (V դար), որոնցով սկզբնավորվել է հայ ազգային շարականերգությունը: Կցուրդներն ավանդաբար վերագրվել են Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Ա Պարթևին, Մովսես Խորենացուն և Հովհաննես Ա Մանդակունուն: Հնագույն շարականներն ստեղծվել են հունական նմանատիպ երգերի օրինակով և շարադրվել ազատ: Չափածո շարականների զարգացմանը նպաստել է հատկապես Ներսես Շնորհալին: Նախապես շարականներն ազատ երգել են եկեղեցում: Սակայն VIII դարում սահմանվել է ժամերգության պաշտոնական երգացանկ՝ կանոն, որից դուրս մնացած շարականները համարվել են անվավեր կամ պարականոն: Այդ կանոնի վավերացումը կապվում է Ստեփանոս Սյունեցու անվան հետ: Նշանավոր շարականագիրներից են Անանիա Շիրակացին, Սահակդուխտը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Ներսես Լամբրոնացին, Գրիգոր Սկևռացին, Կիրակոս Երզնկացին և ուրիշներ:
IV դարից Հայ եկեղեցում ժամասացությունների ընթացքում երգել են սաղմոսներ (հոգևոր երգեր են): Հայոց Ծիսարանը և հատկապես Ժամագիրքը հիմնականում կազմված են սաղմոսներից: Հոգևոր հայրերը, սաղմոսներից ներշնչված, ստեղծել են շարականները, գանձերը, տաղերը, իսկ Նարեկացին, Շնորհալին և ուրիշներ գրել են աղոթքները: Սաղմոսները ոչ միայն սովորեցնում են ապրել երկյուղածությամբ՝ ապավինելով Աստծուն, այլև ուսուցանում են, թե ինչպես և ինչ խոսքերով պետք է աղոթել զանազան իրավիճակներում ու փորձությունների պահին: 
Սաղմոսների գիրքը կամ Սաղմոսարանը կոչվում է «Գիրք սաղմոսաց Դավթի», որտեղ 151 սաղմոսներից 73-ի խորագրերում հիշատակված է հրեաների Դավիթ թագավորի անունը: Նա է հիմնական հեղինակն ու կազմողը. հիշատակված են նաև մյուս հեղինակները (Մովսես, Սողոմոն, Ասափ և ուրիշներ): Միջնադարում Սաղմոսարանը եղել է դասագիրք: 
Հայ հոգևոր երաժշտությունը վերելք է ապրել X–XIV դարերում: Առանձնակի նշանակություն ունի Գրիգոր Նարեկացու տաղարվեստը. նրա մեղեդիներով պահպանված «Հավուն, հավուն», «Հավիկ», «Ահեղ ձայնս», «Սայլն այն իջաներ», «Աչքն ծով ի ծով» տաղերը երաժշտաբանաստեղծական արվեստը հարստացրել են մեղեդային վառ կերպարներով: Հոգևոր երաժշտության գագաթներից է Ներսես Շնորհալու ստեղծագործությունը: Հայտնի են նրա «Հիշեսցուք ի գիշերի», «Զարթիք փառք իմ», «Առավոտ լուսո», «Աշխարհն ամենայն», Արևագալի երգերը, բազմաթիվ շարականներ ու տաղեր: 
XV–XVIII դարերում տարածված էին Տաղարանները, որոնք ամփոփել են հոգևոր, նաև աշխարհիկ տաղեր, ավետիսներ, գանձեր, ողբեր և այլն: 
1813 թ-ին կոմպոզիտոր Համբարձում Լիմոնճյանի ստեղծած հայկական նոր նոտագրությամբ փորձ է արվել ձայնագրել Շարակնոցը: 1866 թ-ին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը Էջմիածին է հրավիրել երաժշտագետ Նիկողայոս Թաշճյանին՝ տեղի ավանդական եղանակները ձայնագրելու, տարատեսակ հնչող հոգևոր երգերը միօրինակ դարձնելու նպատակով. այդ աշխատանքներին մասնակցել է նաև կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: 1878 թ-ին ավարտվել են Պատարագի, Ժամագրքի և Շարակնոցի երգասացությունների վավերացման ու հրատարակման աշխատանքները: Շրջադարձային էր նաև Մակար Եկմալյանի Պատարագի բազմաձայն մշակումը, որի շնորհիվ հոգևոր երաժշտությունը հնչել է ոչ միայն եկեղեցիներում, այլև համերգային դահլիճներում: Հոգևոր երաժշտության զարգացման նոր փուլ են նշանավորել Կոմիտասի ստեղծագործությունն ու գիտական գործունեությունը: Մակար Եկմալյանի և Կոմիտասի Պատարագները հայ խմբերգային դասական երաժշտության առաջին մեծակտավ ստեղծագործություններն են:
Հոգևոր երաժշտությունը մեծապես ազդել է 1960–90-ական թվականների հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների վրա. նրանց մի շարք բարձրարժեք գործեր ազգային երաժշտական նոր դասականության դրսևորումներ են, որտեղ նորովի են մարմնավորված հոգևոր երաժշտության հարուստ ավանդույթները. ուշագրավ են Գրիգոր Սյունու, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտին Իսրայելյանի, Սերգեյ Աղաջանյանի, Երվանդ Երկանյանի, Արզաս Ոսկանյանի և ուրիշների սիմֆոնիկ, խմբերգային, վոկալ-գործիքային կամերային գործերը: 1990-ական թվականներից կազմակերպվում են հոգևոր երաժշտության  փառատոներ,  գիտաժողովներ, լույս են տեսնում գիտական ուսումնասիրություններ («Գանձասար» աստվածաբանական կենտրոնի հրատարակած «Շարականը», հատոր 1, 1997 թ., Հայ հոգևոր երաժշտության կատարման, ուսումնասիրության և վավերագրման պետական կոմիտեի «Մանրուսում» տարեգիրքը, հատոր 1, 2001 թ., ԵՊՀ-ի հրատարակած «Շարականներ» ժողովածուն, 2001 թ., և այլն):
Просмотров: 449 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: