Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թ-ի հոկտեմբերի 13-ին` մի կողմից` Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ների, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև՝ ՌԽՖՍՀ մասնակցությամբ: Դրան նախորդել է Կարսի խորհրդաժողովը (1921 թ-ի սեպտեմբերի 26 – հոկտեմբերի 13-ը)՝ դարձյալ ՌԽՖՍՀ ներկայացուցչի մասնակցությամբ:
Կարսի պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում է 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի խորհրդա-թուրքական պայմանագրի դրույթները: Անդրկովկասի խորհրդային հանրապետություններին հնարավորություն չէին տվել մասնակցելու բանակցություններին, որովհետև նրանք Թուրքիայի հետ կնքելու էին առանձին պայմանագրեր: Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածով` Ռուսաստանը պարտավորվում էր անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանց և Թուրքիայի միջև կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն Մոսկվայի պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում են առանձին հանրապետություններին: Պայմանագրի ստորագրումից առաջ հրավիրված Կարսի խորհրդաժողովի նպատակը Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորումն էր: ՀԽՍՀ-ից խորհրդաժողովին մասնակցում էին Ասքանազ Մռավյանը (արտաքին գործերի ժողկոմ, պատվիրակության նախագահ), Պողոս Մակինցյանը (ներքին գործերի ժողկոմ), ՎԽՍՀ-ից՝ Շալվա Էլիավան (ռազմական և ծովային գործերի ժողկոմ), Ալեքսանդր Սվանիձեն (արտաքին գործերի և ֆինանսների ժողկոմ), Ադրբեջանական ԽՍՀ-ից՝ Բեհբուդ Շահթախթինսկին (պետական վերահսկողության ժողկոմ, պատվիրակության նախագահ), և ՌԽՖՍՀ ներկայացուցիչ Յակով Գանեցկին: Թուրքական կողմը ներկայացնում էին Քյազիմ Կարաբեքիր փաշան (Արևելյան ռազմաճակատի հրամանատար, պատվիրակության նախագահ), Վելի բեյը, Մուխթար բեյը, Մեմդուհ Շևքեթ բեյը (Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ): Խորհրդաժողովի սկզբին Կարաբեքիր փաշան առաջարկեց պայմանագիր կնքել Անդրկովկասի հանրապետությունների հետ առանձին-առանձին, որը կտրականապես մերժեցին հանրապետությունների պատվիրակները՝ պնդելով ընդհանուր պայմանագրի ստորագրումը՝ մատնանշելով իրենց հանրապետությունների միջև ստեղծված տնտեսական, քաղաքական, ռազմական կապերը և արդեն ուրվագծվող Անդրֆեդերացիան: Մոսկվայի պայմանագրով` Անդրկովկասի հանրապետությունների հետ ընդհանուր պայմանագրի կնքում չէր նախատեսվում: Իսկ առանձին պայմանագրերի կնքման դեպքում Թուրքիայի համար դյուրին կլիներ իր կամքի պարտադրումը հանրապետություններին: Ընդհանուր պայմանագրի կնքումը հատկապես կարևոր էր ՀԽՍՀ-ի համար, որի նկատմամբ Թուրքիան շարունակում էր թշնամական քաղաքականությունը: Ստանալով խորհրդային պատվիրակների մերժումը՝ թուրքական պատվիրակությունն ստիպված էր հրաժարվել անջատ պայմանագրերի գաղափարից և համաձայնել ընդհանուր պայմանագրին: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանների ճշտման համար (նախատեսված էր Մոսկվայի պայմանագրով) ստեղծվեց հատուկ հանձնաժողով (թուրք-հայկական և թուրք-վրացական մասնախմբերով): Հայաստանից հանձնաժողովում ընդգրկվեց խորհրդական Վլադիմիր Տամրուչին: Թուրքական պատվիրակությունը, կառչելով մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրից, պահանջում էր սահմանային ոչ մի փոփոխություն չկատարել. մերժեց խորհրդային պատվիրակության պահանջը՝ Հայաստանին վերադարձնել Անիի ավերակները, Կողբի աղահանքերը, որոնք մշակութային և տնտեսական կարևոր նշանակություն ունեին Խորհրդային Հայաստանի համար: Սահմանային միակ հարցը, որի լուծմանը չմիջամտեց թուրքական կողմը, Խորհրդային Հայաստանի և Նախիջևանի միջև սահմանի ճշտումն էր: Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կանխեցին թուրքական միջամտությունը՝ հայտարարելով, որ իրենք արդեն ճշտել են սահմանները: Տնտեսական հարցերի քննարկման ժամանակ խորհրդային կողմը Թուրքիայից պահանջեց վերադարձնել Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) գրավման ժամանակ կողոպտված քաղաքի դեպոյի գույքը: Թուրքերը հրաժարվեցին բավարարել այդ պահանջը: Վեճը շարունակվեց մինչև հոկտեմբերի 10-ի նիստը, որտեղ թուրքերը, փոխզիջման եկան խորհրդային կողմի հետ Բաթումի նավահանգստից օգտվելու հարցում և հասան այն բանին, որ Ալեքսանդրապոլի դեպոյի հարցը օրակարգից հանվեց: Կարսի պայմանագիրը բաղկացած է ներածությունից, 20 հոդվածից և 3 հավելվածից: 1-ին հոդվածով ուժը կորցրած էին համարվում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին պայմանավորվող կողմերի տարածքներում անցյալում ինքնիշխան կառավարությունների միջև. դրանով չեղյալ էր համարվում նաև Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920 թ-ի դեկտեմբերի 2–3): Չեղյալ էին համարվում (բացառությամբ Մոսկվայի ռուս-թուրքականի) այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերում էին Անդրկովկասի հանրապետություններին: 2-րդ հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ մի պայմանագիր կամ միջազգային այլ ակտ. դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագիրը: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը որոշվում էր 4-րդ հոդվածով (ներկայիս սահմանը Թուրքիայի հետ): 5-րդ հոդվածով Թուրքիայի, Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների կառավարությունները համաձայնում էին Նախիջևանի մարզը` որպես ինքնավար տարածք, հանձնել Ադրբեջանի խնամակալությանը: 6–9-րդ հոդվածները վերաբերում էին Թուրքիայի և Վրաստանի փոխհարաբերություններին, համաձայն որոնց` Թուրքիան Բաթում քաղաքի ու մարզի նկատմամբ ինքնիշխանության իրավունքը զիջում էր Վրաստանին՝ պայմանով, որ տեղական բնակչությունն օգտվի լայն ինքնավարությունից, իսկ Թուրքիային իրավունք վերապահվի օգտվելու Բաթումի նավահանգստից՝ առանց դրա համար հատուկ հարկ վճարելու (հոդված 6): 10-րդ հոդվածով կողմերը պարտավորվում էին թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի գոյությունը, որոնք պայմանավորվող մյուս կողմի դեմ պայքարի նկատակ ունեն: Վերջին՝ 20-րդ հոդվածով նախատեսված էր, որ պայմանագիրը ենթակա է վավերացման, և վավերագրերը կփոխանակվեն Երևանում` 1922 թ-ի սեպտեմբերի 11-ին: Մնացած հոդվածներով որոշվում էին կողմերի քաղաքացիների իրավական կացությունը միմյանց տարածքներում, զիջվող տարածքների բնակչության տեղափոխման իրավունքը, սահմանվում էին ռազմագերիների ու գաղթականների փոխանակման կարգը, առևտրական հարաբերություններ հաստատելու և այլ հարցեր: Կարսի պայմանագրով վերահաստատվեցին 1921 թ-ի Մոսկվայի պայմանագրի զավթողական դրույթները, որոնք կոպտորեն ոտնահարում էին Հայաստանի կենսական շահերը: Պայմանագիրն ստորագրել են անդրկովկասյան 3 հանրապետությունների պատվիրակության անդամները և ՌԽՖՍՀ ներկայացուցիչը:
|