Ավստրիացի գրող, ծագումով հրեա Ֆրանց Կաֆկան XX դարի մոգական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությանը բնորոշ են մոդեռնիստական և միստիկական խորհրդանիշները:
Ֆրանց Կաֆկան 1901 թ-ին ավարտել է գիմնազիան, 1906 թ-ին՝ Պրահայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1908–22 թթ-ին աշխատել է ապահովագրական գործակալությունում: Կաֆկան գրել է գերմաներեն, 1909 թ-ից տպագրվել է ամսագրերում: 1913 թ-ին լույս են տեսել «Հետազոտություն» պատմվածքների ժողովածուն, «Դատավճիռ», «Հնոցապան» պատմվածքները: Կաֆկան 1915 թ-ին արժանացել է Գերմանիայում հեղինակավոր Ֆոնտանեի գրական մրցանակին: Առաջին համաշխարհային պատերազմից (1914– 1918 թթ.) հետո հրատարակել է «Ուղղիչ գաղութում» (1919 թ.) պատմվածքը, «Գյուղական բժիշկ» (1919 թ.), «Քաղցած մնալու վարպետը» (1924 թ.) պատմվածքների ժողովածուները: Մահից առաջ Կաֆկան կտակել է այրել իր ձեռագրերը, բայց նրա մտերիմ ընկեր ու բարեկամ Մաքս Բրոդը 1925–26 թթ-ին հրատարակել է 3 անավարտ վեպերը («Ամերիկա», «Դատավարություն», «Ամրոց») և անտիպ պատմվածքները («Չինական պատի շինարարությունում», ժողովածու), որոնցով էլ նա համաշխարհային ճանաչման է արժանացել: Անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ինքնադատափետումը, շրջապատող աշխարհի հիվանդագին ընկալումը խոր հետք են թողել նրա ողջ ստեղծագործության վրա: Կաֆկայի բոլոր ստեղծագործություններում արտացոլվել է XX դարի ամենահրատապ խնդիրներից մեկը՝ մարդու օտարումն աշխարհից: Նրա հերոսները միայնակ, փոքր ու խեղճ մարդիկ են, որոնք ներկայանում են մղձավանջային կամ հեքիաթային-արկածային իրավիճակներում, և նրանց փրկություն չկա: «Որսորդ Գրակխը» պատմվածքի հերոսը կորցրել է ժամանակի ու տարածության զգացողությունը և ապրում է իր համար ստեղծած մի այլ իրականության մեջ: «Փոխակերպություն» պատմվածքում գրոտեսկային և այլաբանական խորհրդանիշներով Կաֆկան պատկերել է ժամանակի բարոյազուրկ ու արգահատելի իրականությունը: Պատմվածքի հերոսը՝ համեստ առևտրական գործավար Գրեգոր Զամզան, առավոտյան արթնանալով, պարզում է, որ վերածվել է մի մեծ միջատի: Որոշ ժամանակ ապրելով այդպիսի իրականության մեջ՝ հասկանում է, որ իրենից խորշում են և՜ հարազատները, և՜ հասարակությունը: Կաֆկայի նկարագրած աշխարհում մարդու փոխակերպումն անշրջելի է. մարդը միայնակ է, և ոչ ոք չի կարեկցում նրան: Գրեգորն ինքնասպան է լինում, որովհետև միայնությունն անհաղթահարելի ցավ է պատճառում նրան: «Դատավարություն» վեպում բանկի աշխատակից Յոզեֆ Կ-ն հանկարծակի իմանում է, որ ինչ-որ մեկի մատնությամբ ինքը պետք է կանգնի դատարանի առջև: Կաֆկան ռեալիստական մանրամասներով ստեղծել է չարագուշակ, արտառոց և հանելուկային դատավարության պատկերը: Ի՞նչ անսովոր մեղադրանք է ներկայացված հերոսին, և նա ինչո՞ւ չի կարողանում խուսափել անհեթեթ դատավճռից... անհասկանալի է. և մարդը դատապարտվում է մահվան: «Ամրոց» վեպը Վառնավա ընտանիքի անխուսափելի կործանման պատմությունն է: Այստեղ գրողի մտորումները մեղքի, խղճի խայթի, փրկության և հույսի, արդարության ուղիների մասին են:
|