Անաստաս Միկոյանը 1924թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Ընդունվելով (1915 թ.) Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության շարքերը՝ 1915–20 թթ-ին հեղափոխական աշխատանք է կատարել Այսրկովկասում, խմբագրել է «Սոցիալ-դեմոկրատ» (հայերեն), ավելի ուշ՝ «Բաքվի խորհրդի տեղեկագիր» (ռուսերեն) թերթերը: Բաքվի կոմունայի (1918 թ.) օրերին եղել է Կարմիր բանակի բրիգադի կոմիսար, իսկ կոմունայի պարտությունից հետո՝ բոլշևիկյան կուսակցության Բաքվի ընդհատակյա քաղաքային կոմիտեի նախագահը: 1920 թ-ի ապրիլին մասնակցել է Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատմանը: 1920–26 թթ-ին Միկոյանն աշխատել է Նիժնի Նովգորոդում, Դոնի Ռոստովում: 1926 թ-ից պաշտոնավարել է ԽՍՀՄ կառավարությունում (արտաքին և ներքին առևտրի, մատակարարման, սննդի արդյունաբերության ժողկոմ). 1937–46 թթ-ին եղել է Ժողկոմխորհի փոխնախագահ: Հայրենական պատերազմի (1941–45 թթ.) տարիներին Միկոյանը ղեկավարել է խորհրդային բանակի մատակարարման գործը: 1946–55 թթ-ին ԽՍՀՄ Նախարարների խորհրդի փոխնախագահն էր, 1955–64 թթ-ին՝ առաջին փոխնախագահը, 1964–65 թթ-ին՝ ԽՍՀՄ ԳԽ նախագահության նախագահը: 1935–66 թթ-ին՝ ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի (նախագահության) անդամ: 1937–74 թթ-ին ընտրվել է ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր: Միկոյանն անցել է քաղաքական և պետական գործունեության բարդ ուղի: ԽՄԿԿ 20-րդ համագումարում (1956 թ.) և հետագա տարիներին հանդես է եկել Ի. Ստալինի անձի պաշտամունքի մերկացման օգտին, պաշտպանել է Ն. Խրուշչովի դիրքորոշումը: Նա մեծ դեր է խաղացել 1962 թ-ին Խորհրդային Միության և ԱՄՆ-ի միջև ծագած այսպես կոչված «Կարիբյան ճգնաժամի» հաղթահարման գործում: Հեղինակ է խորհրդային տնտեսությանը նվիրված մի շարք աշխատությունների, ինչպես նաև հուշագրությունների: Պարգևատրվել է ԽՍՀՄ և տարբեր երկրների բազմաթիվ շքանշաններով և մեդալներով: Արտեմ Միկոյանը 1936 թ-ին ավարտել է Մոսկվայի Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիան: 1940–70 թթ-ին եղել է ԽՍՀՄ Ինքնաթիռաշինության փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի հիմնադիր-պետը: Միկոյանի ղեկավարությամբ են ստեղծվել ՄիԳ-1, ՄիԳ-3 կործանիչները, ԽՍՀՄ-ում առաջին հրթիռակիր ՄիԳ-19, եռանկյուն թևով ՄիԳ-21, փոփոխելի սլաքաձև թևով ՄիԳ-23 գերձայնային կործանիչ ինքնաթիռները: Բազմաթիվ ձևափոխություններով ՄիԳ մակնիշի ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներն ամենալայն կիրառությունն ունեն աշխարհում. կառուցվել և աշխարհի շուրջ 40 երկիր է արտահանվել այդ մակնիշի մոտ 60 հզ. ինքնաթիռ: Ներկայումս Մոսկվայում գործող Միկոյանի անվան ճարտարագիտական կենտրոնում մշակվել է ինքնաթիռի շուրջ 200 նախագիծ, ստեղծվել ավիացիոն և հատուկ տեխնիկայի ավելի քան 120 նմուշ: Արտեմ Միկոյանի թևավոր հրթիռների և հրթիռատիեզերական տեխնիկայի ոլորտի աշխատանքները կարևոր նշանակություն ունեն նաև տիեզերագնացության զարգացման համար: Արտեմ Միկոյանը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ էր, ճարտարագիտատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Պետական մրցանակի 6-ակի դափնեկիր: Միկոյանի անունով են կոչվել Մոսկվայի մեքենաշինական գործարանը և փողոց Երևանում: Անաստաս Միկոյանը Խորհրդային Միության պետական և կուսակցական գործիչ էր, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1943 թ.), ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի եղբայրը, Միկոյանների նշանավոր գերդաստանի հայրը: Ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը ԽՍՀՄ-ում ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից է: Նրա գլխավորությամբ մշակված ինքնաթիռներով սահմանվել են 55 համաշխարհային ռեկորդներ, որոնց զգալի մասը դեռևս մնում է չգերազանցված:
|