Աբրահամ Լինկոլնն ամերիկյան քաղաքական-պետական գործիչ է, ազգային հերոս, ԱՄՆ-ի 16-րդ նախագահը (1861–65 թթ.), Հանրապետական կուսակցության հիմնադիրներից, պայքարել է երկրում ստրկատիրության վերացման համար:
Աբրահամ Լինկոլնն ինքնակրթությամբ դարձել է փաստաբան: 1834–41 թթ-ին ընտրվել է Իլինոյս նահանգի օրենսդիր ժողովի, 1847–49 թթ-ին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Երկրում ստրկության վերացման համար պայքարի ընթացքում ձևավորվել են Հանրապետական և Ժողովրդավարական կուսակցությունները: Հանրապետականները դեմ էին ստրկությանը, իսկ ժողովրդավարները դրա ջատագովներն էին: 1861 թ-ին Լինկոլնն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ: Նա համոզված էր, որ ստրկությունը պետք է վերացնել խաղաղ միջոցներով: Սակայն Հարավի ստրկատեր պլանտատորները, չհանդուրժելով նրա քաղաքականությունը, խռովություն են բարձրացրել և ստեղծել իրենց կառավարությունը: Պառակտումը կանխելու Լինկոլնի փորձը չի հաջողվել: Սկսվել է քառամյա (1861–65 թթ.) քաղաքացիական պատերազմ կապիտալիստական Հյուսիսի և ստրկատիրական Հարավի միջև: Լինկոլնն իր շուրջն է համախմբել առաջադեմ բոլոր ուժերը: Նրա ջանքերով ընդունվել են օրենքներ, որոնցով վերացվել է ստրկությունը, և չափահաս բոլոր ամերիկացիներին հող ստանալու իրավունք է տրվել: 1863 թ-ի հունվարի 1-ին երկրում պաշտոնապես վերացվել է ստրկությունը: 1864 թ-ին հյուսիսային նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Լինկոլնը վերընտրվել է, 1865 թ-ի ապրիլի 9-ին Հարավի բանակն անձնատուր է եղել: Հաղթանակից 5 օր անց Լինկոլնը սպանվել է Վաշինգտոնի թատրոններից մեկում՝ երեկոյան ներկայացման ժամանակ` ստրկատերերի գործակալի՝ երիտասարդ դերասան Բուտսի ատրճանակի գնդակից: Լինկոլնն ամերիկացիների հեղափոխական ավանդների կրողն է: Նրանք այժմ էլ խորին հարգանքով են հիշում իրենց «բարի, հասարակ և արդար» նախագահին: Վաշինգտոնի գեղատեսիլ զբոսայգիներից մեկում կանգնեցվել է Աբրահամ Լինկոլնի դամբարան-հուշարձանը: Սան Ֆրանցիսկոյում նաև կա Լինկոլնի աթոռ, որին նստեցրել են զորավար Անդրանիկին: Նրա պատկերով թողարկվում է թղթադրամ (5-դոլարանոց):
|