Մրգերը ծառերի, թփերի, ծառաթփային բույսերի ուտելի պտուղներն են: Տարբերում են մրգի հետևյալ հիմնական խմբերը. սերմնապտուղներ՝ խնձոր, տանձ, սերկևիլ և այլն, կորիզապտուղներ՝ ծիրան, դեղձ, բալ, սալոր և այլն, արևադարձայիններ և մերձարևադարձայիններ՝ արքայախնձոր, ադամաթուզ, նուռ, թուզ, մանգո, ցիտրուսային՝ նարինջ, կիտրոն, մանդարին, թուրինջ և այլն, հատապտուղներ՝ հաղարջ, կոկռոշ, մորի, մոշ, ելակ, խաղող, լոռամրգի և այլն: Միրգն արժեքավոր սննդամթերք է: Պարունակում Է դյուրամարս ածխաջրեր՝ շաքարներ, օրգանական թթուներ, C և այլ վիտամիններ, հանքային աղեր (կալիումի, երկաթի, կալցիումի, ֆոսֆորի և այլն), պեկտինային և օրգանիզմի համար օգտակար այլ նյութեր: Ըստ պտղի տեսակի` այս նյութերի քանակը խիստ տատանվում է: Մեծ քանակությամբ C վիտամին են պարունակում մասուրը, չիչխանը, սև հաղարջը, կիտրոնը, նարինջը, խնձորի որոշ սորտեր: Միրգը (բանջարեղենի հետ) օրգանիզմը վիտամիններով ապահովող հիմնական աղբյուրներից է: Ավելի շատ կարոտին (A -նախավիտամին) պարունակում են ծիրանը, սալորը, մասուրը, չիչխանը և լոռամրգին, P վիտամին՝ մասուրը, ցիտրուսայինների պտուղները, սև հաղարջի ու սևապտուղ արոսենու հատապտուղները: Առավել շատ շաքարներ (գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ) պարունակում են խաղողը, թուզը, կոկռոշը, խուրման, ծիրանը, դեղձը, բալը, սալորը, խնձորը, սերկևիլը, նարինջը, մանդարինը: Օրգանական թթուներով (խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու) հարուստ են կիտրոնը, հաղարջը, լոռամրգին, կոկռոշը, հապալասը, սալորը, բալը, գետնամորին, մորին և շատ այլ պտուղներ ու հատապտուղներ: Օրգանական թթուներն ապահովում են մարսողության համար անհրաժեշտ թթվային հավասարակշռությունը: Շատ մրգեր՝ սերկևիլը, խնձորը, դեղձը, նարինջը և այլն, պարունակում են մեծ քանակությամբ պեկտինային (դոնդողացնող) նյութեր: Մրգերի հանքային աղերի արժեքը պայմանավորված է վիտամինների հետ դրանց նպաստավոր զուգակցությամբ: Հանքային աղերով (հիմնականում՝ կալիումի) առանձնապես հարուստ են ծիրանը, խաղողը, բալը, սալորը, կեռասը և այլն: Երկաթի աղեր առավել շատ պարունակում են խնձորը, տանձը, ծիրանը, դեղձը, սալորը, բալը, կեռասը և այլն: Սերկևիլի, տանձի, խնձորի, նռան, խուրմայի որոշ սորտեր, ինչպես նաև հապալասենու հատապտուղները հարուստ են աղաղանյութերով: Դրանք մրգերին տալիս են տտիպ համ և բարձրացնում նրանց մեջ C վիտամինի ակտիվությունը, նպաստում դրա յուրացմանը: Մրգի կեղևն ավելի շատ վիտամիններ է պարունակում, քան պտղամիսը, իսկ վերջինիս արտաքին շերտերը` ավելի, քան ներքինները: Հասած մրգերի սննդանյութերն ավելի հեշտ են յուրացվում: Միրգը (ինչպես և բանջարեղենը) նպաստում է օգտագործվող սննդի ավելի լավ յուրացմանը, խթանում է մարսողական գեղձերի գործունեությունը և կարգավորում օրգանիզմում մարսողական շարժընթացները: Շատ կարևոր է մրգի դերը բուժական և մանկական սննդում: Օգտագործելուց առաջ թարմ միրգն անպայման պետք է լվանալ հոսող ջրով՝ ախտածին միկրոօրգանիզմները և թունաքիմիկատների մնացորդները վերացնելու նպատակով: Թարմ միրգն ավելի արժեքավոր է, քան վերամշակվածը: Սակայն թարմ միրգը դժվար է պահել երկար ժամանակ, ուստի դրանց զգալի մասը վերամշակում են հատուկ գործարաններում կամ տանը: Պահածոյման ժամանակակից եղանակները հնարավորություն են տալիս պահպանելու մրգի գրեթե բոլոր արժեքավոր նյութերը: Տես նաև նշված ծառերի, թփերի, ծառաթփային բույսերի մասին հոդվածները:
|