Պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմական աշխարհագրությանը, չափագիտությանն ու վիմագրությանը նվիրված հիմնարար ուսումնասիրությունների հեղինակ է:
Հակոբ Մանանդյանը 1883–93 թթ-ին սովորել է Թիֆլիսի 1-ին դասական գիմնազիայում, 1893–97 թթ-ին՝ Ենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում. մասնագիտացել է արևելագիտության, լեզվաբանության և փիլիսոփայության մեջ: 1898 թ-ին էքստեռն ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների, 1909 թ-ին՝ Յուրևի (այժմ՝ Տարտու) համալսարանի իրավաբանության ֆակուլտետները: 1921 թ-ին եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, 1921–25 թթ-ին՝ պատմագրական ֆակուլտետի դեկան և հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925–31 թթ-ին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր: Մանանդյանը 1903 թ-ին Հրաչյա Աճառյանի համահեղինակությամբ հրատարակել է «Հայոց նոր վկաները» վկայաբանական ժողովածուն, որտեղ ընդգրկված են 1155–1843 թթ-ին հանուն դավանանքի նահատակվածներին նվիրված պատմական ու գեղարվեստական ստեղծագործություններ: Զբաղվել է հունական իմաստասիրական երկերի հայերեն թարգմանությունների, հայոց մատենագիտության, հունաբան դպրոցի գործունեության, հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիրական ժառանգության ուսումնասիրությամբ («Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները», 1928 թ.): «Մեսրոպ Մաշտոցը և հայ ժողովրդի պայքարը մշակութային ինքնուրույնության համար» (1941 թ., ռուսերեն) աշխատության մեջ հանգել է այն եզրակացության, որ մաշտոցյան գրերն ստեղծվել են 392–393 թթ-ին: Մեծարժեք են «Արմավիրի հունարեն արձանագրությունները նոր լուսաբանությամբ», «Գառնիի հունարեն արձանագրությունները և Գառնիի հեթանոսական տաճարի կառուցման ժամանակը» (երկուսն էլ՝ 1946 թ.) աշխատությունները, որոնք վերաբերում են Հայաստանի հունարեն վիմագրերի վերծանմանն ու ուսումնասիրությանը: «Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում» (1936 թ.) երկում և այլ գործերում ուսումնասիրել է Հայաստանում և հարևան երկրներում գործածվող չափերն ու կշիռները: Մանանդյանն առաջիններից է զբաղվել Հայաստանի հասարակական-տնտեսական խնդիրների հետազոտությամբ: «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին...» (1930 թ., ռուսերեն) մենագրությունը վերաբերում է մ. թ. ա. V – մ. թ. XV դարերում Հայաստանի քաղաքների առաջացման, զարգացման ու անկման պատմությանը, նրանց դերին համաշխարհային առևտրում: «Տիգրան Բ և Հռոմը» (1940 թ.) մենագրության մեջ փաստական և աղբյուրագիտական հարուստ նյութերի հիման վրա շարադրել է Տիգրան Բ Մեծի (մ. թ. ա. 95–55 թթ.) ժամանակաշրջանի գիտական ու քննական պատմությունը: Մանանդյանը 1940-ական թվականներին ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատությունը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի՝ մ. թ. ա. VI – մ. թ. XVI դարերի ամբողջական քննական պատմությունը: Նրա աշխատությունները կարևոր ավանդ են նաև Այսրկովկասի ու Մերձավոր Արևելքի երկրների պատմության ուսումնասիրման համար: Երևանում 1977–85 թթ-ին հրատարակվել են Մանանդյանի երկերի 6 հատորը, 2010-ին` 7-րդը:
|