Բանաստեղծ, արվեստի տեսաբան ու թարգմանիչ Օսիպ Մանդելշտամի պոեզիան ռուս գրականության բարձրագույն նվաճումներից է:
Օսիպ Մանդելշտամը 1907 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Տենիշևյան ուսումնարանը, 1907–10 թթ-ին սովորել է Սորբոնի և Հայդելբերգի, 1911 թ-ին՝ Սանկտ Պետերբուրգի համալսարաններում: Տպագրվել է 1910 թ-ից: Վաղ շրջանի բանաստեղծություններում նկատելի է սիմվոլիզմի ազդեցությունը: Այնուհետև, մերժելով սիմվոլիստներին, դարձել է XX դարի սկզբին ռուս գրականության մեջ հայտնի ակմեիստական (այս հոսանքի ներկայացուցիչները գերադասում էին կյանքի ռեալիստական պատկերումը) գրական ուղղության հիմնադիրներից: Ըստ Մանդելշտամի՝ պոեզիան պետք է արտացոլի միայն ճշմարտացին ու իրականը: 1913 թ-ին հրատարակել է «Քար», 1922 թ-ին՝ «Tristia» («Երկրորդ գիրք» վերնագրով՝ 1923 թ-ին) բանաստեղծությունների ժողովածուները: Մանդելշտամը Հոկտեմբերյան հեղափոխությունը (1917 թ.) ընդունել է հուզականությամբ. անցյալը համարել է անձեռնմխելի, որը պետք է պահպանել, իսկ ներկան` արտահայտել նորովի («Խոսք մշակույթի մասին», «Խոսք բնության մասին», ակնարկներ): 1918–21 թթ-ին Մանդելշտամն աշխատել է մշակութալուսավորական հիմնարկներում, եղել Ղրիմում և Վրաստանում: 1922 թ-ին վերադարձել է Մոսկվա: Չի մասնակցել այդ թվականներին բավական հայտնի գրական խմբավորումների տեսական բանավեճերին: Դա էլ պատճառ է դարձել հասարակությունից նրա մեկուսացման: 1921–25 թթ-ին գրած բանաստեղծություններում ավելի ցայտուն են դրսևորվել բանաստեղծի մերժվածության և միայնության թեմաները: Պատասխանելով իր դեմ ուղղված մեղադրանքներին՝ ընդգծել է, որ «հեղափոխությանը բերած իր պարգևներն ընդունելի չեղան» («Սևահող», «Բանաստեղծություններ անհայտ զինվորի մասին»): Գրողը հրատարակել է նաև «Ժամանակի աղմուկը» (1925 թ.) ինքնակենսագրական պատմվածքների և «Բանաստեղծություններ» (1928 թ.) ժողովածուները, «Եգիպտական մակնիշ» (1928 թ.) վիպակը: Մանդելշտամը Միջագետքը, Հայաստանն ու Անդրկովկասը համարել է քաղաքակրթության օրրաններ: Նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի և հայ մշակույթի հանդեպ: 1930 թ-ի մայիսից մինչև նոյեմբեր եղել է Հայաստանում (այցելել է պատմաճարտարապետական հուշարձաններ ու կոթողներ), այդ թվում՝ Շուշիում, որի հայ բնակչությունը կոտորվել էր 1919–20 թթ-ի ջարդերի ժամանակ: Լքված ու ավերված Շուշին ծանր տպավորություն է թողել բանաստեղծի վրա, որն էլ արտացոլվել է նրա «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» էսսեների (1933 թ.) ժողովածուի մեջ. բանաստեղծը խորհրդածում է նաև պատմության, լեզուների, լուսավորականության, ֆրանսիական իմպրեսիոնիզմի շուրջ: Այդ տարիներին մտերմացել է Եղիշե Չարենցի, Աշոտ Հովհաննիսյանի, Արտաշես Կարինյանի և ուրիշների հետ: Հայաստանյան ուղևորությունից հետո Մանդելշտամը գրել է բանաստեղծությունների (13) շարք (1931 թ.)՝ նվիրված հայ ժողովրդին, հայոց լեզվին ու մշակույթին, Հայաստանի պատմությանը և եվրոպական մշակույթի վրա նրա ազդեցությանը, 1935–37 թթ-ին` բանաստեղծությունների վորոնեժյան շարքը (տպագրվել է 1965–66 թթ-ին), որտեղ «փնտրել է ժողովրդի սիրտը տանող ճանապարհները»: Մանդելշտամը գրել է նաև գրականագիտական և արվեստի տեսությանը նվիրված արժեքավոր հոդվածներ («Բառ և մշակույթ», «Խոսք բնության մասին», երկուսն էլ՝ 1928 թ.), էսսեներ («Զրույցներ Դանտեի մասին», 1933 թ.), ուսումնասիրություններ՝ նվիրված Պյոտր Չաադաևին, Ֆրանսուա Վիյոնին, Անդրե Մարի Շենիենին, թարգմանել է Վալտեր Սկոտի, Շառլ դը Կոստերի, Ռոբերտ Ստիվենսոնի և ուրիշների ստեղծագործություններից: Անհատի պաշտամունքի տարիներին Մանդելշտամը հալածվել է. առաջին անգամ ձերբակալվել է 1933 թ-ին: Մահացել է երկրորդ ձերբակալությունից (1938 թ.) հետո՝ բանտում: Վլադիվոստոկում և Վորոնեժում կանգնեցվել են նրա հուշարձանները:
|