«Մինի Մունդուսը» համաշխարհային ճարտարապետության լավագույն նմուշների մանրակերտների բացօթյա թանգարան է: Ստեղծվել է 1958 թ-ին, Ավստրիայի հարավում՝ Կլագենֆուրտ քաղաքի շրջակայքում՝ Վյորտերզեե լճի ափին:
«Մինի Մունդուսը» լատիներեն է. նշանակում է փոքր աշխարհ: Աշխարհում նմանը չունեցող այս թանգարանն ստեղծվել է Ավստրիայի «Փրկել երեխաներին» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: 26 հզ. մ2տարածքում կառուցված են 53 երկրի ավելի քան 170 ճարտարապետական գլուխգործոցների մանրակերտներ: Յուրաքանչյուր մանրակերտ նույնությամբ կրկնում է իր բնօրինակը` նույն շինանյութից` 25 անգամ փոքրացված չափսերով: Թանգարանի աշխատակիցները` ճարտարապետներ, նկարիչներ, շինարարներ, այցելում են տարբեր երկրներ, չափագրում ընտրված կառույցները, պատրաստում գծագրեր և ձեռք բերում անհրաժեշտ շինանյութերը: Թանգարանում որոշակի հեռավորությամբ տեղադրված են զարմանալի վարպետությամբ կառուցված Աթենքի Պարթենոնի, Հնդկաստանի Ագրա քաղաքի Թաջ Մահալ դամբարանի, Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների, Վաշինգտոնի Սպիտակ տան, Սիդնեյի օպերային թատրոնի շենքի, Ստամբուլի Սուլեյմանիե մզկիթի, Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարի, Եգիպտոսի, Չինաստանի, Ճապոնիայի, Իրանի և այլ երկրների ճարտարապետական լավագույն շինությունների մանրակերտները: «Մինի Մունդուսում» ներկայացված են նաև հայտնի նավերի մոդելներ: Վյորտերզեե լճի ափին կառուցվել է փոքր նավահանգիստ, որի «խարսխակայանում» կարելի է տեսնել մի քանի նավ` Վասկո դա Գամայի առագաստանավից մինչև անգլիական «Քուին Մերի» շոգենավը, որը ժամանակին աշխարհի ամենախոշոր նավն էր: 1991 թ-ին «Մինի Մունդուսի» մասնագետներն այցելել են Հայաստան. ծանոթանալով հայ բազմադարյան ճարտարապետությանը՝ որոշել են պատրաստել Էջմիածնի Մայր տաճարի մանրակերտը: 1994 թ-ի հունիսին այն տեղադրվել է «Մինի Մունդուսում»:
|