Ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանուելը Վասպուրականի միջնադարյան ճարտարապետական դպրոցի հիմնադիրն է, Արծրունյաց իշխանական տան գլխավոր ճարտարապետը:
Մանուելն ապրել և ստեղծագործել է Վասպուրականում: Նրա մասին տեղեկություններ է հաղորդում Թովմա Արծրունու պատմությունը («Պատմություն Արծրունյաց տան») շարունակող Անանուն պատմիչը՝ անվանելով նրան «իմաստուն և հանճարեղ ճարտարապետ»: Մանուելը մասնակցել է Վանի միջնաբերդի վերաշինությանը, Ոստան քաղաքի միջնաբերդի և պալատական համալիրի կառուցմանը: Արծրունյաց թագավորության հոգևոր և քաղաքական կենտրոնի՝ Աղթամարի բերդաքաղաքում կառուցել է Արծրունիների պալատը, հարակից շենքերն ու Սբ Խաչ եկեղեցին: Բերդաքաղաքն ունեցել է իր նավահանգիստը՝ շրջապատված պաշտպանական շինություններով, բարձրաբերձ պարիսպներով, որոնց երկարությամբ կառուցված էին շտեմարաններ, զինանոցներ, արհեստանոցներ, վաճառատներ: Քաղաքաշինական կարևոր կառույցը միջնաբերդն էր (չի պահպանվել)՝ կղզու բարձրադիր մասում: Մանուելի կառույցներից ամենանշանավորը Սբ Խաչ եկեղեցին (915–921 թթ.) է, որն իր հորինվածքով հարազատ է Ավան-Հռիփսիմեի տիպի քառախորան հուշարձաններին: Հատկապես բարձրարվեստ է Սբ Խաչի պատկերագրական համակարգը. եկեղեցու պատերը պարագծով շրջառում են պատկերաքանդակների 6 գոտիներ՝ յուրահատուկ հմայք ու գրավչություն հաղորդելով կառույցին: Ճակատներին տեղադրված են 4 ավետարանիչների խոշոր, ողջ հասակով բարձրաքանդակները: Ճակատային հարթություններում քանդակների բարձրարվեստ համադրությունը, միասնությունն ու փոխկապվածությունը հասցված են կատարելության: Սբ Խաչ եկեղեցու պատկերաքանդակներն ազդել են ինչպես հայկական քանդակագործության հետագա զարգացման, այնպես էլ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ձևավորման վրա: Հուշարձանն արժեքավոր է նաև ներսի բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զգալիորեն վնասված են:
|