Բանաստեղծ, Ֆրանսիայի Ազգային հերոս Միսաք Մանուշյանը Դիմադրության շարժման առաջամարտիկներից է:
Միսաք Մանուշյանը Մեծ եղեռնի ժամանակ զրկվել է ծնողներից: 1920-ական թվականների սկզբին ապաստանել է Լիբանանի Ձունի քաղաքի հայկական որբանոցում, 1925 թ-ին տեղափոխվել է Ֆրանսիա: 1930-ական թվականներին Մանուշյանն աշխատել է Հայաստանի օգնության կոմիտեում, խմբագրել «Զանգու» (1935–37 թթ., Փարիզ) շաբաթաթերթը, որտեղ տպագրել է նաև իր բանաստեղծությունները: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) առաջին իսկ ամիսներին, երբ Գերմանիան նվաճել էր եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, շատերի հետ Մանուշյանը նույնպես ձերբակալվել ու նետվել է համակենտրոնացման ճամբար: 3 ամիս անց փախել Է ճամբարից, վերադարձել Փարիզ և ակտիվորեն մասնակցել գերմանական զավթիչների դեմ ֆրանսիացի հայրենասերների մղած պայքարին՝ Դիմադրության շարժմանը: 1943 թ-ի մայիսին նշանակվել է Փարիզի և նրա շրջակայքի ազատ հրաձիգների և պարտիզանական ինտերնացիոնալ ջոկատների հրամանատար՝ Ժորժ կեղծանունով: Նույն թվականի նոյեմբերին Մանուշյանն ու նրա 22 մարտական ընկերները մատնությամբ ձերբակալվել են, 3 ամիս անց գնդակահարվել: Ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնը նրանց հիշատակին է ձոնել «Մանուշյանի խումբը» բանաստեղծությունը, որը հետագայում վերածվել է երգի: 1946 թ-ին Փարիզում լույս է տեսել Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների ժողովածուն, իսկ 1956 թ-ին վերահրատարակվել է Երևանում՝ «Իմ երգը» խորագրով: Մանուշյանի և նրա խմբի մարտիկների անուններով փողոցներ, դպրոցներ, պուրակներ են կոչվել Փարիզում, Մարսելում և Ֆրանսիայի այլ քաղաքներում, կանգնեցվել են հուշարձաններ: Փարիզում Մանուշյանի տան պատին ամրացված է հուշաքար: Ամեն տարի փետրվարի 26-ին Ֆրանսիայում հարգանքի տուրք է մատուցվում Մանուշյանի հիշատակին: Ֆրանսիայի կառավարությունը Մանուշյանին հետմահու պարգևատրել Է Պատվո լեգեոնի շքանշանով: Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը նկարահանել է «Ոճրագործության բանակ» (կինոնկարը, 2009 թ., Մանուշյանի դերում՝ Աբգար Սիմոնյան): Երևանում և Գյումրիում նույնպես նրա անունով կոչվել են փողոցներ և դպրոցներ:
|