ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանն իր ստեղծագործությամբ նպաստել է ռեալիստական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթների զարգացմանը հայ թատրոնում և կինոյի սկզբնավորմանը:
Դավիթ Մալյանը 1918 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Վրաստանի Թելավ քաղաք, որտեղ մասնակցել է տեղի հայկական և վրացական սիրողական թատերախմբերի ներկայացումներին: 1924 թ-ին ավարտել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիան. աշակերտել է ռեժիսորներ Արշակ Բուրջալյանին և Ստեփան Քափանակյանին: 1924– 1926 թթ-ին և 1932 թ-ից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն), 1926– 1927 թթ-ին՝ Թիֆլիսի հայկական, 1928– 1929 թթ-ին՝ Լենինականի դրամատիկական, 1930–32 թթ-ին՝ Երևանի բանվորական թատրոնների դերասան: Մալյանի դերասանական ակտիվ խառնվածքը դրսևորվել է հատկապես ժամանակակից հերոսների մարմնավորումներում. նա հավաստի կերպարներ է ստեղծել և՜ դրամատիկական, և՜ կատակերգական ժանրերում՝ Վահագն (Արմեն Գուլակյանի «Արշալույսին»), Կարսեցյան (Նաիրի Զարյանի «Փորձադաշտ»), Կակուլի (Գ. Սունդուկյանի «Պեպո», խաղացել է նաև համանուն կինոնկարում, 1935 թ.), Օթարյան, Սմբատ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Քաոս»), Օգնև (Ալեքսանդր Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»), Կլավդիոս, Լաերտ, Յագո (Վիլյամ Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»), Պարատով (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը») և այլն, որոնց բնորոշ են կերպարների հոգեբանական մանրազնին վերլուծությունը, չափավոր շարժուձևն ու զսպվածությունը: Նկարահանվել է «Զանգեզուր» (1938 թ.), «Դավիթ Բեկ» (1944 թ.), «Սիրտն է երգում» (1957 թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1958 թ.) և այլ կինոնկարներում: Գրել է «Դեմքեր, հանդիպումներ» (1974 թ.) գիրքը: Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակների (1950 և 1952 թթ.):
|