Ճապոնացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, օսկարակիր, միջազգային բազմաթիվ կինոփառատոների մրցանակների դափնեկիր Ակիրա Կուրոսավան XX դարի խոշորագույն արվեստագետներից է. իր ստեղծագործությամբ նա նոր փուլ է սկզբնավորել համաշխարհային կինոյում, մշակել ինքնատիպ ոճ:
Ակիրա Կուրոսավան դպրոցական տարիներին զբաղվել է կենդո մարտարվեստով և նկարչությամբ: 1928–35 թթ-ին սովորել է Տոկիոյի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում: 1936 թ-ից եղել է ռեժիսորի օգնական, գրել կինոսցենարներ: Առաջին՝ սեփական սցենարով նկարահանած «Սուգատա Սանսիրո» («Ձյուդոյի հանճարը», 1943 թ.) ֆիլմը պատմում է XIX դարի վերջին Ճապոնիայում ձյուդոյի զարգացման մասին: Սամուրայների (զինվոր) թեմայով 1950 թ-ին ստեղծել է բուռն կրքերով և դրամատիզմով հարուստ «Ռասյոմոն» (դարձել է հոլիվուդյան «Անարգում» ժապավենի հիմքը, 1964 թ.) ֆիլմը, որով արժանացել է համաշխարհային ճանաչման: Ռեժիսորը ճապոնական կինոյի քարացած կանոնների փոխարեն կիրառել է համաշխարհային կինոարվեստի նվաճումները: Կուրոսավան հաճախ է անդրադարձել սոցիալական ու քաղաքական խնդիրների, հավատացել անհատի բարոյական ու հոգևոր կատարելագործմանը: «Յոթ սամուրայ» ( 1954 թ., հոլիվուդյան «Հրաշալի յոթնյակը» ֆիլմը դրա վերամշակված տարբերակն է) կինոնկարում արտահայտված է կինոռեժիսորի համակրանքը արևմտյան մշակույթի հանդեպ: Նրա կինոոճը վերացնում է Արևելքի և Արևմուտքի մշակույթների ավանդական սահմանները. դրանց տարրերի համադրությամբ է ռեժիսորը նկարահանել «Ապուշը» (1951 թ., ըստ Ֆեոդոր Դոստոևսկու համանուն վեպի), «Հատակում» (1957 թ., ըստ Մաքսիմ Գորկու համանուն պիեսի), «Արյունոտ գահը» (1957 թ., ըստ Վիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության), «Թիկնապահը» (1961 թ., այս ֆիլմի հիման վրա ստեղծվել է իտալական «Մի բուռ դոլար» կինոնկարը) ֆիլմերը, իսկ 1975 թ-ին «Մոսֆիլմի» հետ նկարահանել է «Դերսու Ուզալան» (ըստ Վլադիմիր Արսենևի): 1980-ական թվականներին Կուրոսավան կրկին անդրադարձել է սամուրայների թեմային [«Ռազմիկի ստվերը», «Խռովություն» (ըստ Վ. Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգության)], ավելի ուշ ստեղծել է «Ակիրա Կուրոսավայի երազները» (1990 թ.), «Օգոստոսյան ռապսոդիա» (1991 թ.) կինոնկարները: 1993 թ-ին նկարահանել է իր վերջին՝ «Դեռևս ոչ» ֆիլմը: Կյանքի վերջին տարիներին Կուրոսավան համագործակցել է ամերիկյան հայտնի կինոգործիչներ Սթիվեն Սփիլբերգի, Ջորջ Լուկասի, Ռիչարդ Գիրի և Մարտին Սկորսեզեի (վերջինս խաղացել է «Ակիրա Կուրոսավայի երազները» ֆիլմում) հետ:
|