Մակարավանքը միջնադարյան ճարտարապետական և վանական համալիր է՝ ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք՝ Պայտաթափ լեռան լանջին:
Մակարավանքի հնագույն եկեղեցին կառուցվել է X–XI դարերում. այն արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև գմբեթավոր կառույց է, ներսը՝ սվաղված (XIII դարում գմբեթը և ծածկը վերակառուցվել են): Բեմի ճակատը հարդարված է բուսական և երկրաչափական նուրբ զարդաքանդակներով: Վանքի վանահայր Հովհաննես Ա-ն 1198 թ-ին հիմնական հուշարձանախմբից արևելք կառուցել է ներքուստ խաչաձև, արտաքուստ՝ ութանիստ, կենտրոնագմբեթ Սբ Աստվածածին եկեղեցին. լուսամուտների պսակներն ու խորշերի գագաթներն ընդգրկող գոտին զարդարված են վարդյակների, թռչունների, առյուծների, մենամարտող արծվի ու վիշապի հարթաքանդակներով: Հյուսիսից եկեղեցուն կից է փոքրիկ թաղածածկ մատուռը: Վանքի հյուրատունը կառուցվել է XII դարի վերջին: Բազազ իշխանի որդի Վարդանը 1205 թ-ին կառուցել է համալիրի գլխավոր եկեղեցին՝ 1 զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով, Ավագ խորանի 2 կողմում՝ երկհարկ ավանդատներով: Եկեղեցու արևելյան և հարավային ճակատները հարդարված են եռանկյունաձև հատվածի զույգ խորշերով, ուղղանկյուն լուսամուտներն ու կլոր լուսանցքները՝ քանդակազարդ շրջանակներով: Ավագ խորանի կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով, իսկ բեմի ճակատն ամբողջապես ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոց զարդաքանդակներով, հիմնականում` բուսական և կենդանական պատկերներով: XIII դարի 1-ին քառորդում Վաչե Ամբերդցին (Վաչուտյանների տոհմից) վանքի հնագույն (արևմուտքից) և գլխավոր (հյուսիսից) եկեղեցիներին կից կառուցել է քառակուսի հատակագծով քառասյուն, կենտրոնակազմ գավիթ: Վերջինիս հյուսիս-արևելքից կից է նշխարատունը (XIII դար, այժմ՝ ավերակ): Համալիրի շրջակայքում պահպանվել են բնակելի ու տնտեսական շենքերի հիմնապատերը, կամարակապ դարպասը, աղբյուրը, խոշոր տապանաքարերով ու խաչարձաններով 2 գերեզմանոց՝ XII–XIII դարերին բնորոշ խաչքարերով: Ըստ պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ Հաթերքի Վախթանգ իշխանի կինը՝ Արզուխաթունը, XIII դարում ասեղնագործ վարագույրներ է նվիրել Մակարավանքին, Դադիվանքին, Գտչավանքին ու Հաղպատի վանքին: Համալիրը վերանորոգվել է 1970–80-ական թվականներին:
|