Իվան Ահեղը Ռուսաստանի 1-ին ցարն է, ականավոր պետական գործիչ, խորաթափանց քաղաքագետ, ռուսական կենտրոնացված պետության հիմնադիրը:
Մեծ իշխան (1533 թ-ից) Իվան IV Վասիլևիչը 1547 թ-ի հունվարի 16-ին թագադրվել, դարձել է Ռուսաստանի առաջին ցարը: Պետական կառավարմանը նրա գործուն մասնակցությունն սկսվել է այսպես կոչված Ընտրյալ ռադայի (1549–60 թթ.) ստեղծումով: Ինքնակալական իշխանությունն ամրապնդելու և ուժեղ կենտրոնացված պետություն ստեղծելու նպատակով բարեփոխումներ է կատարել կենտրոնական ու տեղական կառավարման, իրավունքի, բանակի և այլ ոլորտներում: Իվան IV-ը 1550 թ-ին ղեկավարել է «Դատաստանագրքի» կազմման գործը: 1547–52 թթ-ին Ռուսաստանին է միացրել Կազանի, 1556 թ-ին՝ Աստրախանի խանությունները: Նրանից կախման մեջ են ընկել Սիբիրի խանությունը (1555 թ.) և Մեծ Նողայի հորդան (1557 թ.): Իվան IV-ը վարում էր Ոսկե Հորդայի խաների դեմ պայքարը շարունակելու, պետության արևելյան սահմաններն ընդարձակելու և արևմուտքում Բալթիկ ծովի ափերին տիրելու քաղաքականություն: Լիվոնյան պատերազմում (1558–83 թթ.) առաջին հաջողություններից հետո Ռուսաստանը հարկադրված էր միաժամանակ պատերազմել Լիտվայի, Լեհաստանի, Դանիայի և Շվեդիայի դեմ: Ի վերջո պարտություն կրեց և կարողացավ պահպանել միայն Նևայի գետաբերանը: Բոյարաիշխանական ընդդիմությունը ջախջախելու և ինքնակալությունն ամրապնդելու համար 1565–72 թթ-ին Իվան IV-ը դիմել է այսպես կոչված օպրիչնինայի քաղաքականությանը, որը ծայրահեղ դաժան միջոցառումների համակարգ էր և ավելի վատթարացրեց Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական դրությունը: Ժողովուրդն Իվան IV-ին տվել է Ահեղ մականունը՝ որպես հզոր կառավարչի, բռնակալ ցարի, որի հեռատեսությունը, եռանդը և նպատակասլացությունը զուգորդվել են անկանխատեսելի պոռթկումներով ու դաժանությամբ: Նրա արյունալի հաշվեհարդարներին, զանգվածային բռնություններին զոհ են դարձել ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլև տասնյակ հազարավոր գյուղացիներ: 1582 թ-ին ցասման պահին նույնիսկ սպանել է իր ավագ որդուն՝ գահաժառանգ Իվանին, և զրկվել արժանավոր ժառանգորդ ունենալու հնարավորությունից: Իվան Ահեղը ժամանակի կրթված մարդկանցից էր՝ օժտված գրական տաղանդով, և մեծապես նպաստել է գրատպության կազմակերպմանը երկրում: Նրա նախաձեռնությամբ են կառուցվել Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարը և այլ շինություններ: Իվան Ահեղի կերպարն արտացոլվել է ժողովրդական ստեղծագործություններում, գրական երկերում, կերպարվեստի և քանդակագործության մեջ, կինոյում:
|