Կրթությունը կյանքին ու աշխատանքին պատրաստվելու անհրաժեշտ պայման է, քաղաքակրթությանը հաղորդակցվելու հիմնական միջոցը, նրա զարգացման հիմքը: Սովորողները ձեռք են բերում համակարգված գիտելիքներ, ունակություններ ու հմտություններ, յուրացնում մարդկության ստեղծած հոգևոր հարստությունը և փոխանցում սերնդեսերունդ:
Կրթություն ստանում են ուսումնական հաստատություններում: Էական դեր ունեն նաև ինքնակրթությունը, մշակութային, լուսավորական, աշխատանքային գործունեությունը: Կրթության բովանդակությունն ու մակարդակը պայմանավորված են հասարակական և տնտեսական հարաբերություններով, գիտության, տեխնիկայի, մշակույթի, հանրակրթության ու մանկավարժության զարգացմամբ: Կրթությունը լինում է ընդհանուր միջնակարգ (հանրակրթություն), միջին մասնագիտական և բարձրագույն: Ընդհանուր միջնակարգ կրթական հաստատություններ են դպրոցները, վարժարաններ, կրթահամալիրը, որոնց գլխավոր խնդիրը մատաղ սերնդի մտավոր, հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական և աշխատանքային ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորումը: Հանրակրթական և մասնագիտական դպրոցները լինում են պետական ու մասնավոր, ըստ մակարդակի՝ տարրական, թերի միջնակարգ և միջնակարգ, ըստ հաճախելու ժամանակի՝ ցերեկային, երկարօրյա, երեկոյան և գիշերօթիկ: Առաջին դպրոցները հիմնվել են Հին Արևելքի երկրներում (Չինաստան, Բաբելոն, Եգիպտոս), Հին Հունաստանում, Հին Հռոմում մ. թ. ա. VI–IV դարերում: Մինչև հայոց գրերի և հայկական դպրոցների ստեղծումը Հայաստանում գործել են հունարեն և ասորերեն ուսուցմամբ դպրոցներ, որոնք թեև ազգային չէին, սակայն էապես նպաստել են հայ դպրության զարգացմանը: Հայկական դպրոցի բուն պատմությունը պայմանավորված է գրերի գյուտով: Հայոց գրերն ստեղծելուց հետո Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևի աջակցությամբ, Հայաստանի տարբեր գավառներում հիմնել է հայկական դպրոցներ. ինքն էլ առաջին ուսուցիչներից էր: Առաջին դպրոցը՝ վարդապետարանը, բացվել է V դարում Վաղարշապատում: VIII–IX դարերում ճանաչված էին Այրարատի, Սյունյաց, Արշարունյաց դպրոցները: XI դարի վերջին առաջընթաց է ապրել Կիլիկյան Հայաստանի դպրությունը: Ուսումնագիտական խոշոր կենտրոններ էին Ակները, Հնեվանքը, Մեծքարը, Սկևռան, Սիսը, Տարսոնը և այլն: Հետագայում մեծ հռչակ են ձեռք բերել Խորանաշատի վանքի Հովհաննես Տավուշեցու (XII դար), Խոր վիրապի, Հառիճի, Հաղարծնի (XIII դար), Հերմոնի, Եղվարդի, Այրիվանքի, Ցիպնավանքի (XIV– XV դարեր), Սևանի, Սսի, Սեբաստիայի, Ամիդի (XV–XVI դարեր), Նոր Ջուղայի (XVII դար) դպրոցները: XVIII դարի սկզբին Մխիթար Սեբաստացին Վենետիկի Սբ Ղազար կղզում միաբանության վանքին կից հիմնել է դպրոց, որը հետագայում դարձել է ճանաչված ուսումնագիտական կենտրոն: XIX դարում Արևելյան և Արևմտյան Հայաստանում, ինչպես և հայաբնակ վայրերում ստեղծվել են բազմաթիվ կրթօջախներ, որոնցից առավել նշանավոր էին Էջմիածնի Գևորգյան, Կալկաթայի Մարդասիրական ճեմարանները, Աստրախանի Աղաբաբյան, Թիֆլիսի Ներսիսյան, Գայանյան, Երևանի թեմական, Սբ Հռիփսիմեի օրիորդաց դպրոցները, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան, Զմյուռնիայի Մեսրոպյան, Կոստանդնուպոլսի Կեդրոնական, Փարիզի Սամուել-Մուրատյան, Կահիրեի Գալուստյան, Կարինի Սանասարյան, Մուշի Կեդրոնական վարժարանները և այլն, ուրվագծվել է կրթական համակարգի 4 տիպ՝ ծխական, հոգևոր, թեմական դպրոցներ ու ճեմարան: XIX դարի 2-րդ կեսից ստեղծվել են մասնագիտացված առաջին ուսումնական հաստատությունները: Հայաստանում դպրոցական ցանցի աննախադեպ զարգացումը սկսվել է 1920 թ-ից: Խորհրդային առաջին տարիներին գործել է դպրոցի 2 հիմնական տիպ՝ տարրական և յոթնամյա, իսկ 1966–67 ուսումնական տարվանից անցել են պարտադիր ընդհանուր միջնակարգ կրթության: 1990-ական թվականների սկզբից, Հայաստանի Հանրապետությունում ազգային դպրոցի զարգացման հայեցակարգի ընդունումով, հայկական կրթությունը պարտադիր է դարձել ազգությամբ հայ բոլոր երեխաների համար, ամրագրվել է դպրոցահասակ բոլոր երեխաների՝ պետական հանրակրթական դպրոցներում անվճար ընդհանուր միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից և այլ հանգամանքներից: Վերանայվել են ուսումնական ծրագրերը, ավելի մեծ տեղ են հատկացվել հայագիտական առարկաներին՝ Հայաստանի պատմությանը, աշխարհագրությանը, հայոց լեզվին ու գրականությանը, մշակույթին: Դրան նպաստել է նաև «Լեզվի մասին» (1993 թ.), «Կրթության մասին» (1999 թ.), «Կրթության պետական տեսչության մասին» (2005 թ.) և ՀՀ այլ օրենքների ընդունումը: Համաձայն հանրակրթական պետական կրթակարգի՝ 2006–07 ուսումնական տարվանից ՀՀ-ում անցել են 12-ամյա ընդհանուր միջնակարգ կրթության` եռաստիճան համակարգով. տարրական դպրոց՝ I–IV, միջին դպրոց՝ V–IX, ավագ դպրոց՝ X–XII դասարաններ: Տարրական դպրոցի հիմնական նպատակը սովորողի մտավոր, հոգևոր ու ֆիզիկական ունակությունների, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության հիմքերի և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է: Միջին դպրոցի նպատակը մարդու, բնության և հասարակության մասին գիտելիքների, դրանք կյանքում կիրառելու հմտությունների, բարոյական և հոգևոր արժեքների յուրացման այնպիսի մակարդակի ապահովումն է, որն անհրաժեշտ է սովորողներին ավագ դպրոցում կամ մասնագիտական հաստատությունում ուսումը շարունակելու, ինչպես և տարիքին համապատասխան աշխատանքային գործունեություն իրականացնելու համար: Ավագ դպրոցի նպատակը սովորողի մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, ունակությունների և հմտությունների ապահովումն է: 2008–09 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում կիրառվում է գիտելիքների գնահատման 10-բալլանոց համակարգը: 2009 թ-ից ՀՀ հանրակրթական դպրոցների ավարտական քննությունները միաժամանակ նաև բուհական ընդունելության քննություններ են: 2008-09 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական 1452 դպրոցում սովորել է շուրջ 432 հզ. աշակերտ, միջնակարգ (լրիվ) դպրոցն ավարտել է 47.500 շրջանավարտ: Միջին մասնագիտական կրթական հաստատություններ են ուսումնարանները, քոլեջները և այլն, որտեղ մասնագետներ են պատրաստվում արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, մշակույթի, առողջապահության և այլ բնագավառների համար, կազմակերպվում են այդ մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ: 2008-09 ուսումնական տարում ՀՀ 106 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորել է շուրջ 31 հզ. ուսանող: Բարձրագույն կրթությունն ապահովում է կրթության առավել բարձր ընդհանուր գիտական մակարդակ: Բուհական ուսուցումը սերտորեն կապված է գիտական հիմնարար հետազոտությունների հետ: Բարձրագույն ուսումնական հաստատություններ են համալսարանները, ակադեմիաները և ինստիտուտները: 1919 թ-ին հիմնադրվել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), որի հիմքի վրա հետագայում ստեղծվել են բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններ: Կրթությունն անվճար էր՝ առանց դասային արտոնությունների և ազգային ու սեռային սահմանափակումների: Արդեն 1975 թ-ին Հայաստանում գործում էր 12 բուհ՝ շուրջ 53200 ուսանողով: Ներկայումս ՀՀ-ում գործում են (2009 թ.) 16 պետական և 72 ոչ պետական բուհեր, այդ թվում. Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա (ԵԳՊԱ). կազմավորվել է 1994 թ-ին` Գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետի հիմքի վրա: Մինչև 2000 թ. կոչվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ: ԵԳՊԱ-ի կերպարվեստի, դիզայնի ու դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետների 10 ամբիոններում դասավանդում է 78 դասախոս՝ 39 պրոֆեսոր, 39 դոցենտ, սովորում է շուրջ 500 ուսանող: Ունի ասպիրանտուրա, մասնաճյուղեր` Գյումրիում (1997 թ-ից) և Դիլիջանում (1999 թ-ից): 2001 թ-ին բացվել է համակարգչային գեղարվեստական նախագծման բաժինը: Ակադեմիայի ուսանողները և շրջանավարտները մեծ հաջողությունների են հասել միջազգային ցուցահանդեսներում, բիենալեներում: Հրատարակվում են ազգային մշակույթին վերաբերող արժեքավոր ուսումնասիրություններ: Ցուցասրահում (բացվել է 2001 թ-ին) պարբերաբար ներկայացվում են ուսանողների, դասախոսների, շրջանավարտների աշխատանքները: Ակադեմիան համագործակցում է Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Բուլղարիայի գեղարվեստի ակադեմիաների հետ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ. կազմավորվել է 1994 թ-ին` Գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի հիմքի վրա: Մինչև 1999 թ. կոչվել է Թատերական արվեստի ինստիտուտ: Ունի մեկ՝ թատերական ֆակուլտետ, որը ներառում է թատերագիտության, թատերական և կինոարվեստի բաժինները՝ դերասանի վարպետության և ռեժիսուրայի, կինոարվեստի, արվեստների պատմության, բեմական խոսքի, բեմական շարժման ու մեներգի և հումանիտար գիտությունների ամբիոնները, ուսումնական թատրոնը, արվեստի կաբինետը, նախապատրաստական բաժինը, մասնաճյուղեր` Գյումրիում և Վանաձորում: Ինստիտուտում դասավանդում են հայ թատրոնի և կինոյի անվանի վարպետներ՝ 38 պրոֆեսոր, 26 դոցենտ, 25 ավագ դասախոս, սովորում է շուրջ 550 ուսանող, որից 20-ը՝ արտերկրից: Կազմակերպվում է բեմական խոսքի, պարի և երգի ամենամյա մրցույթ: Ուսանողական լավագույն բեմադրությունները ներկայացվում են թատերական մրցույթներում և փառատոներում` ՀՀ-ում և արտերկրում: Գործում է երիտասարդ կինոգետների և քննադատների կազմակերպությունը, որի ջանքերով ստեղծվել է հայկական ֆիլմերի կատալոգ՝ 3 լեզվով: Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան (ԵՃՇՊՀ). կազմակերպվել է 1989 թ-ին` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական, ճարտարագիտաշինարարական և տրանսպորտի ֆակուլտետների հիմքի վրա: Մինչև 2000 թ. կոչվել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ: ԵՃՇՊՀ-ի ճարտարապետության, ադյունաբերական և քաղաքացիական շինարարության, շինարարության տեխնոլոգիայի, ջրաշինարարության և քաղաքային տնտեսության, տրանսպորտային շինարարության ֆակուլտետների 27 ամբիոններում դասավանդում է 282 դասախոս, այդ թվում՝ 48 պրոֆեսոր, 120 դոցենտ, սովորում է շուրջ 2050 ուսանող: Ունի ասպիրանտուրա, հեռակա ուսուցման բաժին: Համագործակցում է արտերկրի շուրջ 138 գիտաճյուղային հաստատությունների հետ: Պարբերաբար լույս է ընծայում տարեգրքեր, գիտական համաժողովների նյութեր, գիտական և գիտամեթոդական աշխատանքներ: Ճարտարապետության ֆակուլտետին կից գործում է ճարտարապետական նախագծման կաբինետ՝ մասնագիտական գրադարանով: Երևանի պետական բժշկական համալսարան Մխիթար Հերացու անվան (ԵՊԲՀ). բժշկական կադրեր պատրաստող միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունն է ՀՀ-ում: Հիմնադրվել է 1930 թ-ին` ԵՊՀ բժշկական ֆակուլտետի հիմքի վրա: 1989 թ-ից կոչվել է Մխիթար Հերացու անվամբ. մինչև 1995 թ.՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտ: ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական, ռազմաբժշկական, արտասահմանցի ուսանողների ուսուցման ֆակուլտետների 50-ից ավելի ամբիոններում դասավանդում է 470 դասախոս, այդ թվում` 115 պրոֆեսոր, 349 դոցենտ, սովորում է շուրջ 2500 ուսանող: Վերջին տարիներին բուհն անցել է կրթական եռաստիճան համակարգի՝ առաջին աստիճան (ընդհանուր գործելակերպի մասնագետների պատրաստում), երկրորդ աստիճան (կլինիկական օրդինատուրայի միջոցով նեղ մասնագետների պատրաստում) և երրորդ աստիճան (ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի միջոցով գիտամանկավարժական կադրերի պատրաստում): 2000 թ-ից ԵՊԲՀ-ն անդամակցում է համալսարանների միջազգային և եվրոպական ընկերակցությունների, որը բուհին տալիս է արտասահմանյան բժշկական հաստատությունների հետ ուսանողների փոխանակման, վերապատրաստման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցության, համատեղ գիտական հետազոտությունների, համաժողովների անցկացման և այլ հնարավորություններ: Երևանի պետական լեզվաբանական համալսարան Վալերի Բրյուսովի անվան (ԵՊԼՀ). հիմնադրվել է 1935 թ-ին ստեղծված Ռուսական մանկավարժական երկամյա կուրսերի հիմքի վրա: Որպես ինքնուրույն բուհ` գործում է 1962 թ-ից: 1993 թ-ին կոչվել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ, 1993–2001 թթ-ին՝ Երևանի օտար լեզուների պետական ինստիտուտ: ԵՊԼՀ-ի ռոմանագերմանական լեզուների, օտար լեզուների, ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների, լեզվահասարակագիտական ֆակուլտետների 18 ամբիոններում դասավանդում է 331 դասախոս, այդ թվում` 11 պրոֆեսոր, 99 դոցենտ, սովորում է շուրջ 2200 ուսանող: Ունի ասպիրանտուրա,1 հենակետային վարժարան, տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստման կենտրոն: Բուհի հիմնական նպատակը միջազգային կրթական և գիտական գործընթացում հայկական կրթական համակարգի ճանաչման ապահովումն է, որն իրականացվում է միջազգային կրթական ծրագրերին մասնակցությամբ, միջբուհական կրթական և գիտական համագործակցության պայմանագրերի կնքմամբ և ծրագրերի իրագործմամբ, ուսանողների և դասախոսների որակավորման բարձրացման միջոցով: ԵՊԼՀ-ն սերտ կապի մեջ է ՀՀ հանրակրթական դպրոցների հետ: Բուհի դասախոսները դպրոցական բազմաթիվ դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակներ են: Երևանի պետական տնտեսագիտական համալսարան (ԵՊՏՀ). հիմնադրվել է 1975 թ-ին` ԵՊՀ տնտեսագիտական, ապրանքագիտական և առևտրի էկոնոմիկայի, ինչպես նաև Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտի Երևանի հեռակա ֆակուլտետների հիմքի վրա: Մինչև 1999 թ. կոչվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ: ԵՊՏՀ-ի կառավարման, ֆինանսահաշվային, ընդհանուր տնտեսագիտության, առևտրի և ապրանքագիտության, ճարտարագիտատնտեսագիտական ֆակուլտետների 29 ամբիոններում դասավանդում է 285 դասախոս, այդ թվում՝ 41 պրոֆեսոր, 130 դոցենտ, 32 ավագ դասախոս, սովորում է շուրջ 4300 ուսանող: Մասնաճյուղ ունի Գյումրիում: Բուհի կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով վերջին տարիներին ուսումնական և առարկայական ծրագրերում կատարվել են արմատական բարեփոխումներ, գործուն կապեր են հաստատվել միջազգային բազմաթիվ հեղինակավոր տնտեսագիտական հաստատությունների հետ, որտեղ նաև վերապատրաստվում են դասախոսներն ու ուսանողները: ԵՊՏՀ-ի գիտնական-մանկավարժները հեղինակել են շուրջ 400 բուհական ուսումնական ձեռնարկներ, մասնակցել ՀՀ պետական բյուջեի նախագծերի, բյուջետային համակարգի օրենքների և օրենսդրական ակտերի քննարկումներին և այլն: Հայկական ագրարային համալսարան (ՀԱՀ). կազմակերպվել է 2005 թ-ին՝ 1994 թ-ին Հայկական գյուղատնտեսական (հիմնադրվել է 1930 թ-ին) և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական (հիմնադրվել է 1931 թ-ին) ինստիտուտների միավորումով ստեղծված Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հիմքի վրա: ՀԱՀ-ի ագրարային, անասնաբուժական բժշկագիտության, տնտեսագիտական և ճարտարագիտական ֆակուլտետների 37 ամբիոններում դասավանդում է 486 դասախոս, այդ թվում՝ 92 պրոֆեսոր, 214 դոցենտ, սովորում է շուրջ 5600 ուսանող: Ունի ասպիրանտուրա (1995 թ-ից), հեռակա ուսուցման բաժին, պետական քոլեջ և հենակետային վարժարան: Վերջին տարիներին անցել է ուսուցման եռաստիճան համակարգի, որը բուհին հնարավորություն է տալիս ինտեգրվելու միջազգային կրթական համակարգին: Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան (ՌՀՊՀ). ստեղծվել է 1997 թ-ին` ՌԴ և ՀՀ կառավարությունների ստորագրած համաձայնագրի հիման վրա: Համալսարանն ունի ՌԴ-ի և ՀՀ-ի բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ: ՌՀՊՀ-ի տնտեսագիտական, իրավաբանական, լրագրության, ընկերամշակութային, սպասարկման և զբոսաշրջության, քաղաքագիտության, կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների 17 ամբիոններում դասավանդում է 71 դասախոս, այդ թվում՝ 10 պրոֆեսոր, 24 դոցենտ, սովորում է շուրջ 1150 ուսանող: Ունի ասպիրանտուրա (2002 թ-ից): Շրջանավարտներն ստանում են ՌԴ-ի և ՀՀ-ի պետական նմուշի դիպլոմ: ՌՀՊՀ կրթական համակարգում օգտագործվում են ուսումնական առարկաների ծրագրային կիրառական փաթեթներ, անվտանգ տեղեկատվական տեխնոլոգիաների և մոդելավորման համակարգչային փորձացանց, ստեղծվել են մեթոդական ձեռնարկների թվային գրադարաններ և այլն: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (ՖԿՀՊԻ). հիմնադրվել է 1945 թ-ին` Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի ֆակուլտետի հիմքի վրա: ՖԿՀՊԻ-ի մանկավարժության և մարզչական ֆակուլտետների 16 ամբիոններում դասավանդում է 170 դասախոս, այդ թվում՝ 16 պրոֆեսոր, 56 դոցենտ, սովորում է շուրջ 1500 ուսանող: Ունի ասպիրանտուրա, հեռակա ուսուցման բաժին: Ֆիզկուլտուրայի և սպորտի տարբեր բնագավառներում ՖԿՀՊԻ-ի դասախոսների բազմաթիվ գիտական հետազոտությունների արդյունքները հնարավորություն են տալիս ներդնելու մարզումների ժամանակակից մեթոդներ, բարելավելու սպորտի մակարդակը դպրոցներում, նախադպրոցական հիմնարկներում և այլուր: Ինստիտուտի ուսանողները մասնագիտական հմտություն են ձեռք բերում հանրակրթական և մարզական դպրոցներում, բժշկական հիմնարկներում (կինեզիոլոգներ) և զանգվածային լրատվական միջոցների խմբագրատներում (մարզական լրագրողներ): Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտ Միքայել Նալբանդյանի անվան (ԳՊՄԻ).հիմնադրվել է 1934 թ-ին` որպես երեկոյան քառամյա մանկավարժական ինստիտուտ: 1949 թ-ից կոչվել է Միքայել Նալբանդյանի անունով: Պարբերաբար համարվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ: 1966 թ-ից ինքնուրույն բուհ է: Մինչև 1991 թ. կոչվել է Լենինականի մանկավարժական ինստիտուտ: ԳՊՄԻ-ի ֆիզիկամաթեմատիկական, պատմաբանասիրական, բնագիտաաշխարհագրական, մանկավարժության, օտար լեզուների, նախնական զինվորական պատրաստականության և ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետների 11 ամբիոններում դասավանդում է 230 դասախոս, այդ թվում` 9 պրոֆեսոր, 82 դոցենտ, սովորում է 2400 ուսանող: Գործում է կրթական երկաստիճան համակարգ՝ բարձրագույն կրթությամբ մասնագետների և գիտության թեկնածուների: Ունի հեռակա բաժին: ԳՊՄԻ-ն կազմակերպում է մանկավարժական պրակտիկաներ դպրոցներում, դասախոսների և մանկավարժների գործնական հանդիպումներ, խորհրդակցություններ, պարբերաբար հրավիրում գիտական նստաշրջաններ, հրատարակում գիտական աշխատությունների ժողովածուներ: Դասախոսներն ու ուսանողները հաղթող են ճանաչվել միջազգային դրամաշնորհների տարբեր մրցույթներում, որը բուհին լայն ճանաչում է բերել: Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ Հովհաննես Թումանյանի անվան (ՎՊՄԻ).կազմավորվել է 1969 թ-ին` Հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտի հիմքի վրա: Մինչև 1992 թ. կոչվել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտ: Ինստիտուտի բանասիրական, մանկավարժության, պատմաաշխարհագրական, ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանության ֆակուլտետների 21 ամբիոններում դասավանդում է 180 դասախոս, այդ թվում՝ ՀՀ 4 պրոֆեսոր, 71 դոցենտ, սովորում է 2350 ուսանող: Գործում է կրթական երկաստիճան համակարգ: Ունի հեռակա բաժին, հենակետային վարժարան: Զբաղվում են նաև մտավոր և ֆիզիկական թերություններով անչափահաս երեխաների ինտեգրման հարցերով: Միջազգային տարբեր դրամաշնորհների մրցույթներում հաղթած ուսանողներն ու դասախոսները գիտահետազոտական և ճանաչողական նպատակներով գործուղվում են եվրոպական երկրներ, ԱՄՆ:
Հայաստանի անկախացումից հետո բուհական համակարգում նույնպես կատարվել են արմատական փոփոխություններ: Պետական բուհերից բացի` ստեղծվել են նաև մասնավորները, որոնց մի մասն ստացել է պետական հավաստագիր: Պետական բուհերում գործում են կրթության վճարովի և անվճար համակարգեր: Վերջին տարիներին, պայմանավորված ուսման առաջադիմությամբ, վճարովի սովորող ուսանողը հնարավորություն ունի տեղափոխվելու անվճար համակարգ, և հակառակը, որը նպաստում է սովորողների ուսման առաջադիմության բարձրացմանը: 1995–96 ուսումնական տարվանից ՀՀ բուհերն աստիճանաբար անցել են կրթական երկաստիճան, ապա՝ եռաստիճան համակարգի (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա), իսկ վերջին տարիներին ներդրվել է վարկերի կուտակման և փոխանցման Բոլոնյան գործընթացը՝ որով հայաստանյան բուհական համակարգին իրավունք է տրվում դառնալու եվրոպական բարձրագույն կրթարանների հավասարազոր անդամ և ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթություն: 2008–09 ուսումնական տարում ՀՀ 86 պետական և ոչ պետական բուհերում սովորել է ավելի քան 112 հզ. ուսանող. ավարտական վկայական է ստացել շուրջ 18 հզ. շրջանավարտ: Բարձրագույն կրթության մասին մերօրյա պատկերացումն սկսել է ձևավորվել միջնադարում: XI–XII դարերում երևան են եկել աշխարհիկ բարձրագույն դպրոցներ, որտեղ ուսուցումն ու գիտական աշխատանքը միահյուսվում էին միասնական ուսումնական գործընթացում: XII–XIII դարերում Եվրոպայում ստեղծվել են Բոլոնիայի, Սալեռնոյի, Սորբոնի, Մոնպելյեի, Քեմբրիջի, Օքսֆորդի, Սալամանկայի, Հայդելբերգի և այլ համալսարաններ, որոնք ունեին աստվածաբանական, բժշկական, իրավաբանական ֆակուլտետներ, ուսման տևողությունը 5–6 տարի էր: Հետագա դարերում շարունակվել է գիտությունների տարբերակումը, ստեղծվել են նոր համալսարաններ՝ Հարվարդի, Կոլումբիայի, Կրակովի, Վիտենբերգի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Վիլնյուսի, Տարտուի և այլն: Գիտության զարգացման, գիտելիքների տարածման համար մեծ նշանակություն է ունեցել տպագրության գյուտը (XV դար), համալսարաններում ընդհանրացվել և ներդրվել է գիտափորձը, կատարելագործվել մանկավարժական գործը: Միջնադարյան Հայաստանում գործել են մի շարք բարձր տիպի հոգևոր, մասամբ` նաև աշխարհիկ դպրոցներ, որոնք կոչվել են նաև վարդապետարան, ճեմարան, համալսարան: Մեծ մասամբ դրանք կենտրոնացած էին խոշոր վանքերում: Իրենց գիտակրթական գործունեությամբ առավելապես հայտնի էին Տաթևի (IX–XV դարեր), Սանահինի (X–XIII դարեր), Անիի (XI–XIII դարեր), Դրազարկի (XII–XIV դարեր), Գլաձորի (XIII–XIV դարեր) համալսարանները, Մեծոփավանքի և Ավագ վանքի բարձր տիպի դպրոցները (XII–XV դարեր) և այլն, որտեղ դասավանդել են անվանի գիտնականներ ու մանկավարժներ Ստեփանոս Սյունեցին, Հովհաննես Սարկավագը, Անանիա Սանահնեցին, Գրիգոր Մագիստրոսը, Գրիգոր Տուտեորդին, Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Տիրատուրը, Հովհաննես Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Ներսես Լամբրոնացին, Առաքել Սյունեցին, Մովսես Երզնկացին, Կիրակոս Երզնկացին, Հակոբ Ղրիմեցին և ուրիշներ: Ուսուցանվում էին իմաստասիրություն, մաթեմատիկա, բնագիտություն, տրամաբանություն, քերականություն, պոետիկա, պատմություն, մարդակազմություն, տարրաբանություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, երաժշտություն, նկարչություն, գրչության արվեստ, անտիկ աշխարհի ուսմունքներ, հայ գիտնականների, հատկապես Դավիթ Անհաղթի և Եզնիկ Կողբացու երկերը: Հայ միջնադարյան համալսարաններն ունեցել են մատենադարաններ, գրատներ, գիշերօթիկ հարկաբաժիններ: Գլաձորի, Տաթևի համալսարանների, Մեծոփավանքի բարձր տիպի դպրոցի շրջանավարտները հանդես են եկել գրավոր ատենախոսություններով, հրապարակային պաշտպանությամբ ստացել գիտական կոչումներ: Հոգևոր դպրոցներում տրվել է վարդապետի գիտական կոչում: XIX դարի սկզբին Մոսկվայում բացվել է հայագիտական և արևելագիտական խոշոր կենտրոն Լազարյան ճեմարանը, որը մեծապես նպաստել է հայկական կրթությանը, հայ մշակույթի զարգացմանը:
|