Իմանուիլ Կանտը գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրն է:
Իմանուիլ Կանտը 1745 թ-ին ավարտել է Քյոնիգսբերգի համալսարանը, որտեղ էլ դասավանդել է աշխարհագրություն, մարդաբանություն, բնական իրավունք, տրամաբանություն և մետաֆիզիկա: Նրա ստեղծագործական ուղին բաժանվում է 2 շրջանի՝ «մինչքննադատական» (մինչև 1770 թ.) և «քննադատական»: Առաջինում գերակշռել են բնագիտական աշխատությունները, որոնցից հատկանշական է «Համընդհանուր բնական պատմություն և երկնքի տեսություն» (1755 թ.) երկը, որտեղ հեղինակը զարգացրել է վարկած արեգակնային համակարգի ծագման մասին (կոչվում է Կանտի վարկած): Երկրորդ շրջանում գրել է «Զուտ բանականության քննադատությունը» (1781 թ.), «Պրոլեգոմեններ...» (1783 թ.), «Գործնական բանականության քննադատությունը» (1788 թ.), «Դատողության ընդունակության քննադատությունը» (1790 թ.) և այլ աշխատություններ, որոնք նպաստել են փիլիսոփայության հետագա զարգացմանը: 1794 թ-ին Կանտն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ: Կանտի փիլիսոփայության առանցքն իմացաբանությունն է, որտեղ նա խստորեն տարբերակել է մասնավոր գիտական (մաթեմատիկա, բնագիտություն) և մետաֆիզիկական (փիլիսոփայական) գիտելիքների հնարավորության պայմանները՝ ենթադրելով, որ փիլիսոփայական սկզբունքներն ունեն լոկ կարգավորիչ կիրառում: Ըստ Կանտի՝ գիտելիքի բովանդակությունը պայմանավորված է փորձով, իսկ համընդհանրության և անհրաժեշտության արժանիքներ գիտելիքին տրվում են փորձից անկախ, այնպես, ինչպես ընկալվում է գիտակցության կողմից: Կանտը զատել է «ինքնին իրերի» (նշանակում է՝ իրերն ինչպես որ կան` անկախ ամեն ինչից) աշխարհը երևույթների աշխարհից: Թեև, նրա կարծիքով, հենց «ինքնին իրերն» են ներգործում զգայարանների վրա՝ առաջ բերելով զգայություններ, այնուամենայնիվ, իրերը մենք ճանաչում ենք ոչ այնպես, ինչպես նրանք գոյություն ունեն ինքնին, այլ այնպես, ինչպես մենք ենք ընկալում: Կանտը պաշտպանել է գիտական մտքի ազատությունը: Հակադրվելով աստվածաբանությանը, այնուամենայնիվ, կրոնին տվել է բարոյական նշանակություն և այն խարսխել է ոչ թե գիտելիքով, այլ բարոյական հավատով: Նրա «Մարդաբանության գործնական տեսանկյունից» (1798 թ.) աշխատության խնդիրը մարդու ուսումնասիրությունն է: Ըստ Կանտի՝ վարքը կարող է ճանաչվել բարոյական, եթե այն ղեկավարվում է ոչ թե երջանիկ լինելու, այլ երջանկությանն արժանի լինելու ձգտմամբ: Գեղեցիկը Կանտի համար բարոյականի խորհրդանիշ է: Իր գեղագիտական տեսությունը նա գնահատել է որպես միջին օղակ գիտելիքի տեսության և բարոյագիտության միջև: Ընդհանուր առմամբ՝ Կանտի փիլիսոփայությունը ներքուստ հակասական է և մատերիալիզմն իդեալիզմի հետ հաշտեցնելու փորձ: Կանտի գաղափարները ներգործել են նաև հայ մանկավարժական և գեղարվեստական ըմբռնումների վրա, իսկ նրա փիլիսոփայության գնահատման հարցում XIX դարի հայ տեսական մտքի պատմության մեջ եղել են իրարամերժ կարծիքներ:
|