Ջրարջերը (ենոտներ) կազմում են գիշատիչների կարգի կաթնասունների առանձին ընտանիք: Ընդգրկում է 7 սեռի 20 տեսակ, որոնց մեծ մասը բնակվում է Ամերիկա աշխարհամասում: Ջրարջերի մեծամասնությունն անտառի բնակիչներ են: Գերադասում են ջրամբարներով տարածքները: Հաճախ բները կառուցում են բնակավայրերին մոտ, քանի որ հաճույքով ուտում են մարդու սննդի թափոնները: Նրանք լավ լողում են և ծառ մագլցում: Մթնշաղային, ամենակեր կենդանիներ են: Սնվում են վայրի հատապտուղներով, մանր թռչուններով ու նրանց ձվերով, անտառային միջատներով, որդերով, ձկներով, գորտերով, խեցգետիններով և երկփեղկ փափկամարմիններով: Նրանց առջևի թաթերը գործում են ձեռքերի նման. երկար ու ճկուն մատներով կարող են բացել փափկամարմնի խեցու փեղկերը և նույնիսկ հանգույցներ արձակել ու կողպեք բացել: Սովորաբար ջրարջերն ապրում են միայնակ: Էգին գտնելու համար արուն երկար թափառում է: Ապրիլ-մայիսին էգը ծնում է 4–5 կույր ու մերկ ձագեր, որոնք դանդաղ են աճում և միայն 8-շաբաթականում են դուրս գալիս բնից: Ինքնուրույն կյանք են վարում ամռան վերջին: Ամենատարածվածը լվացարար ջրարջն է: Այս մորթատու գազանը բնակվում է Կենտրոնական Ամերիկայում, կլիմայավարժեցվել է Եվրոպայի մի շարք երկրներում (այդ թվում՝ Հյուսիսային Կովկասում): Մորթին խիտ է, դեղնադարչնագույն, պոչը՝ գորշ դարչնագույն օղակներով: Գերադասում է ջրամբարներով խառնանտառները: Սնունդն ուտելուց առաջ լվանում է ջրում (այստեղից՝ լվացարար անվանումը): Յուրատեսակ արտաքին ունի երկարադունչ ջրարջը. գլուխը դիմային մասում երկարացած է, վերին շրթունքը և քիթը փոքր, շարժուն կնճիթի նման առաջ են ձգված: Սովորաբար հանդիպում են խմբերով՝ 5–40 անհատ: Բնակվում են արևադարձային և մերձարևադարձային անտառներում: Նրանց որսում են համեղ մսի համար: Փոքր պանդան համանուն սեռի միակ ներկայացուցիչն է: Ապրում է Չինաստանի լեռնային անտառներում և Հիմալայներում: Մարմնի երկարությունը 51–63 սմ է, պոչինը՝ 28–48 սմ: Գլուխը կլոր է, դունչը՝ սպիտակավուն: Մորթին փափուկ է, շեկ, մարմնի ստորին հատվածը և ոտքերը մուգ են: Ի տարբերություն մյուս տեսակների՝ սնվում են նաև հնդկեղեգի ընձյուղներով, խոտաբույսերով, բույսերի արմատներով և այլն: Երբեմն փոքր պանդային դասում են արջերի ընտանիքին կամ մեծ պանդայի հետ առանձնացնում 1 ընտանիքում:
|