Կրոնն Արարչի՝ Աստծու և նրանից բխող բոլոր երևույթների ու դրսևորումների մասին մարդու պատկերացումների ամբողջությունն է: Կրոնի հիմքը հավատն է՝ Աստծու գոյության հիմնադրույթը:
Կրոնագիտական բացատրությամբ` կրոնն աստվածությունը ներկայացնող համակարգ է, մարդու և Աստծու միջև հոգևոր հարաբերություն: Կրոնն ընդունում է Աստծու ճանաչելիության որոշակի սահմանը: Կրոնը հին է այնքան, որքան մարդկությունը, և նախնադարյան շրջանից ունեցել է համամարդկային ու տիեզերական բնույթ: Մարդն իր գիտակցական կյանքի առաջին իսկ պահից խորհել է իր սկզբնավորման, ծագման, կյանքի ու մահվան, գոյության մասին: Չի եղել որևէ ժամանակաշրջան, մարդկային հասարակություն կամ հավաքականություն` առանց կրոնի, կրոնական զգացումի և երևույթների: Կրոնը պայմանականորեն դասակարգվում է՝ 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության հավատալիքներ (մոգություն, կախարդություն, ոգեպաշտություն, բնապաշտություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ և այլն), 2. ազգային կամ էթնիկական կազմավորման կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, ջայնիզմ, սինտոյիզմ և այլն), 3. համաշխարհային կրոններ, որոնցից ամենատարածվածներն են քրիստոնեությունը, բուդդայականությունը, մահմեդականությունը: Կրոնը վաղ ժամանակների կրոնական հավատալիքներից, բնապաշտությունից, բազմաստվածությունից հասել է միաստվածության գաղափարին: Իրեն շրջապատող ողջ Տիեզերքում տիրող ներդաշնակությունը մարդուն մղել է հակվելու մեկ ընդհանուր Արարչի գաղափարին: Մահը, մարդու ընկալմամբ, անհամապատասխան է այդ ներդաշանակությանը. սա էլ մղել է մարդուն մտածելու անխուսափելի մահվան, դրա պատճառների և դրանից փրկվելու ուղիների մասին: Այս հիմնահարցերին է պատասխանում յուրաքանչյուր կրոն: Համաշխարհային մեծ կրոնների գաղափարախոսության հիմքում մարդու փրկության գաղափարն է: Բոլոր կրոնների նպատակները նույնն են, միայն դրանց հասնելու ճանապարհներն են տարբեր: Հայերն ավելի քան 1700 տարի առաջ ընդունել են քրիստոնեություն, քրիստոնյա են:
|