Բանաստեղծ, ազգային-ազատագրական շարժման գործիչ Ադամ Միցկևիչը զարգացրել է լեհական ժողովրդավարական միտքը, հարստացրել գրական լեզուն, ժանրերն ու տաղաչափությունը:
Ադամ Միցկևիչը 1815–19 թթ-ին սովորել է Վիլնոյի (այժմ՝ Վիլնյուս) համալսարանում: 1819–23 թթ-ին ուսուցչություն է արել Կովնո քաղաքում: Վաղ շրջանի բանաստեղծություններում հրապուրվել է լուսավորականության գաղափարներով: 1817 թ-ից մասնակցել է «Ֆիլոմատներ» (գրասերներ) և «Ֆիլարետներ» (բարեսերներ) հայրենասիրական գաղտնի խմբակների ստեղծմանն ու գործունեությանը. նրանց համար գրել է ծրագրային բանաստեղծություններ՝ «Ֆիլարետների երգը» (1820 թ.) և «Ներբող երիտասարդության» (1820 թ., հայերեն՝ 1899 թ.), որոնք բռնությանը բռնությամբ պատասխանելու կոչ էին և տևական ժամանակ լեհ առաջադեմ երիտասարդության մանիֆեստը: Միցկևիչն իր առաջին չափածո ժողովածուով («Պոեզիա», հ. 1, 1822 թ.) դարձել է ռոմանտիկական ուղղության հիմնադիրը լեհական գրականության մեջ: Ժողովածուի «Բալլադներ և ռոմանսներ» շարքի հիմնական թեման ու կերպարները ժողովրդական բանահյուսությունից են: 1823 թ-ին Միցկևիչը լույս է ընծայել «Պոեզիա»-ի 2-րդ հատորը, որտեղ զետեղել է «Գրաժինա» քնարաէպիկական պոեմը, որով սկզբնավորվել է այսպես կոչված «բանաստեղծական վիպակի» ժանրը լեհական գրականութան մեջ: Այդ հատորում է զետեղված նաև «Նախահայրեր» (2-րդ, 4-րդ մասերը) դրամատիկական պոեմը, որտեղ անդրադարձել է լեհ և լիտվացի ժողովուրդների ծիսական սովորույթներին: 1823 թ-ին ռուսական իշխանությունը Լիտվայում ձերբակալել է Միցկևիչին «Ֆիլոմատներ» և «Ֆիլարետներ» կազմակերպություններին անդամակցելու համար և 1824 թ-ին աքսորել Ռուսաստան: 1824–29 թթ-ին եղել է Սանկտ Պետերբուրգում, Օդեսայում, Մոսկվայում, որտեղ մտերմացել է դեկաբրիստների, բանաստեղծներ Ալեքսանդր Պուշկինի, Պյոտր Վյազեմսկու, Եվգենի Բարատինսկու և ուրիշների հետ: Ռուսաստանում հրատարակել է «Սոնետներ» (1826 թ.) ժողովածուն, «Կոնրադ Վալենրոդ» (1828 թ.) մեծածավալ պոեմը (նվիրված է Նիկոլայ I ցարին): Պոեմում պատկերել է լիտվացիների պայքարը գերմանական խաչակիրների դեմ: Գլխավոր հերոսը՝ Վալենրոդը, անձնական երջանկությունը զոհում է հանուն ժողովրդի փրկության. արտաքուստ հաշտվում է ուժեղ թշնամու հետ, ծառայում նրան, սակայն գործում է նրա դեմ (այդ երևույթը հայտնի է «վալենրոդականություն» անունով): 1829 թ-ին Միցկևիչը եղել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում: 1831 թ-ին ցարական Ռուսաստանի դեմ լեհ ժողովրդի ապստամբությանը միանալու անհաջող փորձերից հետո ընդմիշտ մնացել է տարագրության մեջ. ապրել է հիմնականում Փարիզում: Ապստամբության պարտությունից հետո գրել է «Նախահայրեր» (1832 թ.) պոեմի 3-րդ մասը, որտեղ պատկերել է «լեհական մեսիականության» գաղափարախոսությունը, ըստ որի՝ Լեհաստանի տառապանքները պայմանավորված են «Քրիստոսի ժողովուրդներից» լեհ ժողովրդի նահատակ լինելու պատմական ճակատագրով: Պոեմի գլխավոր հերոս Կոնրադը հանուն «միլիոնավոր մարդկանց» մարտահրավեր է նետում Աստծուն՝ նրան համարելով տիրող չարիքի մեղավորը: 1832 թ-ին գրել է «Լեհ ժողովրդի և լեհ ուխտավորի գիրքը» գրական-հրապարակախոսական ուսումնասիրությունը, որտեղ արտացոլել է լեհ ժողովրդի ողբերգական ճակատագիրը, հեղափոխական պայքարը, ապստամբների՝ տառապանքներով անցած ուղին: 1834 թ-ին Միցկևիչը հրատարակել է իր վերջին մեծածավալ պոեմը՝ համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը՝ «Պան Թադեուշ» ազգային հերոսապատումը: 1839–40 թթ-ին Միցկևիչը դասավանդել է Լոզանի համալսարանում, 1840–41 թթ-ին եղել է Փարիզի Կոլեժ դը Ֆրանսի սլավոնական գրականության ամբիոնի վարիչ: 1841 թ-ին հարել է լեհ փիլիսոփա, մեսիականության հոգևոր առաջնորդ Անջեյ Տովյանսկու աղանդին, սակայն 1847 թ-ին հեռացել է աղանդից: 1848 թ-ին ուղևորվել է Իտալիա, որպեսզի Իտալիայի և Լեհաստանի ազատագրության համար կազմակերպի լեգեոններ: 1849 թ-ին Փարիզում հիմնադրել և խմբագրել է «Ժողովուրդների ամբիոն» թերթը, գրել հեղափոխական-ժողովրդավարական ուղղվածության հոդվածներ, թարգմանել Վոլֆգանգ Գյոթեի, Ջորջ Բայրոնի, Ալիգիերի Դանտեի, Վիլյամ Շեքսպիրի գործերից: Ղրիմի պատերազմի (1853–56 թթ.) տարիներին՝ 1855 թ-ին, հուսալով որևէ օգուտ քաղել Լեհաստանի համար, մեկնել է Կոստանդնուպոլիս՝ լեհական լեգեոններ կազմակերպելու նպատակով, սակայն հիվանդացել է ժանտախտով և մահացել: Թաղվել է Փարիզում, 1890 թ-ին աճյունը տեղափոխել են Կրակով: Ստեղծագործելով մեկ տասնամյակից փոքր-ինչ ավելի՝ Միցկևիչը լեհ գրականությունը բարձրացրել է նոր աստիճանի: Նա նպաստել է նաև բելառուսական գրականության կայացմանը: Միցկևիչի ստեղծագործություններից հայերեն են թարգմանել Հովհաննես Հովհաննիսյանը, Հովհաննես Թումանյանը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Զարդարյանը, Արշակ Չոպանյանը, Պարույր Սևակը, Արտաշես Պողոսյանը և ուրիշներ:
|