Մեղրատու (ընտանի) մեղուն թաղանթաթևավորների կարգի մեղվանմանների ընտանիքի մեղուների ցեղի միջատ է: Մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղր: Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները: և ընտելացրել մեղուներին: Սրանք գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ (վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծերպերում): Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից (մոմահաց): Միայն 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր: Մեղվաընտանիքը կենսաբանական ամբողջություն է, որտեղ բոլոր անհատները փոխկապված են և ընդունակ չեն ինքնուրույն գոյության: Բաղկացած է 1 մայր մեղվից, 60–80 հզ. աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն՝ հազար) բոռերից: Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր: Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով: Այդ նպատակով էլ մեղրը քամելիս մեղվապահը մեղուներին ձմռան պաշար է թողնում: Բացի այդ, մեղրահացերում են աճում թրթուրները՝ ապագա մեղուները: Հասուն մեղուները նրանց ևս կերակրում են մեղրով ու ծաղկափոշիով: Հետաքրքրական է, որ հատուկ ազդանշանային համակարգի օգնությամբ մեղուները կարող են միմյանց հայտնել իրենց գտած մեղրատու բույսի տեղը: Աշխատավոր մեղուների միջև աշխատանքի խիստ բաժանում կա. մի մասը նեկտար ու ծաղկափոշի է հայթայթում և բերում փեթակ, մյուսները վերցնում են այն և լցնում մեղրահացերը, երրորդները մաքրում են մեղրահացերը, չորրորդները թևերով օդափոխիչի նման օդափոխում են փեթակը, հինգերորդները պահակ են կանգնում փեթակի մուտքի մոտ, վեցերորդները կերակրում են թրթուրներին: Միայն մայր մեղուն է, որ ոչ մի աշխատանք չի կատարում, և դեռ ինքն է մշտական հոգատարություն պահանջում: Սակայն նա միակն է, որ փեթակում ձվեր է դնում: Սեռահասուն է դառնում մայրաբջջից (որը հյուսում են աշխատավոր մեղուները) դուրս գալուց 5–7 օր հետո և ապրում 5 տարի: Առավել արդյունավետ է մինչև 2 տարեկան մայր մեղուն: Բոռերը նույնպես միայն մեկ պարտականություն ունեն՝ բեղմնավորում են մայր մեղվին: Կարևոր նշանակություն ունեն մեղուների կենսագործունեության նյութերը՝ ծաղկափոշին, մեղվակաթը, ակնամոմը և այլն: Ծաղկափոշին պարունակում է կենսաբանորեն ակտիվ նյութեր և, ունենալով բուժիչ հատկություններ, օգտագործվում է մի շարք հիվանդությունների բուժման համար: Մեղվակաթը (ապիլակ) աշխատող մեղուների գեղձերի արտազատուկն է, որով մեղուները կերակրում են ապագա մայրերին: Այն արժեքավոր դեղամիջոց է. ունի օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող, զարկերակային արյան ճնշումը կարգավորող ներգործություն: Թողարկվում է նաև հաբերի ձևով: Ակնամոմն օժտված է հակամանրէային հատկությամբ և կիրառվում է այրվածքների, մաշկի, մարսողական օրգանների հիվանդությունների բուժման համար: Արժեքավոր է նաև մեղվի թույնը. ճիշտ օգտագործելու դեպքում կարող է շատ հիվանդություններ բուժել: Սակայն պետք է իմանալ, որ, օրինակ, 400 մեղվից բաղկացած պարսի հարձակումը մարդու համար կարող է մահացու լինել: Գիտնականներն ուսումնասիրում են մեղուների վարքը՝ որոշակի իմաստ ունեցող բզզոցը, «պարը»: Մեղուների հայրենիքը Հարավային Ասիան է, որտեղից նրանք տարածվել են ամենուրեք: Մեղրատու մեղուները բաժանվում են եվրոպական, կովկասյան, աֆրիկյան և ասիական խմբերի: ՀՀ-ում տարածված են հայկական դեղին մեղուն և նրա տարատեսակ կովկասյան գորշ մեղուն: Հայկական դեղին մեղուն տարածված է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, նաև դաշտավայրային և տաք շրջաններում: Մաքրացեղ պահպանվել են հատկապես Մեղրիում: Հայկական դեղին մեղուների պահպանման և տոհմային աշխատանքով զբաղվում են Երևանի «Նեկտար» մեղվաբուծական գիտահետազոտական պետական ձեռնարկության Մեղրիի հենակետում:
|