Ջրային մարզաձևերով մարդիկ զբաղվել են վաղ անցյալից. դրանք հայտնի են ոչ միայն որպես սպորտի տարատեսակ, այլև հանգստի և զվարճանքի միջոց: Կատարվել են նաև ջրին առնչվող բազմաթիվ տոներ: Ջրային մարզաձևերով զբաղվում են լողավազանում, գետերում, լճերում և նույնիսկ ծովում: Ջրային մարզաձևեր են լողը, ջրացատկը, գեղալողը (համաժամանակյա լող), սերֆինգն ու վինդսերֆինգը, թիավարությունը, ջրադահուկային, առագաստային, ջրաշարժիչային սպորտը և այլն: Սրանցից յուրաքանչյուրում մարզիկն օգտագործում է էներգիայի տարբեր տեսակներ. լողում և թիավարությունում՝ մկանների ուժի, առագաստային սպորտում և սերֆինգում՝ քամու և ալիքների, ջրաշարժիչային սպորտում՝ շարժիչի ուժի էներգիաները և այլն: Ջրային մարզաձևերով զբաղվող մարզիկները նախապես սովորում են լավ լողալ, սակայն արագընթաց գետերում և ծովում այդ մարզաձևերով անվտանգ զբաղվելու համար նույնիսկ գերազանց լողորդները կրում են փրկարարական բաճկոններ:
Լողավազանային ջրային մարզաձևեր Լողավազանում անցկացվող մարզաձևերից ամենահայտնին լողն է: Այն օլիմպիական մարզաձև է դարձել 1896 թ-ից, երբ կայացան մեր ժամանակների 1-ին Օլիմպիական խաղերը: Լողավազանում են ացկացվում նաև ջրացատկի մրցումները: Ջրացատկը օլիմպիական մարզաձև է դարձել 1904թ-ից: Այն բաղկացած է 2 մրցաձևից՝ 1 և 3-մետրանոց ոստնակացատկերից և 10-մետրանոց աշտարակացատկից: Մասնակցում են և՜ տղամարդիկ, և՜ կանայք: Հայ ջրացատկորդներից համընդհանուր ճանաչման են արժանացել Ս. Քոչարյանը, Փ. Սարիբեկյանը, Դ. Համբարձումյանը (Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մրցանակակիր), ջրացատկորդուհի Ս. Էմիրզյանը (Օլիմպիական խաղերի մրցանակակիր) և ուրիշներ: Լողավազանում անցկացվող ջրային մարզաձևերից է նաև գեղալողը կամ համաժամանակյա լողը, որով զբաղվում են միայն կանայք: Գեղալողը 1992 թ-ից դարձել է օլիմպիական մարզաձև: Մարզուհիները մրցում են մենալողում, զուգալողում և խմբային (քառյակ, վեցնյակ, ութնյակ) լողում: Երաժշտության ուղեկցությամբ մարզուհիները ջրում կատարում են համաժամանակյա տեղաշարժեր և կազմում բազմապիսի պատկերներ: Ջրագնդակ մարզաձևը գնդակով թիմային մարզախաղ է: 1900 թ-ից օլիմպիական մարզաձև է: Մրցում են 7-ական մարզիկներից (դարպասապահ և 6 խաղացող) բաղկացած 2 թիմ: Խաղի նպատակն է 30x20 մ չափերով լողավազանում 18 րոպեի ընթացքում գնդակը ձեռքով միմյանց փոխանցելով հնարավորինս շատ անգամ խոցել հակառակորդի` 3 մ երկարությամբ և 0,9 մ բարձրությամբ դարպասը:
Ստորջրյա սպորտ Ստորջրյա սպորտն ընդգրկում է ստորջրյա արագընթաց լողի, կողմնորոշման, ստորջրյա տուրիզմի և որսորդության մրցումները՝ հատուկ հանդերձանքի (լողաթաթեր, դիմակ, աքվալանգ) օգտագործմամբ: Ստորջրյա արագընթաց լողի ձևերն են՝ լող աքվալանգով, լող լողաթաթերով, սուզում լողաթաթերով: Մրցումներն անցկացվում են ջրավազանում՝ տարբեր լողատարածություններում: Մասնակցում են և՜ տղամարդիկ, և՜ կանայք: Այս մարզաձևում հայ մարզիկներից լավագույն արդյունքի է հասել ստորջրյա լողորդ Շ. Կարապետյանը՝ սահմանելով 10 համաշխարհային ռեկորդ:
Սերֆինգ և վինդսերֆինգ Սերֆինգը ջրի վրայով սահքն է հատուկ տախտակով՝ սերֆերով, որը սովորաբար պատրաստվում է թեթև, ամուր պլաստմասսայից և պատվում է խեժով ու ապակեթելքով: Այս մարզաձևի մրցումներն անցկացվում են ծովափնյա վայրերում: Ավելի քան 200 տարի առաջ բրիտանացի ծովագնացներն առաջինն են տեսել, թե ինչպես են Խաղաղ օվկիանոսում գտնվող Հավայան կղզիների բնակիչներն զբաղվում սերֆինգով: Այս մարզաձևով զբաղվելու ամենանպաստավոր վայրերից են Ավստրալիայի և Կալիֆոռնիայի ծովափերը: Սերֆինգում մարզիկի նպատակն է «բռնել» ծովային ալիքն ու բարձրանալ նրա վրա և վայր սահել ալիքի կատարից: Այս մարզաձևում կարևոր է նաև, թե ինչպիսի ծովային ալիքների ժամանակ են տեղի ունենում մրցումները. ամենաբարդ և գրավիչ տեսք ունի խողովակաձև ոլորվող ծովային ալիքը, երբ սերֆինգորդն աշխատում է սահել-անցնել այդ «խողովակի» միջով: Սերֆինգի մեկ այլ տարատեսակ վինդսերֆինգում մարզիկն օգտագործում է և՜ սերֆինգի, և՜ առագաստային սպորտի տարրերը: Այս մարզաձևում, բացի մրցարշավներից, կազմակերպվում են նաև ազատ ոճի մրցումներ, որտեղ մարզիկները ջրի վրա ցուցադրում են բազմապիսի հնարքներ:
Թիավարություն Թիավարությունը 1936 թ-ից դարձել է օլիմպիական մարզաձև և ներառում է կանոեներով, բայդարկաներով և ակադեմիական թիավարությունները: Կանոեներով մրցումներում մարզիկը մի ոտքով ծնկում է մաքոքանման մարզամակույկում՝ կանոեում, և միաբերան թիով թիավարում կա՜մ աջ, կա՜մ ձախ կողմից: Պաշտոնական մրցումներին մասնակցում են միայն տղամարդիկ՝ մեկտեղանոց կամ երկտեղանոց կանոեով: Բայդարկաներով մրցումներում մարզիկը նստում է նեղ, թեթև մարզամակույկում՝ բայդարկայում, և 2 ձեռքերով բռնած երկթև թիով թիավարում հերթականությամբ՝ մե՜կ աջ, մե՜կ ձախ կողմից: Մրցումներին մասնակցում են և՜ տղամարդիկ, և՜ կանայք: Օլիմպիական խաղերում ջրային մրցարշավները տեղի են ունենում այդ նպատակով հատուկ կառուցած թիավարության ջրանցքում՝ 500 և 1000 մ ջրատարածություններում: Կանոեներով մրցում են միայն տղամարդիկ, բայդարկաներով՝ և՜ տղամարդիկ, և՜ կանայք: Թիաոլորասահքը կամ ջրային սլալոմը կանոեներով և բայդարկաներով մրցարշավն է բազմաթիվ շրջապտույտներով գետերում: Մարզիկները մեկնարկում են իրարից որոշակի ժամանակահատված հետո և լողում են բազմագույն սյուներով՝ դարպասներով, նշված որոշակի մրցուղիով՝ նախ` գետի հոսանքի ուղղությամբ, ապա` հոսանքին հակառակ: Արագահոս լեռնային գետերով մրցարշավում մարզիկները մեկնարկում են ընդհանուր ելագծից և հնարավորինս կարճ ժամանակամիջոցում հաղթահարում 3 կմ երկարությամբ ժայռոտ, սահանքներով և բնական այլ խոչընդոտներով լի մրցատարածությունը: Կանոեներով և բայդարկաներով թիավարությունը զարգացել է XIX դարի կեսերին, իսկ 1924 թ-ին հիմնվել է այս մարզաձևի միջազգային ֆեդերացիա: Ակադեմիական թիավարությունը ջրային արագընթաց մարզաձև է, որի մրցումներին մասնակցում են և՜ տղամարդիկ, և՜ կանայք: Ակադեմիական թիավարությունն սկիզբ է առել Մեծ Բրիտանիայում, որտեղ առաջին մրցումներն անցկացվել են 1920-ական թվականներին: Այս մարզաձևում մարզիկները շարքով՝ մեկը մյուսի հետևից, նստում են շրջահոսելի իրանով բազմատեղանոց, թիակալներով թեթև մարզանավակներում: Ակադեմիական հակադիր թիակներով մարզաձևում մարզիկները թիավարում են 1-ական թիերով, իսկ զուգադիր թիակներով մարզաձևում՝ ավելի փոքր չափերի 2-ական թիերով: Թիմերը կազմված են լինում 1, 2, 4 կամ 8 մարզիկներից: Մրցումներն անցկացվում են լճերում, գետերում կամ բնական ջրանցքներում, իսկ Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների համար կառուցում են թիավարության արհեստական ջրանցքներ: Ջրադահուկային սպորտ Ջրադահուկային սպորտը հատուկ դահուկներով ջրի մակերևույթի վրայով արագընթաց սահքն է քարշիչ մոտորանավակի օգնությամբ: Ջրադահուկային սպորտը ներառում է ոլորասահք (սլալոմ), ցատկեր ցատկահարթակից և գեղասահք մարզաձևերը: Ոլորասահքի մրցումներում ջրադահուկորդը, շրջանցելով մոտորանավակի շարժման գծի 2 կողմում տեղակայված խարսխալողանները, սահում է ջրի մակերևույթով: Մարզիկի ցույց տված արդյունքը որոշվում է ճիշտ շրջանցված խարսխալողանների թվով: Ցատկահարթակից ցատկերի մրցումներում ջրադահուկորդն ընթացքից ցատկում է թեք ցատկահարթակից՝ նախապես բաց թողնելով քարշիչ մոտորանավակի ճոպանը: Արդյունքը գնահատվում է ցատկի երկարությամբ: Գեղասահքի մրցումներում ջրադահուկորդն ընթացքի ժամանակ ցուցադրում է հնարավորինս շատ շարժումներ՝ 90օ, 180օ, 360օ և ավելի աստիճանի շրջադարձեր, կողային սահումներ, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է որոշակի թվով միավորներով:
Առագաստային սպորտ Առագաստանավերի առաջին մրցարշավները տեղի են ունեցել XVIII դարում Անգլիայիում: Առագաստային սպորտը 1900 թ-ից դարձել է օլիմպիական մարզաձև: Ներկայումս մարզիկները մրցում են ինչպես մեկ- և երկտեղանոց, այնպես էլ կրեյսերյան (հածանավային) առագաստանավերով և 20 ու ավելի մարզիկներից բաղկացած թիմերով խոշոր առագաստանավերով: Մրցարշավները տեղի են ունենում և՜ բաց ծովում, և՜ ափամերձ շրջաններում: Օլիմպիական խաղերում և խոշոր մրցություններում առագաստանավերի մրցարշավները տեղի են ունենում ըստ տարբեր դասերի, իսկ մրցումներն անցկացվում են խարսխավոր ազդալողաններով նշված հավասարակողմ եռանկյունաձև երթուղով:
Ջրաշարժիչային սպորտ Ջրաշարժիչային սպորտն ընդգրկում է շարժիչավոր արագընթաց մարզանավակներով ու նավերով մրցումները և շարժիչանավակներով զբոսաշրջությունը: Ամեն տարի աշխարհում անցկացվում են այս մարզաձևերի ավելի քան հարյուր խոշոր մրցարշավներ:
|