Վլադիմիր Մայակովսկու նորարական պոեզիան սերտորեն առնչվել է քաղաքական պայքարին և ռուս գրականությունը հարստացրել նոր արտահայտչամիջոցներով ու բովանդակությամբ:
Վլադիմիր Մայակովսկին 1902–06 թթ-ին սովորել է Քութայիսի գիմնազիայում: Հոր մահից հետո տեղափոխվել է Մոսկվա. ուսումը շարունակել է դասական գիմնազիայում: 1908 թ-ին ընդունվել է բոլշևիկյան կուսակցության շարքերը: 1908–09 թթ-ին 3 անգամ ձերբակալվել է: 1909 թ-ին Մոսկվայի Բուտիրյան բանտում գրել է առաջին բանաստեղծությունները: 1911 թ-ին ընդունվել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը: Այդ շրջանում հարել է ֆուտուրիստներին (ապագայապաշտներ՝ անցյալը ժխտող գեղարվեստական շարժման հետևորդներ). գրել է «Գիշեր», «Առավոտ» բանաստեղծությունները, հրատարակել «Ես» (1913 թ.) գրքույկը: Հաղթահարելով ֆուտուրիստական հայացքները՝ անդրադարձել է նաև սոցիալական սուր խնդիրների. ընդվզել է Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) դեմ, երազել մարդկության վերափոխման մասին («Մայրիկը և գերմանացիների կողմից սպանված երեկոն», 1914 թ., «Ձեզ», 1915 թ., բանաստեղծություններ, «Պատերազմն ու աշխարհը», 1917 թ., «Մարդը», 1916–17 թթ., պոեմներ): «Վարտիքավոր ամպը» (1915 թ.) պոեմում բանաստեղծի խոստովանանքը հնչում է որպես մարգարեություն: 1915–19 թթ-ին Մայակովսկին ապրել է Պետրոգրադում: Մտերմացել է Մաքսիմ Գորկու հետ, որը հովանավորել է բանաստեղծին և նպաստել նրա տաղանդի ձևավորմանն ու զարգացմանը: Մայակովսկին խանդավառությամբ է ընդունել Հոկտեմբերյան հեղափոխությունը (1917 թ.): 1918 թ-ին գրել է բանաստեղծություններ («Ներբող հեղափոխությանը», «Ձախ մարշ», «Բանվոր բանաստեղծը»), «Միստերիա բուֆ» խորհրդային առաջին պիեսը, կինոսցենարներ, խաղացել է նաև այդ կինոնկարներում («Ծնված է ոչ փողի համար», «Օրիորդը և խուլիգանը»): Մայակովսկին 1919 թ-ին վերադարձել է Մոսկվա և աշխատել Ռուսաստանի հեռագրական գործակալությունում: 3 տարում ստեղծել է ավելի քան 1000 պլակատ և դրանց համար գրել բանաստեղծական տեքստեր: Անդրադարձել է Լենինի կերպարին, հեղափոխական պայքարին, կարևորել հեղափոխության պատմական նշանակությունը («Վլադիմիր Իլյիչ Լենին», 1924 թ., պոեմ): «Մենք չենք հավատում» (1923 թ.) և «Լավ է» (1927 թ.) պոեմներում պատկերել է խորհրդային իշխանության առաջին տարիներին կատարված փոփոխությունները: 1922–24 թթ-ին եղել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Կուբայում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում: Բարձր գնահատելով արտասահմանյան տեխնիկայի և մշակույթի նվաճումները՝ միաժամանակ քննադատել է նյութապաշտ աշխարհի հակասություններն ու արատները: Այդ տարիներին գրել է ակնարկներ («Փարիզ...», «Ֆրանսիական գեղանկարչության յոթօրյա դիտում», «Ամերիկայի իմ հայտնաբերումը»), բանաստեղծություններ («Գեղեցկուհիներ», «Վերսալ», «Բրոդվեյ», «Բլեք ընդ Ուայթ», «Բրուկլինի կամուրջը», «Քրիստափոր Կոլումբոս»): 1926–27 թթ-ին գրած բանաստեղծություններում, պոեմներում և ակնարկներում («Սերգեյ Եսենին», «Հրաշքներ», «Վերադարձ տուն», «Ժողովրդին անհասկանալի է», «Պարոն «ժողովրդական արտիստ»») Մայակովսկին շեշտել է բանաստեղծի պարտքի գիտակցության կարևորությունը գրականության մեջ: Հայրենասիրական ու քաղաքացիական պարտքի մոտիվներն է արտահայտել «Ընկեր Նետտեին, շոգենավին և մարդուն» (1926 թ.), «Միության քաղաքներով» (1927 թ.), «Բանաստեղծություն խորհրդային անձնագրի մասին» (1929 թ.) բանաստեղծություններում և այլ գործերում: Մայակովսկու ստեղծագործության մեջ նշանակալի տեղ է գրավում երգիծանքը («Կաշառակերներ», «Չորսհարկանի խալտուրա», «Կեղծապաշտը», երեքն էլ՝ 1926 թ.): «Անպետքության մասին» (1926 թ.), «Փայտոջիլ», «Երկչոտը», «Պոմպադուրը» (երեքն էլ՝ 1928 թ.), «Բաղնիք» (1929 թ.) կատակերգություններում ծաղրել է բյուրոկրատիզմն ու քաղքենիությունը: Վերջին տարիների անձնական կյանքի և գրական պայքարի բարդ ու հակասական իրավիճակը նրան հասցրել է ինքնասպանության: Մայակովսկու գրեթե բոլոր ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն (Գուրգեն Բորյան, Նաիրի Զարյան, Գևորգ Էմին, Մկրտիչ Կորյուն և ուրիշներ): Մայակովսկու անունով ՀՀ Կոտայքի մարզում կոչվել է գյուղ:
|