Գերմանացի կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, երգեհոնահար Ֆելիքս Մենդելսոնը ռոմանտիկական սիմֆոնիայի հիմնադիրներից է:
Ֆելիքս Մենդելսոնի դաշնամուրի առաջին ուսուցիչը եղել է մայրը: Կոմպոզիցիայի և դաշնամուրի դասեր է առել նաև ժամանակի հայտնի երաժիշտներից: 9 տարեկանից ելույթներ է ունեցել, հռչակվել որպես վիրտուոզ դաշնակահար, իսկ 11 տարեկանից ստեղծագործել է: 1829 թ-ից Մենդելսոնը համերգներով շրջագայել է Անգլիայում, Շոտլանդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր: Նույն թվականին Բեռլինում նրա ղեկավարությամբ կատարվել է Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը` սկիզբ դնելով Բախի գրեթե մոռացված ժառանգության վերագնահատման: Մենդելսոնի գլխավորությամբ բազմաթիվ համերգներ են կազմակերպվել Դյուսելդորֆում և Լայպցիգում: 1835 թ-ից եղել է «Գևանդհաուզ» նվագախմբի դիրիժորը: 1841 թ-ին կոմպոզիտորին հրավիրել են Բեռլին` աշխատելու: Մեկ տարի անց վերադարձել է Լայպցիգ. 1843 թ-ին հիմնել է Գերմանիայում առաջին կոնսերվատորիան, ղեկավարել կոմպոզիտորական լայպցիգյան դպրոցը: Չնայած ռոմանտիկական նոր միտումներին՝ նրա արվեստը միաժամանակ սերտորեն կապված է XVIII–XIX դարերի դասական երաժշտության ավանդույթներին: Ժանրային վառ երանգավորում ունեն Մենդելսոնի «Շոտլանդական» և «Իտալական» սիմֆոնիաները: Նա հիմք է դրել նաև սիմֆոնիկ երաժշտության նոր ժանրի՝ ռոմանտիկական ծրագրային կոնցերտային նախերգանքի («Ամառային գիշերվա երազը», «Խաղաղ ծով և երջանիկ նավարկություն», «Հեբրիդներ» կամ «Ֆինգալյան քարայր» և այլն): Համաշխարհային հռչակ են վայելում նրա Ջութակի կոնցերտը, դաշնամուրի 2 կոնցերտները, հատկապես «Երգեր առանց խոսքի» նուրբ մանրանվագները (48): Մենդելսոնը գրել է նաև 5 սիմֆոնիա, լարային անսամբլներ, կանտատներ, երգեր և ռոմանսներ: Գերմանական օրատորիայի պատմության մեջ արժանի տեղ ունեն նրա «Պողոս» և «Եղիա» գործերը:
|