Իտալացի երգիչ (տենոր) Էնրիկո Կառուզոն իր կատարողական արվեստով և ձայնային տվյալներով բացառիկ երևույթ է դասական երգարվեստում: Ժամանակակիցները Կառուզոյին համարել են «մարդկային սրտերի տիրակալ»:
Էնրիկո Կառուզոն մանկուց երգել է եկեղեցական երգչախմբում: 1891 թ-ին սովորել է հայտնի երաժիշտ Գ. Վերջինիի երգի դպրոցում: Առաջին ելույթը 1894 թ-ին էր՝ Նեապոլի «Նուովո» թատրոնում: 1895–97 թթ-ին Կառուզոն հանդես է եկել նաև Սալեռնոյի, Պալերմոյի, Լիվոռնոյի և այլ քաղաքների օպերային թատրոններում: 1897 թ-ին նա հրավիրվել է Միլան. Լորիսի (Ումբերտո Ջորդանոյի «Թեոդորա») և այլ դերերգերով հանդես է եկել «Լիրիկո» թատրոնում: 1898 թ-ից Կառուզոն մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել խոշորագույն օպերային թատրոններում (Բուենոս Այրես, Լոնդոն, Լիսաբոն, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա և այլուր): Միլանի Լա Սկալա թատրոնում առաջին անգամ ելույթ է ունեցել 1900 թ-ին՝ Ռուդոլֆի դերերգով (Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ»)՝ Արտուրո Տոսկանինիի ղեկավարությամբ: 1903–20 թթ-ին Կառուզոն եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնի մեներգիչ. հյուրախաղերով շրջագայել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում: Կառուզոյի վերջին ելույթը Մետրոպոլիտեն թատրոնում էր. հանդես է եկել Էլեազարի դերերգով (Ֆրոմանտալ Հալևիի «Կարդինալի դուստրը» օպերայում)` 1920 թ-ին: Կառուզոյի լավագույն դերերգերից են՝ Հերցոգ, Մանրիկո, Ռադամես (Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո», «Տրուբադուր», «Աիդա»), Կանիո (Ռուջերո Լեոնկավալլոյի «Պայացներ»), Տուրիդու (Պիետրո Մասկանիի «Գեղջկական պատիվ»), Կավարադոսի, Դե Գրիե (Ջակոմո Պուչչինիի «Տոսկա», «Մանոն Լեսկո»), Խոսե (Ժորժ Բիզեի «Կարմեն») և այլն: Նա հանդես է եկել նաև համերգներով, ծրագրում՝ եկեղեցական երաժշտություն, ռոմանսներ, հայրենասիրական երգեր և այլն. նշանավոր են նեապոլյան երգերի նրա կատարումները: Կառուզոն գրել է երգեր, նվագել դաշնամուր, կիթառ, ֆլեյտա, շեփոր, ստեղծել է նաև բազմաթիվ ծաղրանկարներ: Կառուզոն առաջին երգիչն է, որի կատարումները ձայնագրվել են ձայնասկավառակի
|