Կոլումբիացի գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Գարսիա Մարկեսը մոգական ռեալիզմի հիմնադիրն է իսպանալեզու գրականության մեջ:
Գարսիա Մարկեսը 1940–46 թթ-ին սովորել է Սիպակիր քաղաքի ճիզվիտական քոլեջում, 1946 թ-ին ընդունվել է Բոգոտայի ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետը (չի ավարտել), 1950 թ-ից զբաղվել է լրագրությամբ: 1954 թ-ից թղթակցել է Բոգոտայի «Էլ Էսպեկտադոր» («Դիտորդ») պարբերականին, 1955 թ-ին տեղափոխվել է Եվրոպա և 2 տարի աշխատել որպես թղթակից: 1955 թ-ին հրատարակել է «Թափված տերևներ», 1957 թ-ին՝ «Գնդապետին ոչ ոք չի գրում» վիպակները, 1961 թ-ին՝ «Մեծ մայրիկի հուղարկավորությունը» պատմվածքների ժողովածուն, որտեղ նրա պատկերած տարօրինակ աշխարհում միահյուսված են երևակայականը, հեքիաթայինն ու իրականը: 1961 թ-ից Մարկեսը բնակվում է Մեքսիկայում: Մարկեսին հաջողություն է բերել «Չարաբաստիկ ժամ» (1959 թ.) վեպը, որտեղ ներկայացրել է բռնությունից, ներքին թշնամանքից ու ատելությունից քայքայված կոլումբիական հասարակությունը: Քաղաքի ու նրա բնակիչների անհուսալի մենությունը գրողը պայմանավորել է բռնությամբ: Մարկեսը համաշխարհային փառքի է արժանացել «Հարյուր տարվա մենություն» (1967 թ., 1982 թ-ին արժանացել է Նոբելյան մրցանակի) վեպով: Գրողն անկաշկանդ երևակայության և անսպասելի իրադարձությունների միջոցով ներկայացրել է մտացածին Մակոնդո փոքրիկ քաղաքի և Բուենդիա ընտանիքի 6 սերնդի պատմությունը, որը ոչ միայն Կոլումբիայի ու ամբողջ Լատինական Ամերիկայի, այլև մարդկության տարեգրությունն է: Վեպի գլխավոր հերոսի՝ Աուրելիանո Բուենդիայի, բազմաթիվ այլ կերպարների և երևակայական ու առասպելական իրադարձությունների միջոցով Մարկեսը պատկերել է իրական կյանքը, որն անվանել է «ֆանտաստիկ իրականություն»: Հանուն սիրո 56 տարի սպասող հերոսի կյանքն է պատկերված Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» (1981 թ.) վեպում: «Հայտարարված սպանության խրոնիկա» (1981 թ.) երկն առանձնանում է ձևի և բովանդակության նորարարությամբ. սպանության ականատեսներից յուրաքանչյուրն այն ներկայացնում է յուրովի: Երևակայական ու առասպելական, քաղաքական ու իրական կերպարների միջոցով գրողը «Նահապետի աշունը» (1975 թ.), «Քո արյան հետքերը ձյան վրա» (1982 թ.), «Գեներալը լաբիրինթոսում» (1989 թ.), «Սիրո և այլ դևերի մասին» (1994 թ.), «Հայտարարություն առևանգման վերաբերյալ» (1996 թ.) վեպերում, նաև պատմվածքներում ու այլ գործերում ստեղծել է այնպիսի մի աշխարհ, որտեղ հնարավոր է ամեն ինչ: 2004 թ-ին Մարկեսը հրատարակել է «Հիշելով իմ տխուր տարփուհիներին» վեպը, որտեղ հերոսը՝ 90-ամյա լրագրողը, կյանքի մայրամուտին հիշում է իր բոլոր սիրուհիներին: Մարկեսը գրել է նաև կինոսցենարներ, հոդվածներ: Նրա գործերի հիման վրա ստեղծվել են կինոնկարներ: Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», «Սերը խոլերայի ժամանակ», «Նահապետի աշունը» վեպերը և այլ գործեր թարգմանվել են հայերեն:
|