Բանասեր, լեզվաբան, բառարանագիր Ստեփան Մալխասյանցը ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր ակադեմիկոսներից է: Նրա աշխատությունները վերաբերում են հայոց լեզվի զարգացմանը, մատենագիտությանը և գիտական տերմինաբանությանը:
Ստեփան Մալխասյանցը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Կարապետյան ծխական դպրոցում: 1874– 1878 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1889 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը՝ ստանալով թեկնածուի գիտական աստիճան: Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և այլուր: 1885 թ-ին Սանկտ Պետերբուրգում լույս է ընծայել Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) «Պատմություն տիեզերական» աշխատության բնագիրը՝ գիտական տեքստով ու ծանոթագրություններով: Մալխասյանցի բանասիրական հետազոտություններից ուշագրավ են «Ուսումնասիրություն Փավստոս Բուզանդի պատմության» (1896 թ.), «Սեբեոսի պատմությունը և Մովսես Խորենացի» (1899 թ.), «Մովսես Խորենացի. Հայոց պատմություն» (1940 թ.), «Խորենացու առեղծվածի շուրջը» (1940 թ.), «Փավստոս Բուզանդ. Պատմություն Հայոց» (1947 թ.) գործերը: Հրատարակել է մատենագիրների համեմատական բնագրեր: Մալխասյանցի լեզվաբանական հետազոտություններից արժեքավոր են «Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները» (1891 թ.), «Գրաբարի համաձայնությունը» (1892 թ.) աշխատությունները, որոնք երկար ժամանակ օգտագործվել են որպես ուսումնական ձեռնարկներ: Մալխասյանցը, քննելով հայերենի բարբառների առաջացման հարցը, հանգել է այն համոզման, որ բարբառները եղել են նաև գրերի գյուտից առաջ, և գրաբարը ժամանակի բարբառներից (արարատյան) է: Նա ուսումնասիրել է նաև աշխարհաբար գրական լեզուների (արևելահայերեն և արևմտահայերեն) զարգացման հարցերը, հայոց լեզվի ուղղագրությունը, տաղաչափությունը և այլ խնդիրներ: Մալխասյանցը «Հայերեն բացատրական բառարանը» (4 հատոր, 1944–45 թթ., 1946 թ-ին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի) հայ բառարանագրության կոթողային նմուշներից է. ընդգրկում է ժամանակակից հայերենի (արևելահայերեն և արևմտահայերեն) ու բարբառների բառապաշարը, հին ու նոր փոխառյալ բառերը, դրանց ոճական կիրառությունները: Մալխասյանցը բնագրից թարգմանել է Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» (1887 թ.) և «Մակբեթ» (1892 թ.) ողբերգությունները:
|